Ամերիկյան ռազմաբազայում կրակահերթ իրականացրած մայորը չի ցանկացել Իրաք գործուղվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | November 6, 2009 13:18

Ամերիկյան բանակի մայոր Մալիկ Նիդալ Հասանը հրազենից կրակ է բացել Տեխասի Ֆորտ-Հուդ ռազմաբազայում. 13 մարդ սպանվել է, 30-ը վիրավորվել: Կրակողն ինքն էլ է վիրավորվել և այժմ գտնվում է հսկողության տակ:

Նախապես հայտարարվում էր, որ մայոր Հասանը սպանվել է, սակայն հետագայում այս լուրը հերքվեց: Ռազմաբազայի հրամանատար Բոբ Կոուն հայտարարել է, որ Հասանը ձերբակալված է, նա վիրավոր է, սակայն նրա վիճակը կայուն է:

Ըստ տվյալների, մայոր Հասանը մենակ է գործել, հանցագործության դրդապատճառները դեռևս հայտնի չեն:

Մայոր հասանը 39 տարեկան է, նա Տեխասի ռազմաբազայում է աշխպատել այս տարվա հուլիսից: Նախկինում նա 6 տարի ռազմական հոգեբան է աշխատել Վաշինգտոնի բժշկական կենտրոնում, որտեղ բուժվում են ռազմական գործողությունների ժամանակ վիրավորված զինվորները:

Մայոր Հասանը, ինչպես հաղորդում է BBC-ն, պետք է գործուղման մեկներ Իրաք, սակայն չէր ուզում: «Նա ռազմական փաստաբան էր վարձել` այդ հարցը լուծելու համար: Նա պատրաստ էր պետությանը վերադարձնել իր ուսման վրա ծախսած գումարը և թոշակի անցնել, միայն թե Իրաք գործուղման չմեկներ»,- հայտարարել է Հասանի հորեղբորորդին` Նադեր Հասանը:

Ֆորդ-Հուդ ռազմաբազան տեղակայված է Տեխաս նահանգի Կիլին քաղաքի կենտրոնում. այն ԱՄՆ-ի ամենամեծ ռազմաբազան է, այսետղ են ծառայում 40 հազար զինծառայողներ:

Դիտվել է 1641 անգամ:
Print Friendly

Leave a Reply