Էդուարդ Շարմազանով. «Հայաստանի դերը տարածաշրջանում մեծացել է»
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | Մարիա Կարաթորոսյան | November 6, 2009 15:46
«Եթե դեկտեմբերի 7-ին Թուրքիայի մեջլիսի արտաքին հարցերի հանձնաժողովը դրական եզրակացություն չտա հայ-թուրքական արձանագրություններին, ապա նույն օրը Վաշինգտոն մեկնող Թուրքայի վարչապետ Էրդողանին ոչ թե վատ կընդունեն, այլ ընդհանրապես չեն ընդունի»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ Հանրապետական խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Շարմազանովի համոզմամբ` թուրքական մեջլիսը վավերացնելու է Արձանագրությունները, քանի որ արտգործնախարար Դավութօղլուն, ով ներկայացնում է Թուրքիայի քաղաքականությունը, ստորագրել է այն: «Հո Դավութօղլուն Ստամբուլի Ժեկի պե՞տը չի. եթե Թուրքիան չէր վավերացնելու, Դավութօղլուն ինչո՞ւ ստորագրեց այն»,-ասաց նա:
Շարմազանովը հիշեցրեց, որ Հանրապետական կուսակցության համոզմամբ` ԼՂ հարցն ու հայ-թուրքական հարաբերությունները որևէ կապ չունեն, և այդ մասին հայտարարել են նաև Մինսկի խմբի համանախագահները:
Բանախոսի կարծիքով ` մոտ ապագայում Ղարաբաղի հարցը չի լուծվի, քանի որ դա բարդ ու երկարատև գործընթաց է: «Ղարաբաղը չի կարող ունենալ ավելի ցածր կարգավիճակ, քան ներկայում, հետևաբար չի կարող լինել Ադրբեջանի կազմում: Եվ Ղարաբաղն ավելի ժողովրդավարական է, քան նույն Ադրբեջանը»,- ասաց նա:
Անդրադառնալով թուրքական կողմից պարբերաբար հնչող հայտարարություններին, թե Հայաստանը պիտի դուրս գա իբր թե «օկուպացված» տարածքներից՝ ասաց, որ թուրք պաշտոնյաները թող խոսեն իրենց կողմից Կիպրոսի 37 տոկոսի բռնազավթման մասին:
Շարմազանովի համոզմամբ` բացի Ադրբեջանից, բոլոր պետությունները կողմ են արտահայտվել Հայաստանի նախագահի նախաձեռնողական քաղաքականությանը, իսկ Հայաստանի դերը տարածաշրջանում մեծացել է: Հանրապետական գործչի խոսքով՝ Հայաստանը տարածաշրջանում արդեն, կարելի է ասել, լիդեր է և միջնորդի դեր է ստանձնում Ռուսաստանի ու Վրաստանի հարաբերություններում` մասնավորապես Լարսի անցագրային կետի բացման համար:






Facebook
Tweet This
Email This Post
