Դոնա Հայաստան

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | July 16, 2012 15:00

1996 թ. Ռուսաստանի և Հայաստանի հեռուստադիտողը էկրաններին տեսավ Արասի Բալաբանյանին` մեծ  հաջողություն գտած «Վերջին զոհը» հեռուստասերիալի գլխավոր դերակատարներից մեկին: Այդ ժամանակ արդեն 54-ամյա դերասանուհին բրազիլական հեռուստատեսության կենդանի լեգենդ էր համարվում:

Լույսի մայրը

Բրազիլական սերիալի ապագա աստղը ծնվել է 1942-ին Մատու Գրոսու-դու-Սուլ նահանգի Կամպու-Գրանդի քաղաքում: Նրա ծնողները` Ռաֆայել և Էսթեր Բալաբանյանները, փախստականներ էին Արևմտյան Հայաստանի Հաճն քաղաքից: Լատինական Ամերիկայի հեռավոր ափերին հայտնվել էին` Մեծ եղեռնից  փրկվելով: Օտար երկրում, առանց լեզուն հասկանալու, բացեցին կոշիկի խանութ և շուտով կարողացան տեղավորվել նոր վայրում: Ե՛վ Ռաֆայելը, և՛ Էսթերը նախկինում ամուսնացած եղել էին, ու երբ  ծնվեց Արասին, ընտանիքում յոթ երեխա կար նախորդ ամուսնություններից: Այդ ժամանակ արդեն Ռաֆայելի գործերը հաջող էին ընթանում, նա  մեծ հարգանք էր վայելում տեղի հայ համայնքում: Իրենց ութերորդ երեխային ծնողները որոշել էին անվանել Արաքսի համանուն գետի պատվին, սակայն որոշեցին հարգանքի տուրք մատուցել  նաև իրենց նոր հայրենիքին` Արաքսի անվան «ք» տառը հանելով. Հարավային Ամերիկայի տուպի -գուարանի հնդկացիական ցեղի լեզվով «արասի» նշանակում է «լույսի մայր»:

Ռաֆայելի սիրելի դերասանը

Սան Պաուլո տեղափոխվելուց հետո, որտեղ  երեխաները կարող էին լավ կրթություն ստանալ, 15-ամյա աղջիկն առաջին անգամ թատերական ներկայացում դիտեց Մարիա դելա Կոստայի մասնակցությամբ, տեսավ ու բռնկվեց բեմի երազանքով: Սակայն հայրը, որ դստերը տեսնում էր լուրջ սոցիոլոգի դերում, անհաղորդ էր նրա ոգևորությանը: «Դա գեղեցիկ մասնագիտություն է, սակայն  հարգանքի նվազ արժանի»,-  հայտարարեց նա դստերը: Մի քանի տարի անց աղջիկն ընդունվեց Սոցիալական գիտությունների համալսարանի փիլիսոփայության բաժին` զուգահեռ սովորելով տեղի Դրամատիկ արվեստի դպրոցում: Հակառակ հոր կամքի` 22 տարեկանում նա հաջողությամբ ավարտեց  այդ դպրոցը` թողնելով համալսարանում փիլիսոփայության երրորդ կուրսը:

Դիպլոմային «Մակբեթ»  և Բրազիլիայի կոմեդիայի թատրոնում Ժորժի Ամադուի պիեսի հիման վրա  բեմադրված «Բարոնի կմախքը» ներկայացումներում խաղացած դերերից հետո Արասիի մասին խոսեցին որպես երկրի  ամենախոստումնալից ու հեռանկարային դերասանուհիներից մեկը:

1964-ին նա առաջին անգամ հեռուստատեսությունում խաղաց Սոֆոկլեսի «Անտիգոնեում», որի համար արժանացավ տարվա լավագույն դերասանուհու կոչման, նաև  հեղինակավոր «Ռոքեթ Պինտու» թատերական մրցանակի արժանացավ: Սակայն այդ հաջողությունը հակառակ  երեսն էլ ուներ. Ռաֆայել Բալաբանյանն այդպես էլ չկարողացավ ներել դստեր թատերական կիրքը և կտրեց նրա հետ բոլոր հարաբերությունները: Հայր ու դուստր հաշտվեցին 1968-ին, երբ «Անտոնիու Մարիա» հեռուստասերիալում Արասիի  խաղընկերն էր Սերժիու Կարդոզուն, որով Ռաֆայելը հիացած էր: Այդ պահից սկսած` Ռաֆայելն իր դստեր ամենանվիրված  ու անդավաճան երկրպագուն էր:

Ծնողները մահացան այն ժամանակ, երբ Արասին փառքի գագաթնակետին էր: «Նրանց շնորհիվ ես դարձա այն, ինչ դարձա»,- խոստովանել է դերասանուհին:

Սխալ հայուհին

Արասի Բալաբանյանի մասնակցությամբ Գլոբո TV-ի ամենագլխավոր նախագծերից մեկը դարձավ 1990-ին նկարահանված «Մետաղի ջարդոնի թագուհին» հեռուստանովելը: Այն առանձնահատուկ համարելու առնվազն երկու պատճառ կա: Նախ` հեղինակն Արասիի վաղեմի բարեկամ Սիլվիու դե Աբրեուն էր, որի հետ  նա սովորել էր թատերական դպրոցում: Բացի այդ, նա վերադարձավ իր արմատներին: Բանն այն է, որ ըստ սցենարի` գլխավոր  դերում երեք որդիների մայրը Հունգարիայից գաղթած կին էր: Սակայն նկարահանումներից առաջ դե Աբրեուն Արասիին առաջարկեց խաղալ հայուհու: Այդտեղից էլ առաջացավ դոնա Հայաստանը: Այդ ժամանակ արդեն Արասին սովորել էր հայերեն գրել-կարդալ ու հասկացել, որ այլևս չի մոռանա  այն «լեզվի մեղեդին», որով խոսում էին իր ծնողները: Այդպես  բրազիլական հեռուստանովելի  հերոսուհին հայկական շեշտադրություն ստացավ. պորտուգալերենի-հայերենի խառնուրդով թարգմանության չենթարկվող արտահայտությունները դարձան դոնա Հայաստանի այցեքարտը:  Սակայն Արասիի  հեռուստատեսային հերոսուհին բրազիլական հայ համայնքի սրտովը չէր, որի հետ կապը ծնողների մահից հետո կտրվել էր: Շատերի կարծիքով` դոնա Հայաստանը`  էքստրավագանտ, իշխող բիզնես-լեդին, որը հսկում էր իր հասուն որդիների կյանքն ու խստորեն հաշվեհարդար տեսնում իր մրցակիցների հետ, չէր համապատասխանում հայ կնոջ իսկական կերպարին: Մի անգամ հարցազրույցի ժամանակ նրան է մոտենում մի  հայ տղամարդ և առանց քաշվելու ասում այն ամենը, ինչ մտածում է, նրան անվանելով հիմար ու անհարգալից դերասանուհի, որը ոչ մի պատկերացում չունի հայ կանանց մասին: Դա չխանգարեց, որ Արասին վերադառնար հեռուստասերիալ 2 տարի անց և խաղար «Թող Աստված օգնի» ֆիլմում` յուրօրինակ հարգանքի տուրք մատուցելով իր ծնողներին ու բոլոր  այն հայերին, որոնք  նոր կյանք են սկսել Բրազիլիայում:

Սեփական «ես»-ը

1995-ին Արասին կրկին խաղաց  դի Աբրեուի հորինած  մի հերոսուհու`  իշխող, սակայն նրբաճաշակ  իտալուհի Ֆիլոմենա Ֆերետոյի դերը հանրահայտ «Նոր զոհերում»: Հեռուստանովելը մեծ հաջողություն ունեցավ` նոր միտումներ նշանավորելով բրազիլական սերիալներում, որոնք զգալիորեն իրատեսական էին: Բրազիլիայում ֆիլմը 1995-1996-ի լավագույն սերիալ ճանաչվեց` արժանանալով  երկու պարգևի, իսկ Բալաբանյանը 1997-ին արժանացավ «Կնոջ հեռուստատեսային լավագույն դերի» մրցանակի: Բացի այդ, վերջապես նրա մասին իմացան Հայաստանում: Հեռուստադիտողը տիտղոսագրերում կարդաց գրեթե հայկական անուն ու ազգանուն: Ի դեպ, հեռուստատեսությունում առաջին իսկ օրից փորձել են համոզել նրան ազգանունը փոխել: Առաջարկել են կեղծանուններ` Բալաբաս կամ էլ Բալա.«Բայց ես Բալաբանյան եմ, դա իմ ես-ի մի մասն է»:  Դերասանուհին համառում էր: Ընդ որում, կաթոլիկ Բալաբանյանը չէր մոռանում հիշեցնել, որ հայերը աշխարհում  քրիստոնեությունը  որպես պետական կրոն ընդունած  առաջին ազգն են. «Իմ մասնագիտության մեջ հավատը հատկապես կարևոր է, որտեղ ամենուր մեզ հետ ոտք է գցում սնափառությունը»:

Հ.Գ.Արասի Բալաբանյանն այդպես էլ իր ընտանիքը չստեղծեց, երեխաներ չունեցավ. դերասանական մասնագիտությունը փոխարինեց ամեն ինչին: Ընդ որում, նա իր անձնական կյանք թույլ չի տալիս ներխուժել լրագրողներին` ասելով միայն, որ ինքը «երեք մեծ սիրավեպ է ունեցել»: Ովքեր են նրա ընտրյալները` ոչ ոքի հայտնի չէ: «Ես նրանցից և ոչ ոքի հետ չեմ ապրել, քանի որ կարծում եմ` ընտանիքը սպանում է բոլոր զգացմունքները»,- բացատրում է նա: Սակայն մեծ ընտանիքում մեծացած դերասանուհին միայնակ չէ: Նա բազում զարմիկներ ունի, նրա տանը միշտ  բարեկամներն ու ընկերներն են: Այսօր Արասին շարունակում է աշխատել: Նա երբեք հայացքը չի գցում դեպի հեռու ապագան, ապրում է այսօրվա օրով, զբաղվում նրանով, ինչի համար, սեփական համոզմամբ,  եկել է աշխարհ:

 Ըստ «Ереван» ամսագրի

Դիտվել է 2051 անգամ:
Print Friendly

Leave a Reply