Պաշտպանը կոչ է անում չանտեսել քաղաքացիական հասարակությանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 13, 2012 13:08

Հունիսի 22-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունել է կառավարության ներկայացրած  օրենսդրական փոփոխությունների փաթեթը, որով նախատեսվում է Սևանա լճից ջրի բացթողման տարեկան ծավալը 170 միլիոն խմ-ի փոխարեն սահմանել 320 միլիոն խմ:

 

Այս կապակցությամբ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը հուլիսի 13-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում կոչ է արել   իրավասու բոլոր պետական մարմիններին որոշումների կայացման յուրաքանչյուր գործընթաց իրականացնել օրենքի անշեղ պահպանմամբ: Որպես օրենքի պահանջ հասարակության մասնակցության ապահովումն այս գործընթացներում իրականացնել հրապարակայնության, մատչելիության և թափանցիկության սկզբունքներին համապատասխան, ձևավորել քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ համագործակցության մշակույթ և հրատապ միջոցներ ձեռնարկել շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվությունը հասարակության համար անմատչելի դարձնող որոշումները և գործողությունները բացառելու ուղղությամբ:

 

Նշելով, որ պետական մարմինների և մի շարք բնապահպանական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ Պաշտպանի գրասենյակում կազմակերպված  կլոր սեղան-քննարկման  արդյունքում պարզ է դարձել, որ օրենսդրական նշված փոփոխությունների ընդունման գործընթացում հասարակական լսումներ չեն կազմակերպվել, և հետևաբար հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, ազդակիր համայնքին և հասարակության շահագրգիռ այլ անդամներին հնարավորություն չի ընձեռվել մինչ օրինագծի ընդունումը արտահայտել իրենց դիրքորոշումը և որևէ կերպ ակնկալել դրա ներառումն օրինագծում: Հաշվի չեն առնվել օրենքի փոփոխությամբ Սևանի ավազանի էկոհամակարգի վերաբերյալ բնապահպանների ահազանգերը:

 

Քննարկման բոլոր մասնակիցները կարևորել են  գյուղատնտեսական նշանակության հողատարածքների ոռոգումը և գյուղացիների համար եկամտի աղբյուրի ապահովումը:

 

Պաշտպանը հիշեցնում է, որ շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ հասարակայնության մասնակցության ապահովումը, որպես պետության պարտավորություն, նախատեսված է Օրհուսի 1998թ. կոնվենցիայով, համաձայն որի յուրաքանչյուր Կողմ ապահովում է հասարակայնության մասնակցությունը վաղ փուլում, երբ բաց են բոլոր տարբերակների դիտարկման հնարավորությունները, և հասարակայնության մասնակցությունը կարող է արդյունավետ լինել: «Անընդունելի է շրջակա միջավայրի վերաբերյալ որոշումների կայացման ժամանակ սահմանված ընթացակարգային կանոնների անտեսումը, որի արդյունքում խախտվում են շրջակա միջավայրի վերաբերյալ տեղեկատվության մատչելիության, որոշումների կայացման թափանցիկության, հանրային մասնակցության ապահովման սկզբունքները»,- նշվում է Կարեն Անդրեասյանի հայտարարության մեջ:

Դիտվել է 1156 անգամ:
Print Friendly

Leave a Reply