2010թ-ին ՀՀ Օմբուդսմենի աշխատակազմին կտրվի 10 մլն պակաս քան այս տարի

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 5, 2009 17:25

աՐՄԵՆ հԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ «ՀՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծով ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի համար հատկացվել է 125 մլն դրամ` 10 մլն դրամով պակաս, քան 2009թին: ՄԻ պաշտպան Արմեն Հարությունյանը, սակայն, այսօր ԱԺ մշտական հանձնաժողովներում շարունակվող բյուջետային քննարկումների ժամանակ հավաստիացրեց, որ բավարար մակարդակով կապահովեն իրենց գործունեությունը:

Նվազումները հիմնականում էներգետիկ, կապի ծառայությունների, ինչպես նաեւ արտասահմանյան գործուղումների գծով են. մասնավորապես արտասահմանյան գործուղումների համար նախատեսված ծախսերն այս տարվա համեմատ կրճատվել են մոտ 4 մլն դրամով: «Մեզ համար կարեւոր էր, որ ներքին գործուղումները չկրճատվեին»,-նշեց Հարությունյանը` ավելացնելով, որ 2010թ. կկարողանան Հայաստանի ամեն մարզ առնվազն մեկ անգամ այցելել:

Նրա խոսքով` մարզային այցելությունների շնորհիվ ավելացել են մարզերի բնակիչների կողմից ՄԻ գրասենյակին հասցեագրված դիմումները. եթե մոտ երկու տարի առաջ նրանց բողոքներն ընդհանուր թվի մեջ կազմում էին 10-12 տոկոս, ապա հիմա` 30-35 տոկոս: ՄԻ պաշտպանը, սակայն, մարզերի բնակչության հետ կապն ամրապնդելու համար կարեւորում է ռեգիոնալ կենտրոնների առկայությունը Գյումրիում, Վանաձորում եւ Գորիսում:

Հարությունյանը նշելով, որ գրասենյակից կադրերի արտահոսքը շարունակվում է ցածր աշխատավարձի պատճառով (միջին աշխատավարձը 119 հազ. դրամ է), միաժամանակ նշեց, որ ռեալ չէր լինի այսօր աշխատավարձի բարձրացման մասին խոսելը, «դա կլիներ պոպուլիզմ»: «Բայց եթե ճգնաժամը չլիներ, իհարկե, պետք է բարձրացնել»,-նշեց նա` ավելացնելով, որ իրենց դժվարություններն ընդհանուր են երկրի դժվարություններն են:

Դիտվել է 2436 անգամ:
Print Friendly

Leave a Reply