18-ը` որպես ամուսնական տարիք սահմանելու դրական եւ բացասական կողմերը. հոգեբանի եւ ազգագրագետի կարծիքներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 11, 2012 16:20
Հայաստանում կանանց եւ տղամարդկանց համար` 18 տարեկանը որպես ամուսնական տարիք սահմանելը ճիշտ քայլ է: Այս մասինNEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Երեւանի պետական համալսարանի ազգագրության եւ հնագիտության ամբիոնի պրոֆեսոր, պատմական գիտությունների դոկտոր ազգագրագետ Ռաֆիկ Նահապետյանը:
Եկեղեցին ամուսնական տարիք սահմանել էր 15-16-ը, բայց մեր պատմության մեջ հայտնի են շատ վաղ ամուսնության դեպքեր, օրինակ` 9, 11, 13, 15 տարեկան, նույնիսկ դեռ չծնված երեխաներին ամուսնացնում էին, բայց դրա շարժառիթները բոլորովին այլ էին, հիմնականում` քաղաքական, օրինակ` թշնամիների` թուրքերի, քրդերի առեւանգումներից խուսափելու, աշխատանք գտնելու միջոց էր, հլու, հնազանդ հարս դաստիարակելու գրավական էր: «Այսօր այդ խնդիրները չկան, թեեւ 16-17 տարեկան հասակը համարվում է հասունության շրջան, բայց ոչ հոգեպես ու բարոյապես, որովհետեւ այդ տարիքում աղջիկը պատրաստ չէ կին դառնալու: 18 տարեկանում ամուսնանալը ճիշտ է, որովհետեւ այդ ժամանակ ավարտում են միջին մասնագիտական կրթությունը, ստանում են հասունության վկայական, ձեռք են բերում որոշակի փորձ, ինքնուրույն մտածելու կարողություն, դաստիարակություն»,- ասաց նա:
Ազգագրագետի խոսքով` տղայի ընտանիքի համար շատ ձեռնտու է աղջկա փոքր տարիքը, որովհետեւ «այդ դեպքում աղջկան հավի նման տանում են, ինչ ասում են, անում է, այսինքն` որպես ծառի ճյուղ, ինչպես ցանկանում են, իրենց են հարմարեցնում», բայց այդ ժամանակներն անցել են, այժմ հասարակական, քաղաքական, մշակութային նոր իրավիճակների ստեղծմամբ հրամայական է տարիք սահմանելը:
Նրա խոսքով` ամուսնության համար նվազագույնը 18 տարեկանը կնպաստի նաեւ ամուր հայկական ընտանիքներ կազմելուն:
Իսկ «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի գլխավոր մասնագետ, հոգեբանական գիտությունների թեկնածու Ռուբեն Պողոսյանի համար կարեւոր է ոչ թե կոնկրետ տարիք սահմանելը, այլ որոշակի սոցիալական ինստիտուտ ստեղծելը, որ 18 տարին բոլորած երիտասարդները հոգեբանական թեստավորում անցնեն` արդյոք պատրա՞ստ են ամուսնության, թե` ոչ: Նրա խոսքով` չպետք է առաջնորդվել միայն սահմանված տարիքով, որովհետեւ այդ տարիքում բազմաթիվ չհասունության դեպքեր կան: Հոգեբանի համար ավելի ցանկալի կլիներ ամուսնության տարիք սահմանել 18-20 տարեկանը: «Այդ տարիքում տեղի է ունենում սեռահասունություն, սկիզբ է դրվում նաեւ հոգեկանի զարգացմանը, կյանքի գիտակցական ըմբռնումը, սոցիալական պատասխանատվությունը, հասունության տեսակետից 18 տարեկանը սահմանելը ճիշտ է, բայց շատ պայմանական է»,- նշեց Ռուբեն Պողոսյանը
Առհասարակ, հոգեբանը նշեց, որ տարբեր ժամանակներում ամուսնության տարբեր տարիք է սահմանվում` հաշվի առնելով կյանքի երկարակեցությունը եւ մի շարք այլ հանգամանքներ:
Նշենք, որ Հայաստանում կանանց եւ տղամարդկանց համար պետք է սահմանել միեւնույն ամուսնական տարիքը` 18 տարեկան: Հայաստանի արդարադատության նախարարությունը ՀՀ կառավարության հուլիսի 12-ի նիստի հաստատմանն է ներկայացրել Ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին համապատասխան օրինագիծ: Ներկայումս ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված` կանանց համար` տասնյոթ, իսկ տղամարդկանց համար` տասնութ տարեկան տարիքի հասնելը:
Արդարադատության նախարարությունն այս առաջարկը պայմանավորում է տղամարդկանց եւ կանանց միջեւ գենդերային անհավասարությունը վերացնելու անհրաժեշտությամբ:
News.am






Facebook
Tweet This
Email This Post
