ՊԵԿ-ը չի պատասխանում`«Սիվիլիթաս»-ում խախտումներ հայտնաբերվե՞լ են, թե՞ ոչ

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | July 16, 2012 13:18


«Սիվիլիթաս» հիմնադրամում Ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների ստուգումները շարունակվում են և հնարավոր է` դրանք երկարեն ևս տասը օր: Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի հիմնադրած «Սիվիլիաթաս»-ում հարկային ստուգումների ընթացքի և դրա արդյունքների վերաբերյալ Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից պատասխանել են հետևյալը.

««Սիվիլիթաս» հիմնադրամում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացվում է ՀՀ պետական բյուջեի հետ փոխհարաբերությունների և հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության առանձին պահանջների կատարման ճշտության ստուգում: Ստուգման ժամկետ է սահմանված 15 անընդմեջ աշխատանքային օր համաձայն «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի և փաստացի ստուգումը սկսվել է 2012թ հունիսի 28-ին: 2012թ-ի հուլիսի 13-ի դրությամբ «Սիվիլիթաս» հիմնադրամում ստուգում իրականացվել է ընդամենը 10 աշխատանքային օր: Այսինքն, ստուգումը դեռևս ավարտված չէ:

Անհրաժեշտությունից ելնելով, համաձայն վերը նշված օրենքի 4-րդ հոդվածի, ստուգման ժամկետը կարող է երկարացվել ևս 10 անընդմեջ աշխատանքային օրով, կամ ստուգման ժամկետը կարող է կասեցվել առանձին տեղեկություններ ճշտելու անհրաժեշտություն առաջանալու, կամ օտարերկրյա պետություններ հարցումներ կատարելու դեպքում:

Հետևաբար, հիմնադրամում խախտումներ հայտնաբերվել են, թե ոչ, կարող ենք ասել միայն ստուգման ավարտից հետո, որի վերաբերյալ կտրամադրվեն լրացուցիչ տեղեկություններ»:

Ավելի վաղ Panorama.am-ը տեղեկացրել էր, որ Հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը հայտարարել էր, որ պետկամուտների կոմիտեն աղաղակող փաստեր չի հայտնաբերել: «Եթե կան, ապա մենք դրա աղաղակը չենք լսել: Ըստ երևույթին, նորմալ է ամեն ինչ», ասել էր տիկին Ղազարյանը:

Դիտվել է 770 անգամ:
Print Friendly

Leave a Reply