Մայրաքաղաքը արժանի է «Ոսկե ծիրանի» նման կինոփառատոնի

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 9, 2012 15:46

Ոսկե Ծիրան միջազգային 9-րդ կինոփառատոնի բացումն  հուլիսի 8-ին  ազդարարվեց  Համո Բեկնազարյանի «Շոր և Շորշոր» կատակերգությամբ, որը Հայաստանում նկարահանված նրա երրորդ ֆիլմն է: Կատակերգության հիմքում ընկած է նախահեղափոխական շրջանի հայ կատակերգակ Մուշեղ Բագրատունու պատմվածքը, որը գրվել է շատ ավելի վաղ, քան էկրանին կհայտնվեր դանիացի կատակերգական զույգը` Պատն ու Պատաշոնը: Ֆիլմը կարճահասակ Շորի (Համբարձում Խաչատրյան) և բարձրահասակ Շորշորի (Արամ Ամիրբեկյան) մասին է: Նրանց կերտած կերպարների անհավանական արկածներում աներևակայելի սրամտությամբ ծաղրվում է գյուղացիական սնոտիապաշտությունը:

Այս տարվա «Ոսկե ծիրանի» առանձնահատկություններից է այն, որ արդեն ավանդույթ դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագրերի կողքին ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից  Երևանը գրքի մայրաքաղաք հռչակելու առիթով փառատոնի շրջանակներում կներկայացվի ևս մեկ արտամրցութային ծրագիր` «Գիրք և կինո» խորագրով: Այս ծրագրում կընդգրկվեն հայ և համաշխարհային դասական ստեղծագործությունների էկրանավորումները: Կներկայացվեն Ալեքսանդր Շիրվանզադեի «Նամուս» (ռեժ. Համո Բեկնազարյան) և «Պատվի համար» (ռեժ.` Արտաշես Հայ-Արտյան), Գաբրիել Սունդուկյանի «Պեպո» և «Խաթաբալա», Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքի հիման վրա «Այս կանաչ, կարմիր աշխարհը», ինչպես նաև Հովհաննես Թումանյանի «Աղքատի պատիվը» (ռեժ.` Բագրատ Հովհաննիսյան) և «Տերն ու ծառան»  (ռեժ.` Դմիտրի Կեսայանց) ֆիլմերը, Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Ֆաուստ», Թոմաս Մաննի «Մահը Վենետիկում», Էմիլի Բրոնտեի «Մրրկոտ լեռնանցք» էկրանավորումները և այլն:

Բոլոր մրցութային ծրագրերի համար 44 երկրներից ներկայացված ավելի քան 1200 հայտերից ընտրվել է շուրջ 150 ֆիլմ, և այնպես է արվել, որ ամեն մարդ իր ճաշակին ու նախասիրություններին հարմար ֆիլմ գտնի: Ընտրված 65 ֆիլմ կներկայացվի «Խաղարկային», «Վավերագրական», «Կորիզ» (կարճամետրաժ ֆիլմեր) և «Հայկական համայնապատկեր» բաժիններում: Հայկական համայնապատկեր ծրագիրն այս տարի իր հերթին բաժանված է երկու` խաղարկային (կարճամետրաժ և լիամետրաժ) և վավերագրական ենթաբաժինների:

«Ոսկե ծիրանում» չեն մոռացել և չեն մոռանում հայ և համաշխարհային կինեմատոգրաֆիայի մեծերին: Եվ հենց դրա համար է նախատեսված «Հարգանքի տուրք» արտամրցութային ծրագիրը, որում այս տարի կնշվեն Յուրի Երզնկյանի, Ֆրունզե Դովլաթյանի և Անդրեյ Տարկովսկու հոբելյանները:

Փառատոնի ստեղծագործական թիմը չի անտեսել նաև հոգևոր արժեքները կինեմատոգրաֆիայի տեսանկյունից ըստ արժանվույն գնահատելու իրողությունը:

Այս տարի «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում պատմության մեջ առաջին անգամ կհանձնվի հատուկ մրցանակ հոգևոր, մշակութային և մարդասիրական արժեքների քարոզչության և համաշխարհային կինոարվեստում ունեցած նշանակալի ավանդի համար: Այս մրցանակը կրում է «Եղիցի լույս» անվանումը և սահմանված է Հայ առաքելական եկեղեցու կողմից` կաթողիկոսի գլխավորությամբ: Առաջին անգամ այս մրցանակին արժանանալու պատիվ կունենա  ռուս կինոռեժիսոր, Ռուսաստանի ժողովրդական արտիստ  Ալեքսանդր Սոկուրովը, որի ֆիլմը ներկայացվել է «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում:

Այս օրերին Երևանի փողոցներում հիրավի մեծանուն դեմքեր են շրջելու, և փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանը դիպուկ է նկատում, որ մայրաքաղաքը արժանի է նման կինոփառատոն ունենալուն:

Փառատոնի ողջ ընթացքն ու ֆիլմերի ցուցադրությունն իրենց ներկայությամբ պատվելու են հեղինակավոր ժյուրին` իր տաղանդավոր անդամներով և այս բնագավառի մի շարք պատվավոր կինոգործիչներ: Վերջիններիս կազմում են անվանի և հռչակավոր ռեժիսորներ Վիկտոր Կոսակովսկին, Ագնեշկա Հոլանդը և Վադիմ Աբդրաշիդովը: Այս տարվա «Ոսկե ծիրանի» պատվավոր հյուր է ճանաչվել վրացի անվանի կինոռեժիսոր Էլդար Շենգելայան:

Ներկայացուցչական է նաև ժյուրիի կազմը, որում իր պատվավոր տեղն ունի աշխարհահռչակ կինոռեժիսոր, Կաննի փառատոնի մրցանակակիր Վիկտոր Էրիսեն:

Կինոփառատոնը կշարունակվի մինչև հուլիսի 15-ը: Այս մեկ շաբաթվա ընթացքում կինոսերները հնարավորություն կուենան դիտելու հարյուրավոր ֆիլմեր, ներկա գտնվելու վարպետության դասերի, ինչպես նաև բազմազան միջոցառումների:

Փառատոնի փակումը կնշանավորվի ավստրիացի  կինոռեժիսոր Միխայիլ Հանեքեի «Սեր» ֆիլմով: Այս ֆիլմն արժանացել է Կաննի կինոփառատոնի գլխավոր մրցանակին և պատմում է ծեր ամուսինների մասին: Աննան և Ջորջը երջանիկ կյանք են ապրել միասին: Սակայն ծերության օրոք նրանց փորձություն է բաժին ընկնում: Աննան աստիճանաբար սկսում է մահանալ` ցնորվում է, ապա նաև կաթվածահար լինում: Ջորջը դեմ է կնոջը ծերանոց տանելուն, իսկ խնամակալների աշխատանքից էլ դժգոհ է: Ի վերջո սիրող և հոգատար ամուսինն ազատվում է աշխատանքից` կնոջը խնամելու համար: Նա սկսում է ապրել միայն հանուն իր սիրելիի` Աննայի:

 

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Դիտվել է 1906 անգամ:
Print Friendly

Leave a Reply