Օրանժը հավակնում է լինել թիվ մեկ օպերատորը Հայաստանում

Շաբաթվա լուր | | November 5, 2009 17:03

Այսօրվանից Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կգործի երրորդ` «Օրանժ» օպերատորը: «Մեր մուտքը Հայաստան և մեր դերակատարությունը Հայաստանի հեռահաղորդակցման ոլորտում կարևոր է նաև նրանով, որ մեր երկրների միջև կան հատուկ հարաբերություններ և Ֆրանսիայում կա մեծ հայկական համայնք»,-այսօր մամուլի ասուլիսում ասաց Օրանժ-ի գլխավոր տնօրեն և նախագահ Դիդիե Լոմբարը:

Մեկ տարի առաջ Հայաստանում գործունեություն ծավավելու արտոնագիր տալով Օրանժին` Հայաստանը դարձավ աշխարհի 31-րդ երկիրը, որտեղ գործում է այս օպերատորը: Այս ընթացքում Օրանժն արդեն Հայաստանում  կատարել է մոտ 90 մլն դոլարի ներդրում, ունի 300 աշխատակից:

Օրանժը հայտարարեց, որ սկսումէ  աշխատանքները Հայաստանի քաղաքների և գյուղերի մոտ 83 տոկոսանոց` 2G և 3G(տեսազանգ)ծածկույթով: Հայաստանում կգործի գերարագ ինտերնետ մինչև 7.2 մեգաբիթ վայրկյանում արագությամբ ինտերնետ, որը մոտ 13 0անգամ արագ է, քան Dial-up կապը:

«Այդ հզորությունը մենք կարող ենք ապահովել,- ասաց Օրանժ Արմենիա գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան,- մենք ունենք մեր սեփական մալուխը, որը Իրանով կապվում է Եվրոպայի և աշխարհի հետ»:

Նախագահ Լոմբարն ասաց, որ շուկայում գործող Վիվասել և Բիլայն օպերատորները լուրջ մրցակիցներ են. «Սակայն մենք ուզում ենք Հայաստանում դառնալ թիվ մեկ օպերատորը, և մեզ համար հեշտ չի լինելու մրցակցել նրանց հետ»:

Մինչև Օրանժի գործունեության մեկնարկը՝ մոտ 15 օր առաջ, հաճախորդները կարող էին Օրանժի կայքից նախապես պատվիրել  իրենց նախընտրած համարները: «Այս պահի դրությամբ մենք ունենք 70 000 հաճախորդ, որը ցույց է տալիս շուկայի հետաքրքրվածությունը մեր առաջարկած ապրանքի նկատմամբ»,-ասաց Օրանժ Արմենիա մարքեթինգի տնօրեն Արամ Մկրտչյանը:

Օրանժ-ի փոխնախագահ Օլաֆ Սուանտին ասաց, որ Հայաստանն իրենց համար հետաքրիքր շուկա է նրանով, քանի որ կա մոտ 80 տոկոսանոց ծածկույթ: «Սակայն մենք ուզում ենք փոխակերպել հեռահաղորդակցման շուկան Հայաստանում և դառնալ ամենասիրելի օպերատորը»,- ասաց Սուանտին:

Հայկական հեռահաղորդակցման ոլորտ մուտք գործելով` Օրանժն առաջարկում է բջջային` «Խոսենք», «Ամեն ամիս» և ինտերնետ ծառայությունների փաթեթները:

Այս պահին Օրանժի նորաբաց` Հյուսիսային պողոտայում գտնվող խանութում գոյացել է մեծ հերթ:

«Խոսենք»-ը կանխավճարային փաթեթ է, որտեղ գործող 4 սակագնային պլաններում բաժանորդը կարող է խոսել մեկ րոպեի դիմաց սկած 5 դրամից մինչև առավելագույնը 40 դրամ` դեպի այլ ցանցեր: Սակագների արժեքների մեջ մտնում է Օրանժի առաջարկած բոլոր ծառայությունները` սովորական զանգից մինչև տեսազանգ և ինտերնետ:

Հաշվեկշռի մնացորդը կպահպանվի` անկախ հաշվի վավերականության ժամկետից:

«Ամեն ամիս»-ը հետվճարային` բաժանորդային վարձի սկզբունքով փաթեթ է, սակայն բաժանորդային վարձ գոյություն չունի, և գումարը օգտագործվում է որպես խոսելաժամանակ:

Հաճախորդը կարող է օգտվել 4000-10 000 դրամ ամսական վճարով քարտերից, որտեղ կան բազմաթիվ այլ ծառայություններ: Այս փաթեթից օգտվելու դեպքում հաճախորդն իր նախըտրած հեռախոսը կարող է ավելի մատչելի գներով ձեռք բերել Օրանժի 37  խանութներից,  ունենալ 1000- 1500 րոպե անվճար խոսելաժամանակ Օրանժ ցանցի ներսում, կատարել անվճար տեսազանգեր:

Վիվասել և Բիլայն օպերատորները Օրանժ-ի մուտք գործելու նախօրեին շուկայում առաջարկել են փոփոխություններ իրենց սակագնային պլաններում:

Բիլայնն արդեն 2 օր է՝ գործածության մեջ է դրել «Քեզ համար էքսկլյուզիվ» սակագնային պլանը, որի գները բոլոր ուղղություններով մոտ 10 դրամով էժան է նախկին գներից: Իսկ Վիվասելում՝ «Մագնիս» սակագնային պլանում, որտեղ գործում էր 40 դրամ՝ մեկ րոպեի դիմաց բոլոր ուղղություններով. այժմ «Մագնիսի» ներսում կարելի է խոսել 10 դրամով:

Օրանժում մինչև նոյեմբերի վերջ կգործի նաև ռոումինգ ծառայություն` աշխարհի 135 երկրների հասանելիությամբ: Ընդ որում, ծառայությունն ակտիվացնելու համար դեպոզիտային գումար չի պահանջվում: «Իսկ այն երկրներում, որտեղ կան հայկական մեծ համայքներ, կլինեն հատուկ սակագներ»,-ասաց Լոմբարը:

Օրանժի ինտերնետ ծառայություններից կարելի է օգտվել «Ինտերնետ հիմա» սակագնային պլանից, որը ապահովում է շարժական գերարագ ինտերնետ`9000-20 000 ամսավճարով` 3-15 GB ծավալով: Դրա սպառվելուց հետո կարելի է օգտվել 128 KB վայրկյանում արագությամբ անսահմանափակ ինտերնետից: 12 ամսով այս պլանին բաժանորդագրվելու դեպքում «Ինտերնետ հիմա» մոդեմը Օրանժը հաճախորդին նվիրում է 1 դրամ սիմվոլիկ գումարով:

Գործում է նաև Ֆլայբոքս փաթեթը` 16 000- 32 000 ամսավճարով` 5-20 GB ծավալով: Այս փաթեթից օգտվելու դեպքում կարելի է միաժամանակ միացնել 40 համակարգիչ անլար կամ լարային ցանցով` 4 համակարգիչ: Այս պլանին միանալու համար պետք է ունենալ Ֆլայբոք սարքավորումը, որը փաթեթին 12 ամսով բաժանորդագրվելու դեպքում կարելի է ձեռք բերել 40 000 դրամով:

Օրանժն աշխարհում հեռահաղորդակցության ոլորտում առաջատար ընկերություններից` Ֆրանս Տելեկոմ խմբի հիմնական ապրանքանիշն է: Եվրոպայում երրորդ օպերատորն է: Ունի մոտ 126 մլն հաճախորդ:

Դիտվել է 2292 անգամ:
Print Friendly

Leave a Reply