Զբոսաշրջիկների թիվն այս տարի նվազել է

Շաբաթվա լուր, ՏՆՏԵՍԱԿԱՆ | | July 17, 2012 12:25

Տուրիզմի ոլորտը քարացած չէ, այն շարունակ փոփոխվում է, մոդիֆիկացվում, նոր խնդիրներ, պահանջներ առաջադրում և նոր լուծումներ պահանջում: Իսկ խնդիրներից է, օրինակ, այն, որ այս տարվա առաջին եռամսյակում ունեցել ենք զբոսաշրջային այցելությունների նվազում: Այդ դեպքը, ինչպես նշեց էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, Հայաստանում դիտվել է առաջին անգամ:

Անցյալ տարվա առաջին եռամսյակում  դեպի Հայաստան կատարված զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է մոտ 114 հազար, այս տարվա առաջին եռամսյակում այն կազմել է 104 հազար: Այսինքն` 10 հազար զբոսաշրջիկի տարբերություն կա: Ասվում է, որ Հայաստան զբոսաշրջային այցելությունների թիվը նվազել է իրանցի զբոսաշրջիկների հաշվին, որոնք, ըստ շրջանառվող խոսակցությունների, դժգոհ են եղել Հայաստանում իրենց մատուցվող ծառայությունների գներից ու որակից:

Իրանից Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվն անցյալ տարվա առաջին եռամսյակում կազմել է 25 հազար, այս տարի` 15 հազար: Այսինքն` այս տարվա առաջին եռամսյակի բոլոր զբոսաշրջային այցելությունների թվի այն 10 հազարով պակասը` անցյալ տարվա համեմատ, հստակ պայմանավորված է Իրանից ժամանածների այս 10 հազար պակասով: Իսկ ինչ վերաբերում է այդ պակասելու պատճառներին, Մեխակ Ապրեսյանը բոլորովին այլ կարծիք ունի. «Իրանից պակասեց հետևյալ պատճառով. Իրանի նկատմամբ հայտնի պատժամիջոցների հետ կապված` տարադրամի իրարանցման: Իրականում այնտեղ այնպիսի իրավիճակ էր, որ տարադրամի փոխարժեքը կրկնակիից էլ ավելացած էր… Բնականաբար, դա էապես անդրադառնալու էր Իրանից արտագնա զբոսաշրջության վրա: Պատկերացնենք, Աստված չանի,  մեկ դոլարը մեզ մոտ դառնա 1000 դրամին համարժեք, այդ դեպքում դրամի գնողունակությունն ընկնում է, և շատերն ուղղակի չեն կարողանա արտագնա և ընդհանրապես տուրիզմով զբաղվել: Այդ իմաստով Իրանից արտագնա զբոսաշրջությունն էապես անկում է ապրել, փոխարենը նրանց ներքին տուրիզմն է ավելացել»:

Դրանից տուժեց, փաստորեն, նաև Հայաստանը: Իրանը մեր զբոսաշրջության  մեջ բավականին զգալի մասնաբաժին ունի: Օրինակ` անցյալ տարի` 2011 թվականին, ամբողջ տարվա կտրվածքով Հայաստան 134 հազար իրանցի է այցելել: Այդ թվից մոտ 80 տոկոսն է, ինչպես նշեց Մեխակ Ապրեսյանը, որ կարող է զբոսաշրջիկ համարվել:

Իսկ եթե ընդհանուր դիտարկենք, զբոսաշրջությունը Հայաստանում զարգանում է դրական միտումով: Զբոսաշրջությունը լավագույն միջոցներից է տարածքային համաչափ զարգացման համար: Որովհետև նպաստում է համայնքներում աշխատատեղերի ստեղծմանը` զբաղվածության ապահովմանը, Երևանից միջոցների ապակենտրոնացմանն ու համայնքներում վերաբաշխմանը և այլն:

Տուրիզմի մասին Հայաստանում սկսել են մտածել 1996-97-ականներից, քանի որ մինչ այդ ուղղակի նման նախադրյալներ չկային: Պատճառները մի քանիսն էին` պատերազմ, էներգետիկ ճգնաժամ, շրջափակում, երկրաշարժի հետևանքներ և այլն: Իսկ երբ Հայաստանում սկսել են արդեն մտածել տուրիզմի մասին` 1996 թ., դրանից ընդամենը մեկ տարի անց` 1997 թ., Հայաստանը անդամակցում էր տուրիզմի զարգացման միջազգային ընկերակցությանը: Իսկ 2000 թ. կառավարությունը հաստատել է զբոսաշրջության զարգացման հայեցակարգ:

Առաջին տարիներից սկսած մինչ այս տարի Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը տարեկան մոտ 20-25 տոկոսով աճել է: Եվ եթե առաջին տարիներին տարեկան Հայաստան էր այցելում մոտ 35-40 հազար զբոսաշրջիկ, ապա այժմ` մոտ 750 հազար: Սա, իհարկե, վատ չէ, բայց միայն սրանով հպարտանալ ու գոհանալ, չի կարելի: Համենայն դեպս այդ է ասում 2008 թ.  կառավարության կողմից ընդունված տուրիզմի զարգացման երկրորդ հայեցակարգը, որն ուժի մեջ է մինչ օրս:

 

 

 

 

 

Դիտվել է 1302 անգամ:
Print Friendly

Leave a Reply