Կովալենկո Շահգալդյանի համար անսպասելի էր իր տեղակալի ձերբակալությունը. Նա պարկեշտ մարդու տպավորություն էր թողել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 14, 2012 10:58

Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի համար իր տեղակալ Լեւոն Միքայելյանի ձերբակալությունը անսպասելի էր եւ անակնկալ: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց անձամբ մարզպետը` նշելով, որ հիասթափված է:

Կովալենկո Շահգալդյանը նշեց, որ Լեւոն Միքայելյանը միշտ պարկեշտ մարդու տպավորություն է թողել: Երկար տարիներ աշխատում էր որպես շարքային աշխատակից, այնուհետեւ` պաշտոնի բարձրացում է եղել եւ նշանակվել է մարզպետի տեղակալ: Մարզպետը երբեւէ որեւէ մեկի կողմից նրա հետ կապված ոչ մի բողոք ոչ ստացել է, ոչ լսել, այլապես ընթացք կտային:

Մեր տեղեկություններով` Լեւոն Միքայելյանը նախկինում «Օրինաց երկիր» կուսակցության անդամ էր, այնուհետեւ` անդամագրվել է ՀՀԿ-ին:

Նա ամուսնացած է, ապրում է Հրազդանում, ունի կին եւ երեխաներ: ԱԱԾ-ի աշխատակիցների կողմից նրա ձերբակալելու փաստը տեղի է ունեցել հենց մարզպետարանում հուլիսի 13-ին 10-11.00-ի սահմաններում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության մարմինների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հուլիսի 13-ին, դպրոցի տնօրենից 40.000 դրամ կաշառք ստանալու պահին ձերբակալվել է ՀՀ Կոտայքի մարզպետի տեղակալ Լեւոն Միքայելյանը: Վերջինս իր պաշտոնավարման ընթացքում, մարզի մի շարք միջնակարգ դպրոցների տնօրենների առջեւ ապօրինի պահանջ է դրել` պարբերաբար կաշառք վճարել դպրոցներում ստուգումներ չիրականացնելու եւ խնդիրներ ստեղծելու սպառնալիքի դիմաց: Փաստի առթիվ ՀՀ ԱԱԾ Քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն:

Դիտվել է 1011 անգամ:
Print Friendly

Leave a Reply