Մերոնց մրցելույթների օրերն առաջիկա օլիմպիական խաղերում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | July 11, 2012 14:59

Հայտնի Է Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերում Հայաստանի 25 ներկայացուցիչների մրցելույթնեդրի օրացույցը: Հայաստանի օլիմպիականներն իրենց մրցելույթը կսկսեն հուլիսի 28-ին և կավարտեն օգոստոսի 12-ին, այսինքն` հուլիսի 27-ին կայանալիք օլիմպիական խաղերի բացումից 1 օր անց և խաղերի փակման արարողության օրը:

Առաջինը մրցասպարեզ դուրս կգան 60 կգ քաշային ձյուդոյիստ Հովհաննես Դավթյանը, մարմնամարզիկ Արթուր Դավթյանը, հրաձիգ Նորայր Բախտամյանը և բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը: Բախտամյանը հանդես կգա 10 մ հեռավորությունից օդամղիչ ատրճանակով կրակահերթերում:

Հուլիսի 29-ին մրցելույթները կսկսեն 66 կգ քաշային ձյուդոյիստ Արմեն Նազարյանը և լողորդուհի Անահիտ Բարսեղյանը: Վերջինս  հանդես կգա 100 մ թիկնալողի մրցումներում: Հուլիսի 31-ին  100 մ ազատ ոճով լողի մրցումներին կմասնակցի Միքայել Քոլոյանը:

Օգոստոսի 3-ին մրցասպարեզ դուրս կգան հեռացատկորդներ Վարդան Փահլևանյանը և Արսեն Սարգսյանը:

Օգոստոսի 5-ը հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանի փորձության օրն Է, օգոստոսի 6-ին մրցագորգ դուրս կգա հունահռոմեական ոճի մեկ այլ ըմբիշ՝ 120 կգ քաշային Յուրի Պատրիկեևը, իսկ օգոստոսի 7-ին կարողությունները կփորձեն նրանց թիմակիցները՝  66կ գ քաշային Հովհաննես Վարդերեսյանը և 96 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը:

Օգոստոսի 5-ին հրաձիգ Բախտամյանը հանդես կգա 50 մ հեռավորությունից օդամղիչ ատրճանակով կրակահերթերում: Օգոստոսի 8-ին  ուժերը  կփորձի նիզականետորդ Մելիք  Ջանոյանը, իսկ օգոստոսի 9-ին՝ նիզականետորդուհի Քրիստինե Հարությունյանը:

Օգոստոսի 10-ին  մրցելույթները կսկսեն 80 կգ քաշային թհեքվանդոյիստ Արման Երեմյանը և ազատ ոճի ըմբիշ Միհրան Ջաբուրյանը: Հայաստանի ազատ ոճի ևս երկու ըմբիշներ՝ 84կգ քաշային Հաջիմուրադ Նուրմահոմեդովը և 66 կգ քաշային Դավիթ Սաֆարյանը հանդես կգան համապատասխանաբար օգոստոսի 11-ին և 12-ին:

Օլիմպիական խաղերին կմասնակցեն Հայաստանի 25 մարզիկներ, որոնցից 2-ը՝ լողորդներ Միքայել Քոլոյանը և Անահիտ Բարսեղյանը, այսպես կոչված «սպիտակ քարտով», այսինքն` հատուկ կարգավիճակով` առանց  վարկանիշի են օլիմպիականներ դարձել:

Դիտվել է 1387 անգամ:
Print Friendly

Leave a Reply