Նախատեսվում է կրճատել մի շարք տարածքային հարկային տեսչություններ
ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | July 11, 2012 12:13
ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է իր աշխատակազմի կառուցվածքում կատարել փոփոխություններ: Այդ նպատակով մշակվել է «ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» կառավարության 2008 թ. սեպտեմբերի 4-ի որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, որն ընդգրկված է կառավարության հուլիսի 12-ի նիստի օրակարգում:
Նախագծով առաջարկվում է օպտիմալացնել հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքը՝ կրճատելով որոշ տարածքային հարկային տեսչություններ:
Ըստ այդմ, մասնավորապես, նախատեսվում է միացման ձևով վերակազմակերպել Ապարանի և Թալինի տարածքային հարկային տեսչությունները՝ դրանք միացնելով Աշտարակի տարածքային հարկային տեսչությանը, Մեղրիի տարածքային հարկային տեսչությունը՝ այն միացնելով Կապանի տարածքային հարկային տեսչությանը, Նոյեմբերյանի տարածքային հարկային տեսչությունը՝ այն միացնելով Իջևանի տարածքային հարկային տեսչությանը, Տաշիրի և Թումանյանի տարածքային հարկային տեսչությունները՝ դրանք միացնելով Վանաձորի տարածքային հարկային տեսչությանը:
ՀՀ ԿԱ պետեկամուտների կոմիտեի հիմնավորմամբ, առաջարկվող փոփոխությունները միտված են հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումներին, բիզնես միջավայրի բարելավմանը, հարկ վճարողների հետ շփումների նվազեցմանը և հարկային մարմնի գործառույթների իրականացման արդյունավետության բարձրացմանը:
«Փաստինֆո» լրատվական գործակալություն






Facebook
Tweet This
Email This Post
