Հայկական նոր գինի, որ հայաստանյան գինեգործության մեջ նոր չափանիշներ է ուրվագծում

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 13, 2012 14:31

Նախորդ տարվա մարտ ամսին «Անկախն» անդրադարձել է սփյուռքահայ հայտնի գինեգործ, գործարար Վահե Քոշգարյանի գինեգործական գործունեությանը Հայաստանում և տեղեկացրել, որ շուտով հայկական շուկա մուտք կգործի բարձրորակ հայկական գինի, որը կարտահանվի եվրոպական երկրներ: Միայն հիշեցնենք, որ Վահե Քոշգարյանը հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանին առաջարկել էր նրա գնած խաղողի այգիների որոշ մասն օգտագործել գինեգործական նպատակներով: Էռնեկյանը թերահավատորեն էր վերաբերվել Հայաստանում բարձրակարգ գինի ստանալու հնարավորությանը, սակայն գինեգործը պատասխանատվությունն իր վրա էր վերցրել: Երկու ամիս անց, երբ Էռնեկյանը վերադարձել էր Հայաստան, գինին արդեն տակառներում էր: Էռնեկյանը համտեսել էր, և համն այնքան էր դուր եկել նրան, որ որոշել էր խաղողի այգիների մի մասը՝ մոտ 500 հա տարածք, օգտագործել գինեգործական նպատակով: Գործարանի կառուցումն ու գինու արտադրության ողջ պատասխանատվությունն իր վրա էր վերցրել Վահե Քոշգարյանը:

Եվ ահա, այս տարվա սկզբին հայաստանյան շուկա մուտք գործեց «Կարաս» կարմիր և սպիտակ չոր գինին, որը հայ գինեսերների կողմից շատ բարձր գնահատականի արժանացավ:

Գինին միջազգային չափորոշիչներով պետք է լինի չոր, սակայն Հայաստանում ավելի մեծ քանակով արտադրվում և սպառվում է կիսաքաղցր և քաղցր գինի: «Դա որակյալ գինի չէ,- ասում է գինեգործը,- հայաստանյան այսօրվա գինիների մեծ մասը եվրոպացին չի գնի»:

Ավելի պարզ բացատրելու համար կիսաքաղցր և քաղցր գինու որակը՝ նա պատկերավոր օրինակներ է բերում. «Ենթադրենք` դու մի շատ լավ ճաշ ես պատրաստում, սակայն մեջն այնքան շաքար կամ աղ ես լցնում, որ իսկական համը կորչում է: Կամ պատկերացրու՝ խորոված հավ ես պատրաստում, բայց մեջը շաքարավազ ես լցնում: Շաքարի «առավելությունն» այն է, որ գինու թերությունները կոծկում է»:

Քաղցր գինու միակ տեսակը, ըստ գինեգործի, աղանդերային գինին է, որը պատրաստվում է հատուկ աղանդերի համար, սակայն դա լրիվ այլ բան է և Հայաստանում չի արտադրվում: Նման գինի ստանալու համար օգտագործվում է բոլորովին այլ խաղող՝ չորացած և ջրազրկված: Տարբեր է նաև պատրաստման եղանակը: Նման հայտնի գինու տեսակներ կան Եվրոպայում:

Վահե Քոշգարյանը մտավախություն չունի, որ «Կարասը»՝ որպես չոր գինի, կարող է չընդունվել քաղցր և կիսաքաղցր գինի նախընտրող հայ հասարակության կողմից: Նա վստահ է, որ շատ հեշտ է սովորել չոր գինու համին, և մի քանի անգամ չոր գինի խմելուց հետո այլևս երբեք հնարավոր չէ վերադառնալ քաղցրին կամ կիսաքաղցրին:

Չնայած «Կարասի» հիմնական թիրախը արտասահմանյան շուկան է, այն ներկայացված է հայաստանյան շուրջ 40 ռեստորաններում և հայտնի սուպերմարկետներում: «Մեր սպասելիքներն ավելի քան արդարացան,- ասում է Քոշգարյանը:- Առաջին տարվա արտադրանքն արդեն վաճառված է, երկրորդ տարվանը հազիվ հերիքի մինչև տարվա վերջ: Առաջիկա բերքահավաքից կպատրաստենք մոտ 250 000 շիշ գինի, որը վաճառքի դուրս կգա 2013 թ.: Ընդլայնում ենք նաև գործարանը»:

