Շախմատային թեժ ամառ

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 17, 2012 7:00

Տարին օլիմպիական է նաև շախմատիստների համար: Ամռան վերջին կայանալու է Շախմատի համաշխարհային օլիմպիադան: Եվ թվում է, թե մյուս բոլոր ստուգատեսներն ամառային շոգ օրերին երկրորդական պլան են մղվելու, սակայն մեր շախմատիստիների համար մարզական կյանքը շարունակում է եռուն մնալ:

Օգոստոսի 16-27-ը Պրահայում կկայանա շախմատի Եվրոպայի պատանիների առաջնությունը: Հայաստանից 14 մարզիկ և 3 մարզիչ կմասնակցեն մեր երկրի շախմատի ֆեդերացիայի միջոցներով: Կլինեն նաև այնպիսի խաղացողներ, որոնք սեփական միջոցներով կմեկնեն մրցավայր: Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ մինչև 12 տարեկան մի շարք խաղացողների ուղեկցելու են նրանց ծնողները, ապա ընդհանուր հաշվով Հայաստանի պատվիրակության կազմում կլինի չորս տասնյակ մարդ: Հավելենք, որ ստուգատեսում մրցավարի պարտականություն է կատարելու Վահագն Խաչատրյանը:

Ուշագրավն այն է, որ նախկինում մերոնք բաց էին թողնում խոշորամասշտաբ ստուգատեսների մինչև 8 տարեկանների մրցաշարերը, սակայն այս անգամ մասնակից ունենալու ենք:

Անցյալ տարվա Եվրոպայի պատանիների առաջնության մինչև 10 տարեկանների մրցաշարում ունեցել ենք չեմպիոն` Հայկ Մարտիրոսյանը, մինչև 18 տարեկանների մրցաշարում Սամվել  Տեր-Սահակյանն արծաթե մեդալի էր տիրացել, իսկ Մարիա Գևորգյանը բրոնզե պարգևի էր արժանացել: Հայաստանի շախմատի տան տնօրեն, մեր երկրի շախմատի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Հրաչյա Թավադյանը հայտնեց, որ այս տարի սպասելիքներն ավելի շատ են, թեև Սամվել Տեր-Սահակյանը չի խաղալու: Նա մասնակցելու է օգոստոսի 1-ին Հունաստանում մեկնարկելիք մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությանը, որում հանդես կգան նաև Կարեն Գրիգորյանը, Շուշան Սարգսյանը: Նրանց հետ միասին կլինի գրոսմայստեր Արտաշես Մինասյանը: Թավադյանի կարծիքով, երկու ստուգատեսներում էլ մերոնք կարող են մեծ հաջողությունների հասնել: Ընդ որում, մեծ սպասելիքներ կան մինչև 20 տարեկան շախմատիստների աշխարհի առջնությունից: Ինչ վերաբերում է կրտսեր տարիքի ներկայացուցիչներին, ապա նույնպես շնորհալի մի շարք խաղացողներ են հանդես գալու: Ընդ որում, կարող է ուրախացնել անգամ մեր ամենակրտսեր մասնակիցը` մինչև 8 տարեկանների մրցաշարում հայտավորված Մամիկոն Ղարիբյանը: Մինչև 12 տարեկանների մրցաշարում էլ կարող է լավ հանդես գալ Հայկ Մարտիրոսյանը:

Բացի այս ամենից, Հայաստանում էլ շախմատային խոշոր իրադարձություն է սպասվում: Ջերմուկում հուլիսի 16-28-ը անցկացվելու է կանանց «Գրան պրի» մրցաշար: Ընդ որում, երկրորդ անգամ է, որ կանանց այս ստուգատեսը կազմակերվելու է Հայաստանում: 2009-ին Ջերմուկում կայացած մրցաշարին մասնակցել են Էլինա Դանիելյանը և Լիլիթ Մկրտչյանը: Ի դեպ, 2011-ին էլ նույն վայրում ուժերն են չափել  «Գրան պրի» մրցաշարի մասնակից շախմատիստները:

Այս տարի էլ «Գրան պրիի» մասնակիցները կխաղան «Արմենիա» առողջարանում: Կազմակերպչական աշխատանքի փորձ կա: Կրկին շախմատի սեղանները Ջերմուկ կտարվեն Հայաստանի շախմատի տնից, էլեկտրոնային ժամանակակից ժամացույցներ նույնպես կան: Բացի այդ, մեծ ցուցատախտակների միջոցով անմիջապես ներկայացվելու են խաղացվող պարտիաները: Մնում է միայն, որ մերոնք լավ հանդես գան 12 շախմատիստուհիների մրցավեճում, որի պարգևատրման հիմնադրամը 50 հազար դոլար է:

Նախատեսվում է, որ ստուգատեսի բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվելու Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Մրցավայր է ժամանելու նաև Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Կիրսան Իլյումժինովը:

Ինքնին հարց է առաջանում, թե ինչ միջոցներով է կազմակերպվում այս միջոցառումը: «Հայաստանի կառավարությունն է ֆինանսավորել, Շախմատի միջազգային ֆեդերացիան է որոշ գումար տրամադրել, կան նաև հովանավորներ: Այնպես որ ամեն ինչ պաշաճ կլինի»,- ասաց Թավադյանը:

Մեր մարզուհիները լրջորեն են նախապատրաստվում առաջիկա փորձությանը: Դանիելյանը ներկայումս Քոբուլետիում է, հանգստանում է, նաև պարապում:  Նա վերջերս է «Գրան պրի» մրցաշարի փուլի մասնակցել: Ընդ որում, մեր մարզուհին փայլուն է մեկնարկել, առաջատար է, սակայն անսպասելիորոն տանուլ տվեց վեջին երեք հանդիպումները և բավարարվեց  6-րդ տեղով:

Մկրտչյանը մարզվում է Հայաստանում: Նա վերջերս կարողությունները փորձել է Ջերմուկում կազմակերպված Կարեն Ասրյանի հուշամրցաշարում և մարզուհիների մրցավեճում ճանաչվել է երկրորդը: Մինչև «Գրան պրի» մրցաշարի մեկնարկը երկու մարզուհիները պարապելու են Ջերմուկում: Տանը հանդես գալու հանգամանքը պարտավորեցնում է, որ նրանք լավ խաղան: 2009-ին այդ ստուգատեսում Դանիելյանը և Մկրտչյանը 2-րդ տեղը բաժանողների խմբում էին:

 

Դիտվել է 1271 անգամ:
Print Friendly

Leave a Reply