Շեղված վարքագիծ հասկացությունն ու դրա հաղթահարման ուղիները

ԿՐԹԱԿԱՆ, Շաբաթվա լուր | | July 18, 2012 15:37

Մեզանից յուրաքանչյուրն ամեն օր բախվում է սոցիալական անցանկալի վարքագծի տարբեր դրսևորումների` հարբեցողության, թմրամոլության և այլ վնասակար սովորույթների: Նման հիմնախնդիրներով զբաղվող մասնագետները տարիներ շարունակ փորձում են գտնել հետևյալ հարցերի պատասխանները. ինչու՞ են մարդիկ խախտում սոցիալական նորմերը, ինչու՞ որոշ գործողություններ համարվում են շեղված, իսկ ուրիշները` ոչ, որո՞նք են այդպիսի վարքագծի պատճառները, ի՞նչն է մարդուն ստիպում նորից ու նորից վնաս պատճառել իրեն ու շրջապատող մարդկանց, ինչու՞ որոշ անհատների վարքագիծն անվանում են շեղված, երբ նրանք, ըստ էության,  կատարում են նույն գործողությունը, ինչը և մյուս անհատները, սակայն նրանց հաջողվում է խուսափել պատժից, իսկ մյուսներին` ոչ:

Շեղված վարքագիծ է համարվում հասարակության անդամների մեծամասնության կողմից դատապարտելի և անթույլատրելի համարվող վարքագծային շեղումը սոցիալական նորմերից: Սոցիալական նորմն իր արտացոլումն է գտնում օրենքներում, սովորույթներում, ավանդույթներում, այսինքն` այն ամենում, ինչը հաստատապես մտել է կենցաղ, բնակչության մեծամասնության կենսակերպ, պաշտպանվում է հասարակական կարծիքով և «բնական կարգավորիչի» դեր է խաղում հասարակական և միջանձնային հարաբերություններում:

Միևնույն վարքագիծը մի խմբի կողմից կարող է դիտարկվել որպես շեղում, իսկ մյուսի կողմից` որպես վարքագծային նորմ: Առավել ևս, շատ բան կախված է սոցիալական համատեքստից, որտեղ նկատվում է նման վարքագիծը: Օրինակ` ալկոհոլամոլի կամ թմրամոլի համար իր կարգավիճակում գտնվող անձը նորմալ կյանք է վարում: Մարդկանց մեծամասնությունը շեղված վարքագիծը դիտում է որպես վատ, սոցիալական խնդիրների աղբյուր հանդիսացող վարքագիծ: Այդպիսի գնահատականի պատճառը բացասական կամ քայքայիչ հետևանքներն են, որոնք առաջ են բերում նոր շեղումներ:

Մինչդեռ շեղված վարքագիծն ունի նաև դրական հետևանքներ սոցիալական կյանքի համար: Ֆրանսիացի սոցիոլոգ Էմիլ Դյուրկհեյմը պնդում է, որ շեղված վարքագիծը դրական ու գործառութային դեր է խաղում հասարակության կյանքում, քանի որ շեղված վարքագծով անձի պատժումը նպաստում է այն բանի սահմանների գիտակցմանը, ինչը համարվում է  թույլատրելի վարքագիծ, և կատարում է հասարակության բարոյական կարգին մարդկանց նվիրվածությունը հաստատող գործոնի դեր:

Տարբեր մշակույթների համեմատումը ցույց է տալիս, որ միևնույն գործողությունը մի հասարակությունում ընդունելի է, իսկ մյուսում` ոչ: Վարքագիծը շեղված բնորոշելը կախված է ժամանակից, տեղից և մարդկանց խմբից: Օրինակ` ժամանակակից հագուստը և եվրոպական կնոջ բաց դեմքն անթույլատրելի է մի շարք ավանդապահ մահմեդական երկրներում: Այս օրինակը, թերևս, ցույց է տալիս, որ շեղումները չեն կարող լինել մարդկային վարքագծի օբյեկտիվ բնութագրեր: Հասարակությունն է որոշում, թե որ վարքագիծը համարել շեղված, որը` ոչ: Իսկ դա նշանակում է, որ այնպիսի վարքագծի դրսևորումներ, ինչպիսիք են սպանությունը, գողությունը, սեռական ոտնձգությունը, հարբեցողությունը, թմրամոլությունը, մոլեխաղերը, չեն կարող տեղ գտնել հասարակությունում, քանի որ դրա վերջնական «արդյունքը» բանտերում և մեկուսարաններում պահվող քաղաքացիների թվաքանակն է:

Շեղված վարքագծի հիմնական ձևերի շարքն են դասվում հարբեցողությունը (ալկոհոլամոլությունը), թմրամոլությունը, հանցավորությունը, ինքնասպանությունը, մարմնավաճառությունը, արվամոլությունը, աղանդավորությունը, որոնք այս կամ այն չափով սոցիալական տեսանկյունից դատապարտելի են, նաև հանցավոր տարրեր են պարունակում:

Շեղված վարքագծով անձանց առանձին կատեգորիա են անչափահասները, որոնք ավելի դյուրազգաց են հանցավոր տարրերի նկատմամբ և ավելի շուտ են կրում դրա բացասական կնիքը: Շեղված վարքագծով անչափահասների ժամանակին հայտնաբերումն ու նրանց հետ համապատասխան նախականխիչ աշխատանքի իրականացումը դրականորեն կարող են ազդել նրանց ապագայի վրա: Այդ բացասական միտումների և դրանց պատճառների բացահայտումը պետական կարևորության խնդիր է, որոնց լուծումից է կախված ամբողջ հասարակության ճակատագիրը:

Արդի սոցիալ-քաղաքական և տնտեսական վերափոխումների պայմաններում, երբ անչափահասների շեղված վարքագծի տարբեր դրսևորումներ կան, պահանջվում է այդ խնդրի լուծման համալիր մոտեցում: Այսօրվա դրությամբ անչափահասների շեղված վարքագծի հիմնախնդիրը, նրանց բարոյական անկումը և որոշ դեպքերում նրանց անհնազանդությունը չեն կարող անուշադրության մատնվել: Դրա վրա ազդում են վատ սոցիալական շրջապատի գործոնը, ապրուստի սոցիալական և նյութական պայմանները և այլն: Հարբեցողության, թմրամոլության, հանցավորության հետևանքով որոշ ժամանակ անց մենք այդ նույն անչափահասներին տեսնում ենք արդեն մեղադրյալի աթոռին:

Կարծում ենք, որ անչափահասների շեղված վարքագծի հաղթահարման ուղիներ կարող են լինել հետևյալները.

  • Ուսումնական գործընթացի ժամանակ անչափահասների վրա մշտական ուշադրություն դարձնելը, մասնավորապես` խոսել նրանց առօրյայի մասին,  խորհուրդ տալ ազատ ժամանակն օգտագործել արդյունավետ ու օգտակար նպատակների համար:
  • Ուսումնական հաստատությունների, ինչպես նաև իրավական և սոցիալական հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունների կողմից հաճախակի հավաքների, սեմինար-քննարկումների, նաև գիտաժողովների կազմակերպումը` նվիրված հասարակության մեջ քաղաքացիների դերակատարությանը, նրանց կողմից վարքագծի դրսևորումներին և այլն:
  • Հաշվի առնելով այն հանգամանքը, որ անչափահասները հաճախ շեղվում են ճիշտ վարքագծից զբաղմունքի բացակայության պատճառով, առաջարկվում է հատկապես ավագ սերնդի ներկայացուցիչների կողմից նրանց աշխատանքն ու ազատ ժամանցը հնարավորինս հետաքրքիր ու բովանդակալից կազմակերպել:

 

 

Ավետիք  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 4305 անգամ:
Print Friendly

Leave a Reply