Դեսպան Մանուկյանի այցը Սամցխե-Ջավախքի տարածաշրջան

Պաշտոնական, Օրվա լուր | | July 14, 2012 19:06

      Հուլիսի 13-ին Վրաստանում ՀՀ դեսպան Հովհաննես Մանուկյանը հերթական այցելությունն իրականացրեց Վրաստանի հայաբնակ Սամցխե-Ջավախքի տարածաշրջան: Այցելության ընթացքում կայացավ Հայաստանի դեսպանի և Սամցխե-Ջավախքի տարածաշրջանում Վրաստանի նախագահի նորանշանակ լիազոր (նահանգապետ) Իվանե Ծիկլաուրիի հանդիպումը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-վրացական հարաբերությունների օրակարգին առնչվող մի շարք հարցեր տնտեսական, սոցիալական և մշակութային բնագավառներում: Դեսպանն ու նահանգապետը մտքեր փոխանակեցին տարածաշրջանային տնտեսական ծրագրի, ենթակառուցվածքների շարունակական մոդեռնիզացման, սոցիալական ծրագրերի, ինչպես նաև ջավախահայության ազգային ինքնության պահպանությանն ուղված համատեղ քայլերի անհրաժեշտության մասին: Ձեռք բերվեց երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ սերտ համագործակցության վերաբերյալ պայմանավորվածություն:

    Նույն օրը դեսպան Մանուկյանը մասնակցեց Ախալքալաքի շրջանում` աշուղ Ջիվանու հայրենի Կարձախ գյուղում, վերանորոգված Սուրբ Կարապետ եկեղեցու դռնբացեքի հանդիսավոր արարողությանը: Հատկանշական է, որ մոտ 100 տարի չգործած այս եկեղեցին վերանորոգվել է կարձախցիների համատեղ ջանքերով, այդ թվում` գյուղի այն բնակիչների, ովքեր արդեն վաղուց հեռացել են իրենց հայրենի Կարձախից և այժմ բնակվում են Հայաստանի տարբեր վայրերում: Արարողությունը կատարվեց Հայ Առաքելական Եկեղեցու Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի գլխավորությամբ:

Դիտվել է 835 անգամ:
Print Friendly

Leave a Reply