Բացի նոտարից, էլ ովքե՞ր իրավունք ունեն վավերացնելու կտակը

ԻՐԱՎՈՒՆՔ, Շաբաթվա լուր | | July 19, 2012 12:00

 Քաղաքացիական օրենսդրության համաձայն՝ կտակ է համարվում քաղաքացու մահվան դեպքում նրան պատկանող գույքի տնօրինման վերաբերյալ նրա կամքի արտահայտությունը: ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1205 հոդվածի առաջին մասի համաձայն՝ կտակը վավերացնում է նոտարը «Նոտարիատի մասին» օրենքով սահմանված կարգով: Սակայն կյանքում չեն բացառվում այնպիսի դեպքեր, երբ քաղաքացին օբյեկտիվ կամ սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ չկարողանա այդ կտակը վավերացնել նոտարի մոտ ու այստեղ խնդիր է առաջանում այն վավերացնելու հետ կապված: ՀՀ քաղաքացիական օրենսգիրքը նախատեսում է այդպիսի դեպքեր և համաձայն 1207 հոդվածի՝ նոտարական կարգով վավերացված կտակներին հավասարեցվում են՝

  1. հիվանդանոցներում, հոսպիտալներում, այլ հիվանդանոցային բուժական հաստատություններում բուժվող կամ ծերերի և հաշմանդամների տներում ապրող քաղաքացիների կտակները՝ վավերացված այդ հիվանդանոցների, հոսպիտալների և այլ բուժական հաստատությունների գլխավոր բժիշկների, բուժական մասով նրանց տեղակալների կամ հերթապահ բժիշկների, ինչպես նաև հոսպիտալների պետերի, ծերերի և հաշմանդամների տների տնօրենների կամ գլխավոր բժիշկների կողմից,
  2. զինծառայողների, զինվորական մասերի տեղաբաշխման կետերում, որտեղ չկան նոտարներ, նաև այդ զինվորական մասերում աշխատող քաղաքացիական անձանց, նրանց ընտանիքների անդամների և զինծառայողների ընտանիքի անդամների կտակները՝ վավերացված զինվորական մասերի հրամանատարների կողմից,
  3. հեռավոր այն բնակավայրերում, որտեղ չկա նոտար, ապրող անձանց կտակները՝ վավերացված համայնքի ղեկավարի կողմից,
  4. երկրաբանական կամ այլ նմանատիպ արշավախմբերում գտնվող քաղաքացիների կտակները՝ վավերացված այդ արշավախմբերի ղեկավարների  կողմից,
  5. Հայաստանի Հանրապետության դրոշի ներքո նավարկող նավերի վրա գտնվող քաղաքացիների կտակները՝ վավերացված այդ նավերի նավապետների կողմից.
  6. ազատազրկման վայրերում գտնվող անձանց կտակները՝ վավերացված ազատազրկման վայրերի պետերի կողմից:

Վերոհիշյալ դեպքերում կտակները կտակարարը պետք է ստորագրի վկայի ներկայությամբ, որը նույնպես ստորագրում է կտակը: Վերոհիշյալ կետերին համապատասխան վավերացված կտակն առաջին իսկ հնարավորության դեպքում այն վավերացրած անձը պետք է ուղարկի կտակարարի բնակության վայրի նոտարին:

Այն դեպքերում, երբ նոտարական գործողություններ կատարելն օրենքով վերապահված է Հայաստանի Հանրապետության հյուպատոսական հաստատությունների պաշտոնատար անձանց, նոտարի փոխարեն կտակը վավերացնում է համապատասխան անձը՝ կտակի ձևի և դրա նոտարական վավերացման կարգի մասին ՀՀ քաղաքացիական օրենսգրքի կանոնների պահպանմամբ:

 

Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է 1749 անգամ:
Print Friendly

Leave a Reply