Հայաստանում բյուջեի մուտքերի մեծ տոկոսը կազմում են բիզնեսի անուղղակի հարկերը, իսկ զարգացած երկրներում` ուղղակի
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 12, 2012 16:10
Հայրենական ապրանք արտադրողների միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Սաֆարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց փոքր և միջին բիզնեսի խնդիրներից` տեղեկացնելով, որ Հանրային խորհրդում ֆինանսատնտեսական և բյուջետային հանձնաժողովի համանախագահությամբ ստեղծվել է մի խումբ, որը զբաղվելու է ոլորտի բարեփոխման հարցերով:
Խմբում ընդգրկված են մոտ 40 փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներ: Վերջերս Հանրային խորհրդում տեղի է ունեցել խմբի առաջին հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են բիզնեսի զարգացմանը խոչընդոտող խնդիրները: Ըստ Սաֆարյանի, դրանք առաջին հերթին վերաբերում էին ավելացված արժեքի հարկի մասին օրենքին, որի երրորդ հոդվածն, օրինակ, ենթադրում է, որ եթե ավելացված արժեքի հարկում չաշխատող ՓՄՁ-ները 100 հազար դրամից ավել պետական տուրք են մուծում, մեխանիկորեն տեղափոխվում են ավելացված արժեքի հարկ, արտոնագրային վճարներին և այլն: Հանրային խորհրդի նախագահի կողմից տրվել է հանձնարարական շարունակել հանդիպ-քննարկումները` ներառելով բիզնեսի բոլոր ոլորտների ներկայացուցիչներին: «Պետք է պայքարենք, որպեսզի օրենսդրական բարեփոխումներ իրականացվեն, ավելանան գերփոքր կազմակերպություններին տրվող արտոնությունները, Փոքր և միջին բիզնեսը տարածվի ողջ Հայաստանի տարածքում, կառավարությունը մեծ արտոնություներ տա սահամնային շրջաններում ՓՄՁ-ով զբաղվողներին,-թվարկեց բանախոսը:
Նրա կարծիքով, սահմանային շրջաններին տրվող արտոնությունները լավ հնարավորություն կտան արտադրությամբ զբաղվող այն գործարարներն, ովքեր տարբեր երկրներում կայացել են և պատրաստ են իրենց հայրենի գյուղում կազմակերպել փոքր և միջն բիզնեսի գործառույթներ` սկսած խալեգործությունից, կարպետագործությունից, տրիկոտաժի արտադրությունից:
Ընդհանրապես, Սաֆարյանը գտնում է, որ որոշակի արտոնություններ պետք է տրվեն այն ձեռներեցներին, ովքեր ապրանքային արտադրություն են կազմակերպում` չնայած որ ծառայություն մատուցելն ու առևտուրը երկրի ՀՆԱ-ի մեջ բավականին մեծ տոկոս են կազմում:
Վազգեն Սաֆարյանը Փոքր և միջին բիզնեսին խոչընդոտող խնդիրներից մեկն էլ համարում է վարկային միջոցների ներդրման անարդյունավետությունը. ի տարբերություն խոշոր բիզնեսմենների, որոնք ավելի մեծ հնարավորութուն ունեն վարկեր ներգրավելու, անգամ ունեն սեփական բանկեր, որոնց գումարներն օգտագործում են սեփական բիզնեսի համար, ՓՄՁ-ները վարկ ստանալու անդադար փնտրտուքի մեջ են: Բայց քանի որ նրանց ծավալները փոքր են, վարկային տոկոսները` բարձր, շահութաբերության աստիճանն էլ` խիստ ցածր, նրանց համար վարկ վերցնելը ձեռնտու չի լինում: Այս դեպքում, ըստ տնտեսագետի, պետք է պետությունը դոտացիա անի` վարկի որոշ տոկոսներն իր վրա վերցնելով:
«Հայաստանում Հարկային քաղաքականությունը կոշտ է և ֆիսկալ, հարկերը բավականին բարձր են,-ընդհանրացնում է Սաֆարյանը,-ավելացված արժեքի հարկը վաղուց պետք է իջներ 18 տոկոսի և մի բան էլ պակաս, մեր բյուջեի մուտքերի 50 տոկոսը միայն ավելացված արժեքի անուղղակի հարկերով է հավաքվում: Փաստորեն, մեզ մոտ անուղղակի հարկերը` ավելաված արժեքի հարկը, ակցիզային հարկը և մաքսատուրքը, միասին կազմում են 65 տոկոսից ավելին, իսկ զարգացած երկրներներում 80 տոկոսը կազմում են ուղղակի հարկերը` շահութահարկ, եկամտահարկ. հենց սա էլ արգելակում է տնտեսության զարգացումը»:






Facebook
Tweet This
Email This Post
