Երիտասարդ ըմբիշները միացել են օլիմպիականներին

Շաբաթվա լուր, ՍՊՈՐՏ | | July 13, 2012 7:00

Լյովա Վարդանյանը (կենտրոնում) Հայաստանի հունահռոմեական ոճի երիտասարդական և պատանեկան հավաքականների գլխավոր մարզիչներ Արմեն Բաբալարյանի և Գագիկ Խաչատրյանի հետ

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում կայացած ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները տիրացան չորս մեդալի: Ուշագրավն այն է, որ դրանցից  երեքը բաժին է հասնում մեր երկրի ազատոճային ըմբիշներին: Անկասկած, դրա մեջ  մեղքի իր բաժինն ունի հավաքականի երիտասարդ գլխավոր մարզիչ Ավետիք Գրիգորյանը, որ թիմի հետ աշխատում է 2006-ից, իսկ երկրորդ տարին է` գլխավորում է այն:

34 երկրների պատվիրակներ էին մասնակցում Եվրոպայի երիտասարդական առաջնությանը: Հայաստանից մրցագորգ էին դուրս եկել ազատ ոճի 8 և հունահռոմեական ոճի 7 ըմբիշ: Վերջինում ծանրքաշային մարզիկ չունեինք:

Հայաստանի վաստակավոր մարզիչ Լյովա Վարդանյանը հայտնեց, որ պարգևների արժանացած բոլոր ըմբիշներն էլ, նրանց մրցելույթներն էլ գոհացրել են: Հունահռոմեական ոճի ըմբիշներից չեմպիոն է դարձել 55 կգ քաշային Գևորգ Ղարիբյանը: Իսկ ազատ ոճի ըմբիշները` 55 կգ քաշային Արտակ Հովհաննիսյանը և 66 կգ քաշային Դավիթ Ափոյանը, պարտվելով միայն եզրափակչում, արժանացել են արծաթե մեդալի, 60 կգ քաշային Վոլոդյա Ֆրանգուլյանն էլ բավարավել է բրոնզե մեդալով:

«Գևորգ Ղարիբյանն ամենայն գովեստի է արժանի: Նա չորս գոտեմարտ անցկացրեց և իրեն կայտառ էր զգում: Ղարիբյանը հնարքների հարուստ զինանոց ունի և կարողանում էր հակառակորդներին հավասարակշռությունից հանել, ստիպել, որ սխալվեն, և հաղթանակի էր հասնում: Իսկ եզրափակչում նա առավելության հասավ ադրբեջանցի Սաքաթ Գուլիևի նկատմամբ: Սա Գևորգի երկրորդ հաջողությունն է: Նա անցյալ տարի Եվրոպայի պատանեկան առաջնությունում դարձել էր բրոնզե մեդալակիր: Ղարիբյանը բնակվում է Մասիսում, սակայն պարապում է Երևանում, մարզիչ Մարտին Ալիխանյանի ղեկավարությամբ: Արտակ Հովհաննիսյանը վճռական գոտեմարտում 3:0 հաշվով հաղթում էր ադրբեջանցի Գալիբ Ալիևին, բայց մի պահ նա թուլացրեց զգոնությունը և մրցակիցը, հակահնարք կատարելով, կորզեց հաղթանակը:  Այլապես կարող էինք ևս մեկ չեմպիոն ունենալ: Հունահռոմեական ոճի ըմբիշները ևս կարող էին ավելին անել: Վազգեն Խաչատրյանը (60 կգ) և Վաչագան Մինասյանը (84 կգ), թեև զբաղեցրին 5-րդ տեղը, հնարավորություն ունեին մեդալակիր դառնալու, դրա համար պահանջվում էր ևս մեկ հաղթանակ տանել… Հայաստանի ազատ և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները թիմային հաշվարկում զբաղեցրին համապատասխանաբար 5-րդ և 6-րդ տեղերը»,- ասաց Վարդանյանը:

Սպասելիքներ են եղել նաև ազատոճայիններ Գրիգոր Գրիգորյանից, որն անցյալ տարի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում բրոնզե մեդալի էր տիրացել, Վահե Թամրազյանից, որը նույն ստուգատեսում երկրորդ մրցանակակիր էր դարձել: Պարզվում է, որ նրանք ևս  պատրաստ են եղել նոր հաջողությունների, սակայն մրցակիցներին  թեժ պայքարում զիջել են միայն այն պատճառով, որ հոգեբանորեն հաղթանակի հասնելու անհրաժեշտ տրամադրվածություն չեն ունեցել:

Հետաքրքիր էր, թե ինչպես է Հայաստանի հավաքականում հայտնվել վրացական ազգանունով ազատոճային ըմբիշ Վիկտոր Կազիշվիլին, որն այս տուգատեսում հաջողության չի հասել, սակայն հեռանկարային է:

Մեր օլիմպիական հույսերից մեկը` Արթուր Ալեքսանյանը

Վարդանյանը պարզաբանեց, որ նրա մայրը վրացի է և ամուսնացել է հայի հետ: Կազիշվիլին ծնվել է Վրաստանում, կորցրել է հորը, իսկ այժմ բնակվում է Երևանի Դավիթաշեն թաղամասում, նաև խոսում է հայերեն:

Եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ 2011-ին Հայաստանի ներկայացուցիչները հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում տիրացել էին բրոնզե երկու մեդալի, իսկ ազատոճայինները` մեկ արծաթե և երկու բրոնզե մեդալի, ապա, այս անգամ առաջընթացն ակնառու է: Ընդ որում,  թիմերը համալրվել են նոր մարզիկներով, որոնք արդեն արժանացել են Հայաստանի ազգային հավաքականների մարզիչների ուշադրությանը: Ուրախալի է այն հանգամանքը, որ ազատ ոճի Հայաստանի երիտասարդական հավաքականում վերջին երկու տարին  7 նոր մարզիկ է հայտնվել: Բանն այն է, որ, բարձրակարգ մարզիկների բացը լրացնելու համար  ստիպված նախկինում դրսից մարզիկներ են հրավիրվել` լեգեոնականներ:

«Այս մրցաձևի Հայաստանի ազգային հավաքականի մարզիչ Արայիկ Բաղդադյանը նեկայումս էլ մեր երիտասարդ շնորհալի ըմբիշներին մասնակից է դարձնում ուսումնամարզական այն հավաքներին, որոնք անց է կացնում  մեր ազգային ընտրանին: Դա օգնում է, որ օլիմպիական խաղերին նախապատրաստվող մեր ըմբիշները լավ մրցընկերներ ունենան, իսկ երիտասարդներն էլ աշխարհի երիտասարդական առաջնությունից առաջ կոփված լինեն: Այն սեպեմբերի 4-10-ն անցկացվելու է Թաիլանդում: Մասնավորապես, Եվրոպայի երիտասարդական առաջնության բոլոր մրցանակակիրները մասնակցում էին Հայաստանի ազգային հավաքականի երևանյան մարզումներին, հետո էլ` հուլիսի 7-ին,  թիմի հետ մեկնեցին Վլադիկավկազ, որտեղ կմնան մինչև հուլիսի 21-ը: Դրան կհաջորդի երևանյան 12-օրյա ուսումնամարզական հավաքը: Հայաստանի ազատոճային ըմբիշները Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին մասնակցելու համար մրցավայր կմեկնեն օգոստոսի 5-ին: Իսկ օգոստոսի 2-ին Անգլիա կուղևորվեն Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբիշները: Նրանք ներկայումս պարապում են Բելառուսի Ստայկիի մարզաբազայում, իսկ վերջին ուսումնամարզական հավաքը կանցկացնեն Երևանում: Հույս ունենք, որ մեր ըմբիշներն օլիմպիական խաղերում անմասն չեն մնա խաղարկվելիք պարգևներից և կուրախացնեն իրենց երկրպագուներին: Դա դժվար կլինի անել, սակայն պետք է լավ նախապատրաստվել, ամուր նյարդեր ունենալ,  կարգապահ լինել և անել այն ամենը, ինչը պահանջում են մարզիչները: Միայն այդ դեպքում է հնարավոր արդյունքի հասնել: Նախորդ օլիմպիական խաղերում մեր ըմբիշները բրոնզե երկու մեդալ են ունեցել, վստահ եմ, որ այս անգամ պարգևներն ավելի շատ կլինեն»,- ասաց Վարդանյանը:

Ինչ խոսք, ցավալի է, որ մեր ամենատիտղոսակիր մարզիկը` հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Ամոյանը, չկարողացավ օլիմպիական խաղերի ուղեգրի տիրանալ, սակայն վարկանիշ ձեռք բերած մեր բոլոր ըմբիշներն էլ մեծ ներուժ ունեն, շատ բանի են ունակ: Խոսքը վերաբերում է հունահռոմեական ոճի ըմբիշներ Հովհաննես Վարդերեսյանին (66 կգ), Արսեն Ջուլֆալակյանին (74 կգ), Արթուր Ալեքսանյանին (94 կգ), Յուրի Պատրիկեևին (120 կգ), ազատոճային ըմբիշներ Միհրան Ջաբուրյանին (55 կգ), Դավիթ Սաֆարյանին (66 կգ), Հաջիմուրադ Նորմահոմեդովին (84 կգ): Բոլորն էլ փորձառու են, տիտղոսակիր և Հայաստանի դրոշի պատիվը բարձր պահելու, նաև հաջողության հասնելով` դրամական խոշոր պարգևներ ստանալու ցանկություն ունեն: Ոչ միայն Հայաստանի կառավարությունն է դրանք տրամադրելու, այլև խոստացել է ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանը:

 

Դիտվել է 1359 անգամ:
Print Friendly

Leave a Reply