«Տղամարդկանց դպրոցը». իտալացի կինոռեժիսորը գլոբալ խնդրի մասին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 12, 2012 14:04

«Տղամարդկանց դպրոցը». Այսպես է կոչվում «Ոսկե ծիրան» կինոփառատոնում վավերագրական մրցույթում ներկայացված իտալացի կինոռեժիսորի ֆիլմը: 66 րոպե տևողությամբ ֆիլմը ներկայացնում է աղքատ պատանիների կյանքը, որոնք ստիպված թողնում են դրպոցը և սկսում աշխատել` գոյատևելու համար:

Ֆիլմի Ռեժիսոր Տոմմազո Կոտրոնեին ասում է, որ նկարագրված երևույթը գլոբալ խնդիր է, որը, սակայն, չի արծարծվում. մարդիկ աղքատների միայն արտաքինին են նայում, հոգին չեն տեսնում, կարծում են, որ աղքատները աշխատանքից բացի այլ բանի կարիք չեն կարող ունենալ:

Կոտրոնեին մեկ տարի շարունակ աշխատել է ֆիլմի վրա. Հերոսները իր ընկերոջ երեխաներն են: Սակայն նա ֆիլմը որոշ չափով նաև ինքնակենսագրական է համարում, քանի որ ինքն էլ է ապրել նման կյանքով և շատ լավ գիտի բոլոր նյուանսները: Վերջինս մանկության և պատանեկության տարիներին աշխատել է հոր հետ անտառներում: 20 տարեկանում փախել է տնից և առանց գումարի շրջել Եվրոպայով: Շվեյցարիայում աշխատել է որպես արհեստավոր: Այժմ գրավաճառ է Հռոմում: Վաստակած գումարով տեսախցիկ է գնում և 2005-ին նկարահանում իր առաջին ֆիլմը: Այժմ Կոտրոնեին 6 ֆիլմերի հեղինակ է, սակայն իրեն ռեժիսոր չի համարում. «Ես գրավաճառ եմ և չեմ ուզում կոչվել ռեժիսոր: Ես միայն մարդ եմ, որ փորձում է գտնել այլոց հոգու խնդիրները»:

Խոսելով իր հերոսների մասին` ասում է. «Նրանք իմ միջոցով աշխարհին պատմում են իրենց խնդիրների և հոգեվիճակի մասին»:

Կինոռեժիսորն ասում է, որ աղքատ խավի համար ամենամեծ խնդիրը մշակույթի պակասն է, ինչն էլ բերում է շփման պակասին, ապա նաև միայնակության. «Երբեք չեմ կարողացել ասել մորս, որ իր պատրաստած ճաշերը համեղ են: Չեմ կարողացել արտահայտվել, քանի որ չեմ եղել կրթված»:

Կոտրոնեին վստահ է, որ գիրքը կփրկի աշխարհը, սակայն « հզոր, վերին օղակների մարդիկ դա չեն ուզում, որովհետև եթե բոլորը զբաղվեն ինքնակրթությամբ, ապա ո ՞վ պետք է պանիր պատրաստի»:

 

Դիտվել է 801 անգամ:
Print Friendly

Leave a Reply