Եվրոպական շատ երկրներում (Ֆրանսիա, Իտալիա, Անգլիա, Իռլանդիա, Բելգիա, Շվեցարիա և այլն) գինին արդեն հաճախորդներ ունի, ինչը, իհարկե, առաջին հերթին Վահե Քոշգարյանի 20-ամյա աշխատանքի ընթացքում ձեռք բերված գործընկերային հարաբերությունների արդյունք է: «Բացի երկարամյա համագործակցությունից,  մեր գինու նկատմամբ վստահությունն ու լրջությունն այլ գործոններ էլ են ապահովում. նախ` ունենք 500 հեկտար այգի, երկրորդ` մեր գինեգործը աշխարհահռչակ ֆրանսիացի գինեգործ Միշել Ռոլանն է, որը մեզ համար խորհրդատվություն է ապահովում և՛ համի, և՛ որակի, և՛ ոճի ու ներկայացման առումով: Երրորդ գործոնն այն է, որ Հայաստանը համարվում է ամենահին գինու գործարանն ունեցող երկիրը, ինչն օտարերկրացիների շրջանում մեծ հետաքրքրություն է առաջացնում հայկական գինու նկատմամբ»:

Վահե Քոշգարյանի համար կարևոր է, որ այդ հետաքրքրությունից շահեն բոլոր գինեգործական ընկերությունները: «Մեր նպատակն այն է, որ Հայաստանում հաջողություն ունենա ոչ թե մեկ գործարան, այլ բոլոր որակյալ գինեգործական ընկերությունները,- ասում է նա,- այս առումով կարևոր են կառավարության աջակցությունը և գինեգործական ընկերությունների համատեղ ջանքերը»:

Գինեգործը մատնանշում է Հայաստանի գինեգործական ոլորտում առկա խնդիրները.  չկան գինեգործական բարձրորակ ուսումնական հաստատություններ, չկան գինեգործներ և համապատասխան սարքավորումներ ու տեխնոլոգիաներ, չկա որակյալ հումք, չկան առաջխաղացման և տարածման գործիքներին տիրապետող մասնագետներ, և որ ամենացավալին է՝ գոյություն չունի գինի խմելու մշակույթ: «Վրաստանն այս առումով մեզանից մոտ տասն անգամ առաջ է, քանի որ այն, ինչ մենք հիմա ենք սկսում անել, նրանք սկսել է մոտ 10 տարի առաջ: Սակայն Վրաստանում դեռևս սովետական ժամանակներից մնացած բազա կար, և գինին կարևոր դեր ուներ նրանց մշակույթի ու կենցաղի մեջ»:

Այս առումով գինեգործն առաջին հերթին կարևորում է Հայաստանում գինի օգտագործելու մշակույթի ձևավորումը: Նա, օրինակ, առաջարկում է հայաստանյան հասարակական-պետական բոլոր միջոցառումների ժամանակ կիրառել գինի, ոչ թե, օրինակ, օղի:

Հայաստանում մեկ անձին տարեկան բաժին է ընկնում մեկ լիտր գինի, հետևաբար ընդհանուր հաշվով սպառվում է 2,5 մլն լիտր գինի: Եվրոպայում մեկ անձին բաժին ընկնող գինու քանակը տարեկան մոտ 40 լիտր է: «Եթե մենք նույնիսկ տարեկան թիվը 3 լիտրի հասցնենք, կառաջանա մեկ այլ խնդիր՝ խաղողի համապատասխան քանակի անհրաժեշտությունը»,- նշում է նա:

Այս պահին մի շարք գինեգործական ընկերությունների և կառավարության հետ համատեղ  իրականացվում է մի ծրագիր, որի նպատակը, ըստ Վահե Քոշգարյանի, «Wines of Armenia» բրենդի ստեղծումն է և դրա ներքո հայկական բարձրորակ գինու ներկայացումն արտերկրում: «Այդ բրենդի շուրջ կարող են համախմբվել այն հայկական գինեգործական ընկերությունները, որոնք կհամապատասխանեն որոշակի չափանիշների՝ մասնակցելով միջազգային ցուցահանդեսների և էքսպոների»:

Գինեգործը կարծում է, որ «Wines of Armenia»-ի լրջությունը պետք է գիտակցվի թե՛ կառավարության և թե՛ գինեգործական ընկերությունների կողմից, քանի որ դա առաջին հերթին երկիրը, մշակույթն ու գինեգործությունը ներկայացնելու մարքեթինգային լուրջ հնարավորություն է:

Նշենք նաև, որ հայկական գինեգործության զարգացումը ներառվել է կառավարության առաջնահերթ ծրագրերի մեջ, և այդ նպատակով մշակվում է գինեգործության ոլորտի զարգացման ռազմավարություն:

Դիտվել է 3326 անգամ:
Print Friendly

Leave a Reply