Հայաստանում մեծ սպառում ունի սառեցված մսամթերքը, մինչդեռ թարմ միսն ամրապնդել է իր գինը շուկայում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 15, 2012 16:38

   Այսօր մսամթերքի շուկայում մեծ սպառում ունի սառեցված մսամթերքը: Տեղական մսամթերքը չի բավականացնում շուկայում առկա պահանջարկը, և մեծ տոկոս է կազմում ներկրված մսամթերքի սպառումը: Մասնավորապես  մեծ է արտասահմանյան ծագման սառեցված մսամթերքի, այդ թվում նաև թռչնամսի, նրբերշիկների և երշիկների տարբեր տեսակների առաջարկը: Հիմնական խմբաքանակները ներկրվում են Բրազիլիայից, ԱՄՆ-ից և Հնդկաստանից, որոնց մեջ մեծ թիվ է կազմում կովի և ցլի միսը: Միայն այս տարվա մայիս ամսվա տվյալներով` Հայաստան է  ներմուծվել  2 մլն 434 հազար կգ սառեցված մսամթերք:

Տեղական և ներմուծված մսամթերքի գնի մեջ էական տարբերություններ կան, ինչն էլ մեծացնում է սառեցված մսամթերքի ներկրման պահանջարկը: Հայաստանում թարմ մսի 1 կգ-ի արժեքը եվրոպական այլ երկրների համեմատ կրկնապատիկ, նույնիսկ եռապատիկ էժան է, այնուամենայնիվ  մեր պարենային զամբյուղի և միջին աշխատավարձի հետ համեմատած` բավական թանկ արժե և շատ քչերին է հասանելի: Օրինակ` տեղական թարմ միսը վաճառվում է  2200-3800 դրամի սահմաններում: Եթե խոզի 1 կգ արժե 3600-3800 դրամ, ապա ներկրվածը` երկու անգամ էժան` 1800 դրամ:

Կոմիտասի (Մերգելյանի) և ԳՈՒՄ-ի մի քանի տաղավարների  հայտնի մսավաճառների հետ զրույցում տեղեկացանք, որ այս ամիսներին խոզի մսի վաճառքի ամենաթեժ շրջանն է, քանի որ սկսվել է հովեկների քաղաքից դուրս մեկնելու գործընթացը, որը հնամենի սովորության համաձայն` զուգակցվում է ավանդական խորովածի կազմակերպմամբ: Թե օրական քանի կգ խոզի միս է վաճառվում, մի քանի մսավաճառներ չկարողացան ստույգ ասել, բայց նշեցին միայն, որ նախորդ սեզոնների համեմատ` խոզի մսի իրացումն այս ամիսներին եռապատկվում է, և համեմատաբար նվազում է գառի մսի վաճառքը:

Իրացման մեջ մեծ թիվ է կազմում նաև արտասահմանյան սառեցված խոզի միսը` գնային առաջարկի մատչելի լինելու պատճառով: Մսամթերքի գնային քաղաքականությանը միջամտողները հենց իրենք` մսավաճառներն են, սակայն ոլորտի պատասխանատուները հակված են այն կարծիքին, որ մսամթերքի արտադրության և վաճառքի ոլորտում գրեթե անհնարին է  մենաշնորհային քաղաքականության իրականացումը. գնային ավելի բարձր առաջարկի դեպքում սպառողը պարզապես այն չի գնի և անմիջապես կողքին վաճառվող տաղավարից կգնի գնային առաջարկով իր համար ավելի հարմար տարբերակը:

Ինչ վերաբերում է սառեցված մսամթերքի այլ տեսակներին, ապա նշենք, որ հատկապես քաղաքի խոշոր սուպերմարկետներում դրանք երբեմն հայտարարված ակցիայի շրջանակներում իրացվում են իրական գնից անհամեմատ էժան` կասկածի և անորոշության մեջ գցելով սպառողին:

Քանի որ բավական մեծ է սառեցված մսամթերքի սպառման շուկան, ապա հարց է առաջանում, թե որքանով է այն անվտանգ մարդու օրգանիզմի համար և առհասարակ ճի՞շտ մեխանիզմով են  դրանք սննդի կետերում պահպանվում:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի մամլո խոսնակ Բաբկեն Պիպոյանը սառեցված մսամթերքի իրացման էժան գինը պայմանավորեց այն հանգամանքով, որ արտասահմանյան մսամթերքի ինքնարժեքը մեր երկրի համեմատ շատ ցածր է, ինչը պայմանավորված է արոտի, կենդանիների պահքի, աշխատուժի, կերի մատչելիությամբ և գրագետ մեխանիզմների կիրառմամբ: Մսամթերքի ինքնարժեքը ներկրելով չի ավելանում, ուստի տնտեսվարողները մսամթերքն իրացնում են անհամեմատ ցածր վրադիր տոկոսներով:

Ցանկացած ներկրվող մսամթերք տվյալ երկրում ենթարկվում է լաբորատոր փորձաքննության, այնուհետև պետական լիազոր մարմինը, միջպետական համաձայնագրից ելնելով, տալիս է  սերթիֆիկատ, որի համաձայն` պետությունը հավաստում է տվյալ մթերքի անվտանգությունը: Իսկ ինչ վերաբերում է սառեցման եղանակներին և դրանց անվտանգությանը, ապա Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչը հավաստիացրեց, որ սառեցված մսամթերքը  լիովին անվտանգ է առողջության համար, եթե սառեցումը ճիշտ մեխանիզմով է իրականացվում: Օգտակարության առումով, բնականաբար, այն չի կարող փոխարինել թարմ մսին, քանի որ  սառեցման գործընթացում որոշ օգտակար նյութեր ոչնչանում են, սակայն  անվտանգության գործոնն ավելի է կայունանում, քանի որ մանրէաբանական որոշակի ցուցանիշներ կան, որոնք խորը սառեցման ժամանակ պարզապես չեզոքանում են: Պիտանիության ժամկետի սահմաններում օգտագործվող սառեցված մսամթերքը չի կարող վտանգավոր լինել, եթե չի խախտվել սառեցման անհրաժեշտ ջերմաստիճանը: Յուրաքանչյուր սննդամթերքի վրա պարտադիր նշված է լինում սառնարանային պահպանման աստիճանը, որի ապահովման դեպքում մսամթերքը  լիովին անվտանգ է: Մսամթերքի Ժամկետայնությունը որոշում է արտահանող երկիրը` հիմնվելով անվտանգության համապատասխան եզրակացության վրա:

Իսկ հաճախակի կրկնվող ակցիաները, ըստ զրուցակցի, ունեն մեկ նպատակ` ժամանակին իրացնել պահեստավորված խմբաքանակը: Եվ այն կասկածները, որ դրանք հիմնականում ժամկետի սպառման ժամանակահատվածին մոտ գտնվող մթերքներն են, Բաբկեն Պիպոյանը բացառեց, նշելով. «Ակցիայում վաճառվող բոլոր սննդամթերքները ժամկետի մեջ են, քանի որ տնտեսվարողները հասկանում են, որ ակցիայի տակ գործող սննդամթերքն առանձին ուշադրության է արժանանում, ժամկետանցը կվնասի խանութի վարկանիշը: Եթե տեղական արտադրողը հնարավորություն ունի իր ապրանքը վերամշակելու ջերմային մեխանիզմով, ներկրված ապրանքն ուղղակի դառնալու է ժամկետանց: Ուստի այս պարագայում պետք է սպառողի զգոնությունը մեծանա, քանի որ պետական ոչ մի մարմին լիազորված չէ այս խնդրի վերահսկման համար»:

Նա խորհուրդ տվեց բոլոր սպառողներին անխտիր յուրաքանչյուր ապրանքատեսակը գնելուց առաջ մանրակրկիտ զննել և’ տվյալ ապրանքատեսակի բաղադրությունը,  և’ պահպանման ժամկետը, հատկապես սառեցված մսամթերքի պարագայում:

Լ.Ն

Դիտվել է 2691 անգամ:
Print Friendly

Leave a Reply