«Տատիկին դաջվածքները» դիտելիս` թուրքերից շատերն արձագանքել են. «իմ մեծ մայրս էլ դաջվածք ուներ»
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | July 11, 2012 14:57«Խանում տատը մյուսների նման չէր: Մանկուց նրան իբրև վատ կին եմ հիշում: Խուսափում էր ֆիզիակական շփումից: Նա մի տատ էր, որը երբեք չէր գրկում կամ համբուրում: Եվ ձեռնոց էր դնում` թաքցնելով իր ձեռքերն ու դաջվածքները` թաքցնելով իր գաղտնիքը»,- այսպես է Սյուզան Խարտալյանը նկարագրում իր տատին, ում մասին էլ պատմում է նրա «Տատիկին դաջվածքները» ֆիլմը, որը ներկայացված է «Ոսկե ծիրան» երևանյան 9-րդ կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» մրցութային ծրագրում:
Նա իր ֆիլմով լույս է սփռում հազարավոր մոռացված հայ կանանց ճակատագրի վրա, որոնք փրկվելով Ցեղասպանությունից, հարկադրված մարմնավաճառությամբ են զբաղվել և դաջվել` տեղացի կանանցից տարբերվելու համար:
Ֆիլմը ներկայացվել է տարբեր երկրներում, նաև Թուրքիայում: «Ես անձամբ չկարողացա գնալ Թուրքիա, բայց ստացել եմ բազմաթիվ նամակներ, sms տեքստեր հիմնականում հետևյալ բովանդակությամբ` իմ մեծ մայրս էլ դաջվածք ուներ, իմ մեծ մայրս էլ հայուհի էր, բայց այդ մասին մենք չենք խոսում»,- ասաց Ս. Խարտալյանը:
Նրա խոսքով, նման ֆիլմ նկարահանելով մեկ նպատակ էր հետապնդում` այնպես անել, որ ֆիլմում չարտասանելով «Ցեղասպանություն» բառը, յուրաքանչյուր դիտորդ հասկանար, որ «դա իմ ինքնությունն է»:
Նրա կարծիքով, թեև արվեստը չի կարող հարցեր լուծել, բայց արվեստը կարող է խնդիր բարձրացնել:






Facebook
Tweet This
Email This Post
