Մի կողմից` ռեստորան, մյուս կողմից` վեհարան. Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչներն ահուսարսափի մեջ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Շաբաթվա լուր | | July 11, 2012 18:26

ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում հունիսի 25-ին Երևանի Սայաթ-Նովա 15 շենքի բնակիչներից ահազանգ էր ստացվել, որ շենքի նկուղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, որոնք սպառնում են շենքի սեյսմակայունությանը:

Դեպքի վայր մեկնելով` օպերատիվ խումբը պարզել էր, որ շինարարական աշխատանքների թույլտվություն շինարարը չունի, ուստի արգելել էր հետագա աշխատանքների իրականացումը:

Անցել է որոշ ժամանակ, և շինարարությունը շարունակվել է, քանի որ համապատասխան փաստաթուղթն արդեն կար` ստորագրված Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայության ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Ա. Ջավադյանի կողմից: Փաստաթղթում նշված է, որ տարածքում իրականացվող շինարարական աշխատանքները բացասական ազդեցություն չեն թողել շենքի տեխնիկական վիճակի և սեյսմակայունության վրա, սակայն դա ամենևին չի փարատել բնակիչների անհանգստությունը:

Բնակիչները միայն լսելով գիտեն, որ տարածքում սրճարան-ռեստորան է կառուցվելու, այն էլ` էլիտար, անգլիական: Նրանք ցանկանում են սեփականատիրոջ հետ անձամբ զրուցել ու հասկանալ իրավիճակը, սակայն նա այդպես էլ չի հայտնվում: «Թող մի օր էդ գնորդը գա, մենք մեր ասելիքն ասենք, նա էլ իր անելիքն ասի, իրար հասկանանք»,-պահանջում են բնակիչները:

Նրանց խոսքով` մի երիտասարդ կա, որը ներկայանում է իբրև սեփականատեր, բայց իրենք գիտեն, որ նա ընդամենը սեփականատիրոջ ներկայացուցիչն է: Տիկին Սաթիկը պատմում է, որ երիտասարդը սկզբում շատ ագրեսիվ էր, հենց մոտենում էին, ասում էր. «Գնացեք, ձեր գործը չի, թե ինչ ենք անում, մեր սեփականությունն է, ինչ կուզենք, կանենք»:

Բայց հետո, երբ տեսնում է, որ բնակիչները մարտական են տրամադրված, վերաբերմունքը փոխում է. «Համբերեք, լավ կլինի, մեզ մի երկու ամիս ժամանակ տվեք, թողեք մեր գործը վերջացնենք, հետո կամրացնենք»:

Բնակիչներն էլ մտածում են. «Բա որ Աստված չանի, էդ երկու ամսում մի թեթև երկրաշարժ լինի, ո՞վ է պատասխան տալու»:

Նրանք դիմել են ՀՀ նախագահին, որը նրանց նամակը վերահասցեագրել է Երևանի քաղաքապետարանին, սակայն քաղաքապետարանից դեռևս պատասխան չկա:

Պատմում են, որ նկուղի փորման աշխատանքները սկսվել են դեռևս նախորդ գնորդի օրոք, որը նկուղի որոշ հատվածը` մոտ 70 սմ փորելուց հետո կիսատ է թողել, վաճառել ու հեռացել:  «Մոտ մեկուկես տարի էդպես փակ մնաց տարածքը,-պատմում է շենքի ամենահին բնակիչներից մեկը` Վահան Գևինյանը, որ մասնագիտությամբ շինարար է,- եկավ նոր տերը, սկսեց ամեն ինչ քանդել և մնացած հատվածն էլ փորել-հավասարեցնել արդեն փորված հատվածին»: Նրան վրդովեցնում է այն, որ սեփականատերը շինարարությունն իրականացնում է առանց նախագծի. «Թող նախագիծ ցույց տա, առանց նախագիծ ոչինչ անել չի կարելի, դա աշխարհում ընդունված ձև է»:

Այս պահին շենքի առաջամասում մոտ 2 մետր երկարությամբ բացվածք է արված, որտեղից էլ, ըստ բնակիչների, ներս էր մտում ծանր շինտեխնիկան:  Նկուղում իրականացվող շինարարությունը հնարավոր չէ տեսնել, քանի որ դուռը փակ է, փոքր պատուհաններից էլ գրեթե ոչինչ չի երևում:

«Միայն պետք է տեսնեիք, թե էստեղ ինչ տեխնիկա էր աշխատում,- պատմում է բնակիչներից մեկը,- նկուղում բուլդոզերներն ու բետոն ջարդող մեքենաներն էնպես էին շենքը դռռացնում, որ թվում էր, թե հենց հիմա շենքը փուլ կգա: Տոննաներով հող հանեցին-տարան»:

Հարևան շենքի բնակիչներից մեկն էլ նկատում է. «Ես ինքս ճարտարապետ եմ, այս շենքի քաշը հազարավոր տոննաներ է: 11-հարկանի շենք է` 12 դարձրած, 83 բնակարան կա: Եթե միջինը ամեն ընտանիքում հաշվենք չորս հոգի, պատկերացրեք, թե ինչքան մարդ է կազմում: էդ հսկայական շենքի տակը դատարկում են, ի՞նչ կլինի, եթե նույնիսկ երկրաշարժ էլ չլինի»:

Շենքը կառուցվել է 1971 թ. և պատկանել է Հայաստանի երգչախմբային ընկերությանը, որը գտնվում է շենքի հարևանությամբ: Ընկերության նախագահ Դավիթ Ղազարյանն ասում է, որ շենքի նկուղային հատվածը օտարվել է խորհրդային տարիների փլուզման ժամանակ, այնուհետև իրար հետևից տարածքը վաճառվել է: Վերջին գնորդը նկուղի առուվաճառքի շղթայում իններորդն է: Նկուղը զբաղեցնում է  400 քմ:

Երաժշտական ընկերության նախագահին հաջողվել է հանդիպել նոր սեփականատիրոջ հետ: «Մարտ ամսին, երբ սկսվեցին շինարարական աշխատանքները, մենք միջոցառումներ էինք անում, և այդ ահավոր աղմուկից չգիտեինք` ինչ անել: Մի օր փորձեցի ներս մտնել շինարարության տարածք, սակայն չկարողացա, որովհետև մուտքը փակ էր,- պատմում է նա,- ստիպված մի գրություն թողեցի` խնդրելով, որ սեփականատերը մեզ հետ հանդիպի: Անցավ մեկ շաբաթ, և մեզ մոտեցավ Վահե անունով մի մարդ`  ներկայանալով որպես տարածքի սեփականատեր: Ի դեպ, նա ռուսախոս էր և բավականին ինտիլիգենտ»:

Սեփականատերը Ղազարյանին թույլ է տվել դիտել շինարարական գործընթացը ներսից: Վերջինիս անհանգստությունն ինչ-որ չափով փարատվել է, քանի որ իր աչքով է տեսել հսկայական ամրացնող սյուները:

Դավիթ Ղազարյանը, ի տարբերություն շենքի բնակիչների, նոր սեփականատիրոջից բավականին գոհ է, քանի որ վերջինս լուծել է տարիներ շարունակ իրենց դահլիճում տիրող խոնավության խնդիրը. «Մեր տարածքով մի քանի դիտահորեր էին գնում, և անձրևների ժամանակ ողջ տիղմն ու անձրևաջուրը լցվում էր մեր տարածք: Հիմա այս տղան լուծել է կոմունիկացիոն խնդիրները, և մեր դահլիճն այլևս խոնավության խնդիր չի ունենա: Ես գոհ եմ»:

Մնում է, որ նոր սեփականատերը գոհացնի նաև բնակիչներին` հիմնավոր երաշխիքներ տալով նրանց անվտանգության հարցում: «Թող առաջին հերթին նախագիծ ներկայացնի, բացի այդ, ամրացնի, հետո շարունակի շինարարությունը, թե չէ ամեն վայրկյան մեր կյանքը կարող է վտագի ենթարկվել»,- ասում են բնակիչները:

Եթե անգամ շենքի սեյսմակայունության հարցը լուծվի, արդյոք ժամանցի գոտին չի՞ խանգարի բնակիչների բնականոն կյանքին. «Ասում են, որ երգ ու երաժշտություն չի լինելու: Լավ, դա հասկացանք, բա էդ սրճարան այցելողների մեքենաների կայանման հարցն ինչպե՞ս է լուծվելու,- մտահոգվում են բնակիչները,- առանց այն էլ մեր բակը լրիվ գրավված է,  երբեմն մուտքը մեքենաներով էնպես են փակում, որ հնարավոր չի լինում ներս մտնել»:

Շենքի խնդիրներն այսքանով չեն ավարտվում: Մյուս կողմից էլ նրանց կյանքը բարդացնում է կաթողիկոսի` Աբովյան փողոցում կառուցվող վեհարանի շինարարությունը. «Մենք ունենք պոմպ, որը շենքին ջուր է մատակարարում, պոմպի մուտքը հիմա փակվել է, քանի որ եկեղեցին ստորգետնյա ավտոկայանատեղի կառուցելու նպատակով պատնեշ է կառուցել, որը խոչընդոտում է դեպի պոմպ տանող ճանապարհը, իսկ ի՞նչ պիտի անենք, եթե հանկարծ վթար լինի»,- ասում է շենքի լիազորը` Օֆելյա Բադալյանը:

Բնակիչներից մեկն էլ արձագանքում է. «Երևի դիտմամբ ուզում են էս շենքը վթարային դարձնեն, որ մեզ էստեղից հանեն: Դե պարզ է, տեղը իդեալական է էլիտար նոր շենք կառուցելու համար…»:

Հ.Գ.
Հուլիսի 13-ին Սայաթ Նովա 15 շենքի բնակիչները քաղաքապետարանից ստացել են պատասխան, որտեղ նախ նշված է, որ քաղաքացի Վահե Մաթոսյանը շենքի նկուղային հարկում ունի 195 քմ մակերեսով տարածքի իրավունք (բնակիչներն ասում են, որ նա զբաղեցնում է ողջ տարածքը` մոտ 400 քմ): Այնուհետև պատասխան նամակում փաստվում է, որ նշված տարածքում նիշի իջեցման և դռան բացվածքի լայնացման շինարարական աշխատանքներն իրականացվել են առանց համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի, ուստի 25.06.12 թ. կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն և ներկայացվել Երևանի քաղաքապետի քննարկմանը, իսկ շինարարական աշխատանքները կանգնեցվել են: Տարածքի սեփականատիրոջը պարտավորեցվել է հետագա շինարարական աշխատանքներն իրականացնել բացառապես համապատասխան քաղաքաշինական փաստաթղթերի առկայությամբ:

Բնակիչների խոսքով, վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրությունից հետո էլ սեփականատերոը մոտ երկու շաբաթ շարունակել է անօրինական շինարարությունը և հեռուստատեսային ռեպորտաժներից հետո միայն դադարեցրել այն:

Դիտվել է 2113 անգամ:
Print Friendly

Leave a Reply