Դեսպան Նազարյանի ելույթը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում

Պաշտոնական, Օրվա լուր | | July 13, 2012 11:52


Հուլիսի 12-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում տեղի է ունեցել քննարկում` նվիրված հետհակամարտության շրջանում խաղաղաշինության թեմային: ԱԽ-ն նշված թեմային անդրադառնում է տարեկան մեկ անգամ, որի ընթացքում քննության են ենթարկվում պատերազմներում ներքաշված երկրների ու հասարակությունների համար խաղաղաշինության ու վերականգնման գործընթացներն ու դրանց իրականացման մեխանիզմները` ներառյալ ՄԱԿ-ի խաղաղաշինության հանձնաժողովի աշխատանքները:
Նիստին մասնակցել և ելույթներով հանդես են եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը, կազմակերպության գրեթե երեք տասնյակ անդամ-պետությունների ներկայացուցիչներ, այդ թվում` ՄԱԿ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը: Հղում կատարելով աշխարհի տարբեր մասերում միջազգային փորձին` ՀՀ դեսպանը, մասնավորապես, նշել է, որ տնտեսական բնագավառում համագործակցության ծրագրերը կարող են համարվել վստահության ամրապնդման կարևոր միջոցառումներ անգամ այն պարագայում, երբ կողմերի միջև դեռևս ընթանում են կարգավորման շուրջ բանակցությունները:
Դեսպան Նազարյանն իր խոսքում նաև նշել է, որ Հարավային Կովկասը կարիք ունի դոնոր երկրների ու միջազգային ֆինանսական հաստատությունների համակարգված տարածաշրջանային նախաձեռնությունների ու աջակցության ծրագրերի` հարատև խաղաղության, ինչպես նաև կայուն զարգացմանը միտված ջանքերը խրախուսելու համար:

Դիտվել է 1169 անգամ:
Print Friendly

Leave a Reply