Հայաստանում խոզի գրիպով հիվանդացության դեպքեր չեն արձանագրվել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 4, 2009 15:45

Քուշկյան«Հարեւան երկրներում A/H1N1 դեպքեր արձանագրվել են, և մենք պետք է շատ ուշադիր լինենք` կանխելու մեր հանրապետություն վարակի ներթափանցումը»,-ասել է ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

Հայաստանում խոզի գրիպ վարակով հիվանդացության դեպքեր չկան. վարակի ներթափանցումը կանխող աշխատանքներն իրականացվում են խիստ հսկողության ներքո:

Նախարարի խոսքերով` իրականացվում են անհրաժեշտ հակահամաճարակային միջոցառումները, բոլոր սահմանային կետերում աշխատում են հատուկ մասնագիտացված խմբերը` 24-ժամյա ռեժիմով, այցելում են նաեւ մոնիտորինգային խմբեր: Հիգիենիկ հակահամաճարակային տեսչության աշխատակիցներն այսօր կմեկնեն Բագրատաշեն` տեղում ծանոթանալու իրավիճակին:

Վարակի հայտնաբերման դեպքում կարող է օգնել Տամիֆլյու դեղամիջոցը, որով Հայաստանն ապահովված է: Պատվաստանյութ, սակայն, դեռ չի ներկրվել, քանի որ դրա արտադրության վերաբերյալ տեղեկությունները խիստ հակասական են: «Արտադրությամբ զբաղվում են Ռուսաստանում, Եվրոպայում եւ ԱՄՆում: Պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ տվյալները խիստ հակասական են: Երբ ստույգ կլինի, որ պատվաստանյութն անվտանգ է եւ կարելի է օգտագործել, մենք եւս այն ձեռք կբերենք»,-վստահեցրեց նախարարը:

Նա նշեց, որ հիվանդության Հայաստան ներթափանցումը մինչ այժմ հնարավոր է եղել կանխել զգուշության շնորհիվ: «Զվարթնոց» օդանավակայանում հատկապես խիստ է հսկողությունն այն երկրներից ժամանող ուղեւորների նկատմամբ, որտեղ հայտնաբերվել է հիվանդությունը:

Ներկայումս տարածված է նաեւ սեզոնային գրիպը, եւ ջերմող անձինք են հայտնաբերվում ամեն օր:

Դիտվել է 2963 անգամ:
Print Friendly

Leave a Reply