Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու “Օրանժ Արմենիա” ՓԲԸ -ի ղեկավարությունը քննարկել են համագործակցության ծրագրեր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 13, 2012 19:19


Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է “Օրանժ Արմենիա” ՓԲԸ գլխավոր տնօրեն Բրունո Դյութուայի հետ:
Կարևորելով քաղաքային տնտեսության մեջ կառավարման տեխնոլոգիաների ոլորտում իրականացվող բարեփոխումները` քաղաքապետը հատկանշել է քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցությունը:
“Մասնավորի հետ համագործակցության շրջանակներում արդեն իսկ ունենք հաջողված ծրագրեր։ Ողջունելի է փաստը, երբ առաջին անգամ քաղաքային տրանսպորտում Երևանի քաղաքապետարանի և “Օրանժ Արմենիա” ընկերության համատեղ պիլոտային ծրագրով տեղադրվեցին անվճար Wi-Fi համակարգեր”,-նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
Ծրագիրը շարունակելու և ընդլայնելու նպատակով` քաղաքապետի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել քաղաքային տրանսպորտում ներկայում տեղադրված 91 համակարգերի թիվը մինչև տարեվերջ հասցնել 255-ի:
Բրունո Դյութուան շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին համագործակցության համար և նշել, որ ընկերությունը հետագայում ևս ակնկալում է քաղաքապետարանի աջակցությամբ նոր համատեղ ծրագրեր կյանքի կոչել:
“Մենք բարձր ենք գնահատում Երևանի քաղաքապետարանի հետ համագործակցությունը, որի շրջանակում բազմաթիվ ծրագրեր ու հանրային միջոցառումներ ենք իրականացրել: Հետաքրքրված ենք նաև Ձեր նախաձեռնությամբ` այգիներում, պուրակներում և հանրային այլ վայրերում Wi-Fi համակարգերի տեղադրմամբ, ինչպես նաև պատրաստ ենք մասնակցելու քաղաքային այլ ծրագրերում”,-նշել է “Օրանժ Արմենիա” ՓԲԸ գլխավոր տնօրենը:
Տարոն Մարգարյանը շնորհակալություն է հայտնել պատրաստակամության համար և վստահեցրել, որ համագործակցությունը կկրի շարունակական բնույթ։ Քաղաքապետը նաև ընդգծել է Երևանում ներդրումային հետաքրքրություններ ունեցող տարբեր ոլորտներում ընկերության հետ փոխշահավետ համագործակցության հնարավորությունները և նշել, որ քաղաքապետարանն իր լիազորությունների շրջանակում պատրաստ է ու բաց քննարկելու համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ առաջարկներ:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 936 անգամ:
Print Friendly

Leave a Reply