Վարորդների գործադուլ. Գագիկ Ծառուկյանի բարեգործությունը օրվա հացից զրկում է ավելի քան 45 ընտանիքի (լուսանկարներ, տեսանյութ)

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 11, 2012 18:31

King Delux ընկերության Աբովյան – Երեւան եւ Չարենցավան – Երեւան ուղեւորափոխադրումներ իրականացնող մոտ 40 ավտոբուսի վարորդներ այսօր` հուլիսի 11-ին գործադուլ են հայտարարել :

Աբովյան քաղաքում 259 համարի երթուղու վարորդները նշեցին, որ իրենք  չեն կարող գիծ դուրս գալ, քանի որ այլեւս հնարավորություն չկա ուղեւոր փոխադրելու Երեւան: Նրանց խոսքով, դեռեւս խորհրդարանական ընտրություններից առաջ «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը մոտ 15 անվճար ավտոբուս է մտցրել Աբովյան-Երեւան գիծ, որոնք, վարորդների պատմելով, ոչ թե բարեգործություն են անում, այլ պարզապես աշխատում են իրենց դեմ:

Վարորդներից մեկի խոսքով, բարեգործական ավտոբուսները սպասում են, թե երբ 259 համար ավտոբուսները դուրս կգան գիծ, որպեսզի նրանց հետեւելով դուրս գան, որ մարդիկ տեսնելով երկու ավտոբուս, բնականաբար նախընտրում են անվճար ավտոբուսը:

Վարորդները պնդում են, որ եթե դա բարեգործություն լիներ, այդ ավտոբուսները կաշխատեին մեկ գծում, այլ Աբովյան-Երեւան մի շարք այլ երթուղիներում:

Եթե խնդրին լուծում չտրվի, ապա վարորդները վճռական են տրամադրված եւ մտադիր են վաղը դեպի Երեւան եկող մայրուղին փակել: «40 ընտանիք սոված է մնում: Հիմա ի՞նչ անենք, թողնենք գնանք Ռուսաստա՞ն»,-դժգոհեց վարորդներից մեկը:

Գծի դիսպետչերն էլ շեշտեց, որ բարեգործական ավտոբուսները բավական հին են եւ նրանց վարորդները բուժզննում չեն անցնում, այնինչ իրենց ավտոբուսները նոր են եւ վարորդները բուժզննում են անցնում ամեն օր:

Նշենք, որ 259 եւ 275 համար երթուղիների գծի տերը Արթուր Հարությունյանն է (Պալաչ), ով տեղյակ է խնդրից եւ վարորդներից պահանջում է դուրս գալ գիծ եւ սպասարկել ժողովրդին:

«Ինչ պլանի մասին է խոսքը, 2-3 ուղեւորով կտրում անցնում ենք Երեւան ու դատարկ հետ գալիս, վառելիքին էլ օրական 30 հազար դրամ ենք տալիս: Ինչ անենք»,-բողոքում էին վարորդները, հավելելով, որ արդեն 6 ամիսն է այս վիճակն է:

Նրանց ներկայացմամբ, նախկինում իրենք օրական 5-15 հազար դրամ էին աշխատում եւ չէին բողոքում:

275 համարի երթուղու վարորդները շեշտեցին, որ այս ամենը կազմակերպված է գծի տիրոջ` Արթուր Հարությունյանի դեմ, քանի որ այդ բարեգործական ավտոբուսներն աշխատում են միայն 259 եւ 275 համարի երթուղիներում, իսկ մնացած երթուղիներում բարեգործական ավտոբուսներ չկան:

Վարորդները դիմել են տարբեր պետական ատյաններ, Տրանսպորտի եւ կապի նախարարուն, նամակներ են գրել պաշտոնատար անձանց, սակայն ոչ մի արձագանք չեն ստացել:

Չարեցավանի քաղաքապետ Հակոբ Շահգալդյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ծանոթ է խնդրին եւ ոչինչ չի կարող անել, քանի որ խնդիրը քաղաքապետի լիազորությունների մեջ չի մտնում:

NEWS.am

Դիտվել է 2012 անգամ:
Print Friendly

Leave a Reply