Արտաշատ

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 18, 2012 7:00

Արտաշատ մայրաքաղաքը հիմնադրել է հայոց Արտաշես Ա Աշխարհակալ արքան (մ.թ.ա. 189-160), մ.թ.ա. II դարի III տասնամյակում: Արտաշատի կառուցման մասին գեղեցիկ ավանդություն են հաղորդել հույն պատմիչները: Պունիկյան առաջին պատերազմում պարտվելուց հետո Կարթագենի հզոր զորավար Հաննիբալը ապաստանում է հայոց արքայի մոտ: Երբ Արտաշես Առաջինը, ավարտելով հայոց հողերի միավորումը, ցանկանում է իր երկրի կենտրոնում նոր մայրաքաղաք կառուցել, Հաննիբալը նրան խորհուրդ է տալիս մայրաքաղաքը կառուցել Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում սփռված ինը բլուրների վրա: Այն գտնվում էր Հայաստանի սրտում` Այրարատ նահանգի Ոստան գավառում: Կարթագենցին նաև քաղաքի նախագծողն ու հատակագծի հեղինակն էր. նա հայոց մայրաքաղաքը նախագծում է հայոց թագուհու` Սաթենիկի աչքի նմանությամբ: Կառուցելով մայրաքաղաքը` Արտաշես Առաջինն այնտեղ տեղափոխեց հին մայրաքաղաք Երվանդաշատի բնակչությունը: Ծաղկման շրջանում Արտաշատն ուներ ավելի քան 100.000 բնակչություն, որ պատկառելի թիվ էր այն ժամանակների համար: Արտաշեսը Երվանդաշատի բնակչության հետ մեկտեղ այնտեղից նոր մայրաքաղաք տեղափոխեց նաև հայոց աստվածների բագինները և նրանցով զարդարեց մայրաքաղաքի տաճարները:

Արտաշես Առաջինն իր գահակալման ընթացքում այլ քաղաքներ էլ է կառուցել. Զարեհավանը, Զարիշատը, որոնք անվանակոչել է իր հոր պատվին:

Արտաշատի մոտ մի քանի կամուրջներ կային` գետանցման նպատակով: Դրանցից նշանավորը Տափերական կամուրջն էր:

Որքանով է հավաստի Հաննիբալի մասնակցությունը Արտաշատի կառուցմանը` հարց է: Փաստ է, սակայն, որ հռոմեացի պատմիչներն իրենց երկերում Արտաշատը հիշատակելիս հաճախ այն անվանում էին «Հայկական Կարթագեն»:

Արտաշատը մեծ շեն քաղաք է եղել` շրջապատված այգիներով ու արվարձաններով: Բուն քաղաքում հայոց արքաները ոչինչ չեն խնայել շքեղություն ու ճոխություն ապահովելու համար: Քաղաքը շրջապատված էր ամրակուռ պարիսպներով ու ամրություններով: Քաղաքի կենտրոնում` բլրի վրա, գտնվում էր միջնաբերդը` արքայական պալատով, Խոր վիրապի նշանավոր զնդանով, ապարանքներով, աշխարհիկ ու հոգևոր շինություններով: Աչքի էր ընկնում քաղաքի հովանավոր Անահիտ աստվածուհուն նվիրված շքեղ տաճարը: Միջնաբերդը բուն քաղաքից տարանջատված էր երկշերտ բարձր պարիսպներով:

Քաղաքում զարգացած էին բոլոր հաղորդակցությունները. շատ էին ջեռուցվող բաղնիքները: Բայց առանձնակի շուք ուներ Արտաշատի թատրոնը: Ուսումնասիրողներից շատերը Արտաշատի թատրոնի կառուցումը վերագրում են Տիգրան Բ Մեծի հաջորդին` Արտավազդ Բ հայոց արքային (մ.թ.ա. 55-36), սակայն որևէ հիմք չկա բացառելու, որ դեռ Արտաշես Առաջինի օրոք Արտաշատում արդեն թատրոն է եղել: Համենայն դեպս, մ.թ.ա. 53 թ. հայոց Արտավազդ Բ և պարթևաց Որոդես Արշակունի արքաների ներկայությամբ Արտաշատի թատրոնում ցուցադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը:

Արտաշատը Արտաշես Առաջինի հաջորդների` Արտավազդ Ա, Տիգրան Ա արքաների օրոք էլ հայոց մայրաքաղաքն էր: Միայն Տիգրան Բ Մեծ արքան (մ.թ.ա. 95-55), անցնելով արտաքին նվաճումների և հիմք դնելով հայոց աշխարհակալության, իր տերության աշխարհագրական կենտրոնում հիմնադրեց Տիգրանակերտ մայրաքաղաքը:

Զրկվելով մայրաքաղաքի կարգավիճակից` Արտաշատը շարունակեց զարգանալ և բարգավաճել: Այնտեղ էր գտնվում հայոց թագավորության գանձարան-փողերանոցը: Արտաշատում հատված դրամները միջազգային մեծ շրջանառություն ունեին: Արտաշատում թողարկված դրամների մի երեսին գրված էր «Արտաշատ մայրաքաղաք», իսկ հակառակ երեսին քաղաքի պահապան աստվածությունն էր պատկերված` Աստվածամայր Անահիտը:

