Կլոր սեղան-քննարկում ցմահ դատապարտյալների հարցերի շուրջ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 13, 2012 16:52


Հայաստանում կա 105 ցմահ դատապարտյալ, ինչը բավականին մեծ թիվ է մեր երկուսուկես միլիոնանոց բնակչության պարագայում:
Այս մասին այսօր խոսվեց ու բարձրաձայնված խնդիրների մասին քննարկում տեղի ունեցավ գրողների միության տանը Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահի և մի շարք մտավորականների կողմից:
Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց, որ Հայաստանում ցմահ բանտարկվածների հետ կապված հարցը հասարակության կողմից լավ չի ընկալվում, և դա կարծես դարձել է տաբու, ու դրա մասին խոսելն էլ այդքան էլ հարմար չէ:
“Երբ խոսվում է ընդհանրապես կալանավորվածների մասին, ապա այստեղ ձևավորվել է մի կարծրատիպ մեր հասարակության մեջ, որ հանցագործների պայմանները պետք է վատ լինեն”,- ասաց Ավետիք Իշխանյանն ու հռետորական հարց ուղղեց, թե արդյո՞ք հասարակությունը վստահում է մեր դատաիրավական համակարգին կամ արդյո՞ք դատական համակարգի մարմինները բոլորի գործերը գիտեն, թե ով ինչի համար է նստած:
Ուստի Իշխանյանը կարևորեց այսպիսի քննարկումների կազմակերպումը` նշելով, որ այսպես գոնե կփորձենք հասարակական գիտակցության ու վերաբերմունքի մեջ մի բան փոխել այս հարցի հետ կապված, որն էլ կնպաստի համակարգում որոշակի փոփոխություններ իրականացնելուն:
Վիճակագրության համաձայն, եթեՀայաստանում կա 105 ցմահ դատապարտյալ, ապա Էստոնիայում, որ կրկին ունի 2.5 մլն բնակչություն, կա ընդամենը 36 դատապարտյալ, իսկ Սլովիակայում (կրկին 2.5 մլն բնակչություն)` 26 ցմահ դատապարտյալ:
Հայաստանի ցմահ դատապարտյալների 105 հոգանոց կազմը միատարր չէ. Կան տարբերություններ` սկսած տարիքային ցենզից մինչև դատվածությունների քանակը: Սակայն, դրանց միջև որևէ տարբերակում, ըստ մեր օրենսդրության, նախատեսված չէ: Ըստ ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչությունից ստացված տվյալների`105 ցմահ դատապարտյալներից 100-ի նկատմամբ դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ (նրանցից 38-ը նախկին մահապարտներ են, դատապարտվել են մինչև 2003 թ.-ը):
Քննարկման վերջում տեղի Ցմահ դատապարտյալների հարցերով զբաղվող նախաձեռնության խմբի անդամների կողմից տեղի ունեցավ ցմահ Դատապարտյալ Մհեր Յենոքյանի “Ես զրուցում եմ քեզ հետ, ՄԱՐԴ” գրքի ներկայացում-շնորհանդեսը, ինչպես նաև խոսվեց Ենոքյանի պատժի և նրա կարգավիճակի առնչությամբ արծարծվող խնդիրների մասին:

Վահե Մակարյան

Դիտվել է 1142 անգամ:
Print Friendly

Leave a Reply