Երևանը թուրք ռեժիսորի սրտում տեղ ունի

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 13, 2012 16:48


Երևանն իմ սրտում տեղ ունի: Այսպես անկեղծացավ այսօր լրագրևողների հետ հանդիպմանը թուրք կինոռեժիսոր Էնիս Ռըզան:
Արդեն մի քանի անգամ Երևանում եղած և բազմաթիվ հայ ընկերներ ձեռք բերած թուրք ռեժիսորը “Ոսկե ծիրանի”-ին կմասնակցի իր “Վերամշակելով կյանքը. աղբի մեջ Դոստոևսկի գտա” հետաքրքիր ֆիլմով:
Այն պատմում է մի մուրացիկ երեխայի մասին: Փողոցի երեխաներից մեկը` Օքթայը, մուրացկանի, հնահավաքի, աղբահավաքի մի խառնուրդ է, նույնիսկ սոսինձ քաշող, ով փող ու աղբ է հավաքում փողոցներում, եղել է նաև թերթավաճառ, փողոցի շների հետ նրանց բույնն է կիսել:
Օքթայի կյանքը Ստամբուլում փոխվեց ուսանողների հետ ունեցած պատահական հանդիպումների և այն փչացած գրքերի շնորհիվ, որոնք գտնում էր աղբարկղներում: Այդ գրքերից մեկն էլ գտնելով, որը Դոստոևսկու գրքերից էր, 20 տարեկանում ծանոթանում է ռուս մեծ գրողի արվեստին: Նա իր այդ գտած գրքերը կարդում էր և սկսում էր հավաքել արդեն իր համար: Այժմ Օքթայը հին և օգտագործված բազմաթիվ գրքերի խանութ ունի: Այս երիտասարդի` ոչնչից մարդ դառնալու պատմությունը հույսի և ըմբռնման փարոս է բոլոր նրանց համար, ովքեր պատրաստ են լսել:
Լիամետրաժ այս վավերագրական ֆիլմը Թուրքիայի արտադրության է և արժանացել է հետևյալ մրցանակներին` լավագույն վավերագրական ֆիլմ, Կորնթոսի ԿՓ, Հունաստան, 2011, լավագույն վավերագրական ֆիլմ, Բոստոնի թուրքական կինոյի փառատոն, ԱՄՆ, 2011:
Էնիս Ռըզան սոցիոլոգիա և բանասիրություն է ուսանել Անկարայի Հաչեթեփե համալսարանում: 1969-ին, “Երիտկինո” խմբի շրջանակներում սկսել է աշխատել վավերագրական և կարճամետրաժ կինոյի ասպարեզում: 1972-ին նրա երկու խաղարկային և երկու վավերագրական աշխատանքները զանազան արձագանքներ են գտել արտասահմանում ցուցադրվելուց հետո: Լուսանկարչությունը նրա հետաքրքրությունների մեկի ոլորտն է: Ցուցահանդեսներ է ունեցել ԱՄՆ-ում և Ֆրանսիայում: 70-ականներից սկսած` անընդմեջ վավերագրական ֆիլմեր է նկարում: 1987-ին հիմնել է VTR Film Directing-Research & Production կինոընկերությունը, որտեղ ռեժիսոր է` աշխատելով գործադիր պրոդյուսեր Նալան Սաքըզլըի հետ : 1196-ին մասնակցել է Թուրքիայի վավերագրողների ընկերակցության ստեղծմանը, վարչության խոսնակն ու նախագահն է:
Վահե Մակարյան

Դիտվել է 1007 անգամ:
Print Friendly

Leave a Reply