Արտաշատում էր գտնվում նաև գիտության և մշակույթի աստված Տիրի տաճարը` ոսկեձույլ արձանով:

Արտաշատը մայրաքաղաք լինելուց զատ նաև առևտրական, տնտեսական խոշոր կենտրոն էր: Այն գտնվում էր միջազգային տարանցիկ առևտրական ուղիների խաչմերուկում: Արտաշատը չէր շրջանցում նաև Մետաքսի ճանապարհը: Հնագիտական պեղումների ժամանակ գտնված օտար ծագմամբ առարկաներն ու դրամները վկայում են, որ Արտաշատը միջազգային առևտրական մեծ հանգրվան է եղել:

Բացի այդ, քաղաքամայրը գտնվում էր Արարատյան դաշտում, որտեղ բոլոր պայմանները կային երկրագործության զարգացման համար:

Արտաշատում արտադրված շատ ապրանքներ գտնվել են աշխարի տարբեր ծայրերում: Դա խոշոր առևտրաշրջանառության, ինչպես նաև զարգացած արհեստագործության և առևտրի վկայություն է: Հենց Արտաշատում ու հետագայում ոչ հեռու կառուցված Դվինում էր կատարվում հռչակավոր որդան կարմիրի արտադրությունը:

Մ.թ.ա. 66 թ. Տիգրան Բ Մեծի և հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոս Մեծի միջև կնքված Արտաշատի հաշտության պայմանագրից հետո քաղաքը կրկին դարձավ հայոց թագավորության մայրաքաղաք:

Մ.թ.ա. 58 թ. հայ-հռոմեական պատերազմի ժամանակ հռոմեացի զորավար Կորբուլոնը գրավեց Արտաշատը և պատճառաբանելով, թե այնտեղ մեծ կայազոր չի կարող պահել, կողոպտեց և ավերեց այն: Սակայն շուտով հայոց արքա Տրդատ Ա Արշակունին (54-88) Հռադեայի դաշտում ծուղակ պատրաստեց և ջախջախելով գերի վերցրեց ողջ հռոմեական բանակը, հռոմեացիներին անցկացրեց նվաստացման լծի տակով և ազատագրեց մայրաքաղաքը: Նա Հռոմի հետ հաշտությունից հետո հռոմեական փողերով վերակառուցեց Արտաշատը: Ի նշանավորումն հայ-հռոմեական հաշտության` Արտաշատը կարճ ժամանակով անվանափոխվեց Ներոնեա` ի պատիվ Հռոմի Ներոն կայսեր:

114 թ. հռոմեական զորքերը Տրայանոս կայսեր գլխավորությամբ դարձյալ գրավեցին Հայաստանն ու մայրաքաղաք Արտաշատը: Սակայն շատ չանցած` Հայաստանն ապստամբեց և թոթափեց հռոմեական լուծը:

163 թ. կրկին հռոմեական զորքերը գրավեցին Արտաշատը, սակայն շատ չանցած այն ազատագրվեց:

Որպես մայրաքաղաք Արտաշատն ամենաերկարակյացն էր հայոց մայրաքաղաքների մեջ: Միայն Արշակունիների թագավորության շրջանում (64-428) կարճ ժամանակով մայրաքաղաքի դերն անցավ Վաղարշապատին, ապա վերջնականապես Դվինին:

IV դարում Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատից: Քաղաքի մոտ ճահճուտներ էին առաջացել, որոնք աղտոտում էին օդը: Հայոց Խոսրով Գ Կոտակ Արշակունի թագավորն (330-338) այդ պատճառով որոշեց մայրաքաղաքը և արքունիքը տեղափոխել այլ վայր և Արտաշատից ոչ հեռու գտնվող բլուրների վրա կառուցեց նոր մայրաքաղաք` Դվինը:

368 թ. Արտաշատը գրավեց և ավերեց պարսից արքա Շապուհ Բ Երկարակյացը (309-397): Սա կործանարար հարված էր: Ճիշտ է, շատ չանցած քաղաքը մասամբ վերականգնվեց, բայց արդեն բռնել էր անկման ուղին:

V դարի կեսերին Արտաշատը, չնայած մայրաքաղաք չէր, սակայն Հայաստանի կենտրոնական քաղաքներից մեկն էր համարվում: 449 թ. հենց Արտաշատում հավաքվեցին հայոց հոգևորականները Հովսեփ Վայոցձորեցի կաթողիկոսի գլխավորությամբ և պատասխանեցին պարսից Հազկերտ Բ արքայի` կրոնափոխության մասին հայերին ուղղված նամակին:

Արտաշատի անկումն ու կործանումը եղավ V դարի վերջում, իսկ երկու հարյուրամյակ անց երբեմնի շեն ու գեղեցիկ մայրաքաղաքը հիշատակվում էր որպես գյուղ:

 

Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ

Դիտվել է 7426 անգամ:
Print Friendly

Leave a Reply