Թալինում առաջադրվել են քաղաքապետի 8 և ավագանու 32 թեկնածուներ

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 16, 2012 13:22

Արագածոտնի մարզի Թալին քաղաքային համայնքի ղեկավարի օգոստոսի 5-ի արտահերթ ընտրություններում սահմանված ժամկետում` մինչև հուլիսի 15-ի ժամը 18-ը, առաջադրվել է 8 թեկնածու: Նրանցից 2-ը` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Վազգեն Խաչատրյանը և ՀՀԿ անդամ Ժորա Գրիգորյանը առաջադրվել են իրենց կուսակցությունների կողմից: Մյուս  6 թեկնածուները` ՀՀԿ անդամ Սարգիս Արամյանը և անկուսակցականներ Գագիկ Կարապետյանը, Տիգրան Հարությունյանը, Էդվարդ Գրիգորյանը, Վորոշ Խաչատրյանը, Գևորգ Եսայանը, առաջադրվել են ինքնաառաջադրման կարգով:

Ավագանու 11 տեղերի համար առաջադրվել է 32 թեկնածու: Այդ մասին «Փաստինֆո» գործակալության թղթակցին հայտնեց թ.15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Ասատրյանը:

Թեկնածուների գրանցման հարցը թ.15 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը կքննարկի հուլիսի 17-ի նիստում:

Նշենք, որ համայնքի ղեկավարը և ավագանին ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրական օրենսգրքի համաձայն, համայնքի ղեկավար կարող են ընտրվել 25 տարին լրացած, իսկ ավագանու անդամ` 21 տարին լրացած, ընտրություն անցկացվող համայնքի բնակչության ռեգիստրում մինչև քվեարկության օրը առնվազն վերջին 6 ամիսը հաշվառված, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության ժամանակ ընտրելու իրավունք ունեցող անձինք:

Նշենք նաև, որ Թալինի նախկին քաղաքապետ, հանրապետական Մնացական Մնացականյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցվել են` Ազգային ժողովի թ.15 ընտրատարածքից մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ի ընտրությունների արդյունքներով պատգամավոր ընտրվելու կապակցությամբ:

Դիտվել է 913 անգամ:
Print Friendly

Leave a Reply