Հայաստանյան միությունները հեռուստաեթերը բարեփոխելու կոնկրետ առաջարկներ կներկայացնեն Հանրային խորհրդին
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 10, 2012 18:46
Այսօր՝ հուլիսի 10-ին, Հանրային խորհրդում հերթական անգամ քննարկման է դրվել հեռուստաեթերի մաքրման հարցը:
Ինչպես տեղեկանում ենք ՀԽ պաշտոնական կայքից, քննարկմանը մասնակցել են Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ Հովիկ Մուսայելյանը և Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր Հանրային խորհրդում հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման գործընթացը համակարգող խմբի անդամներն են, Հայաստանի Նկարիչների, Ճարտարապետների, Ժուռնալիստների, Գրողների, Կինեմատոգրաֆիստների միությունների նախագահները, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Հայորդաց տների տեսուչ-տնօրեն Կոմիտաս վարդապետ Հովնանյանը, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի փոխնախագահ Ժիրայր Դադասյանը, “Հեռուստատեսության մաքրման պահանջ” և Նախագահին ուղղված նամակի քաղաքացիական նախաձեռնութան ներկայացուցիչներ Պավել Սարգսյանը (“Մենք” ազգային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն), Վահրամ Միրաքյանը (Տեղեկատվության անվտանգության փորձագետ) և Զաքար Խոչաբաղյանը:
ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը նախ կարևորել է անկախության տարիներին ստեղծված հեռուստատեսային արդյունաբերությունն ու այդ ոլորտում գրանցված հաջողությունները՝ միաժամանակ մտահոգություն հայտնելով բացասական հետևանքների առումով: Նա հայտնել է, որ հեռուստատեսության վերափոխման խնդիրը պետք է կատարվի այնպիսի եղանակով, որ մի կողմից չլինի գրաքննություն, մյուս կողմից՝ վերանան առկա խնդիրները:
ՀԽ անդամ Հովիկ Մուսայելյանը հիշեցրել է, որ դեռևս 2010 թ. Հանրային խորհրդի ջանքերով գրեթե բոլոր հեռուստաընկերությունները ստորագրեցին «Հեռուստառադիոհեռարձակողմերի գործունեության էթիկական սկզբունքների խարտիան», որից հետո ոլորտում էական բարեփոխումներ տեղի ունեցան: Նրա խոսքով, սակայն, այդ բարեփոխումները երկար կյանք չունեցան, և իրավիճակը գնալով ավելի վատացավ, իսկ այսօր հեռուստաեթերը շատ ավելի վատ վիճակում է, քան խարտիան ստորագրելու ժամանակ:
Քննարկման ընթացքում հնչել են հեռուստաեթերը բարելավելու ամենատարբեր եղանակներ՝ սահմանափակումներից մինչև արգելում: ՀՌԱՀ փոխնախագահ Ժիրայր Դադասյանի կարծիքով, պետք չէ գնալ արգելման ճանապարհով, պետք է պարզապես մտցնել որոշակի սահմանափակումներ և հասնել նրան, որ օրինակ, բռնություն, ագրեսիա կամ էրոտիկա պարունակող ֆիլմերը կամ հեռուստահաղորդումները ցուցադրվեն կեսգիշերից հետո:
Գրողների միության նախագահը, սակայն, կողմնակից է առավել կոշտ մեխանիզմների. ըստ նրա, եթե որևէ բան անթույլատրելի է, ապա անթույլատրելի է ցանկացած ժամի, և պետք է ընդհանրապես արգելել: Նրա կարծիքով, այսօր մենք կանգնած ենք ոչ թե հեռուստատեսային աղբի, այլ հեռուստատեսային աղետի առջև:
Ինչ վերաբերում է հեռուստասերիալներին, ապա տեղեկատվական փորձագետի կարծիքով, այսօրվա հեռուստաեթերը ոչ թե պարզապես ցուցադրում է քրեածին բովանդակությամբ սերիալներ, այլ զբաղվում է դրա քարոզչությամբ:
Քննարկվել են նաև հեռուստաեթերի խնդիրները ծնող պատճառները՝ օրենսդրական բացեր, օրենքի չկիրառում, պետական, ազգային գաղափարախոսության բացակայություն, ոչ պրոֆեսիոնալ կադրերի մուտք հեռուստատեսություն և այլն:
Հնչել են մի շարք առաջարկներ՝ Վարչական օրենսգրքում լրացումներ կատարելու անհրաժեշտություն, որը կսահմանի հստակ վարչական տույժեր, վերլուծական փորձագիտական կենտրոնի ստեղծում, որը կզբաղվի հեռուստաարտադրաքի որակի ուսումնասիրությամբ, մրցանակաբաշխությունների անցկացում, ինչը կխթանի որակյալ հեռուստաարտադրանքի ստեղծմանը,մանկապատանեկան հեռուստահաղորդումների ավելացում, սոցիալական գովազդի մասին օրենքի ընդունում, եվրոպական փորձից օգտվելու անհրաժեշտություն և այլն:
Կարևորելով օրենսդրական բարեփոխումներն ու դրանց կիրառումը՝ քննարկման մասնակիցները, միաժամանակ, փաստել են, որ անգամ ամենախիստ օրենքների դեպքում
հնարավոր է՝ լինեն բացթողումներ և թերացումներ: Առաջարկներից մեկն էլ վերաբերել է հասարակական մի մարմնի ստեղծմանը, որտեղ ներկայացված կլինեն ամենատարբեր ոլորտի մասնագետներ, և այն դեպքերում, երբ հնարավոր չի լինի խնդիրը կարգավորել օրենքով, կիրառել հասարակական մարմնի որոշումը:
ՀՌԱՀ փոխտնօրեն Ժիրայր Դադասյանը հայտնել է, որ իրենք ժամանակին սահմանել են հեռուստաեթերը կարգավորող չափորոշիչներ, սակայն օրենքի փոփոխության հետևանքով դրանք չեն կիրառվել, որից հետո չափորոշիչներ մշակելու և ներկայացնելու գործը հանձվել է Ազգային ժողովին: Անցել է 2 տարի, սակայն այդ չափորոշիչները դեռևս չեն ներկայացվել: Ուստի բարձրացվել է Ազգային ժողովի համապատասխան հանձնաժողովին դիմելու և խնդիրը վերանայելու հարցը:
Հեռուստաեթերի մաքրման գործում հոգևոր ներկայացուցիչը կարևորել է ազգայինն ու ապազգայինը տարանջատելու անհրաժեշտությունը, որին հետևել է հարցը պետական և ազգային գաղափարախոսության համատեքստում դիտարկելու կարևորությունը: Ներկաների կարծիքով, դա առանցքային դեր ունի բոլոր խնդիրների կարգավորման գործում:
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի առաջարկով քննարկմանը ներկա միությունների կողմից մեկ շաբաթվա ընթացքում կներկայացվեն ոլորտը բարեփոխելու կոնկրետ առաջարկներ:
Հանրային խորհրդում հարցի վերաբերյալ քննարկումները կշարունակվեն հասարակության այլ խմբերի մասնակցությամբ, որից հետո, բոլոր առաջարկները հաշվի առնելով, կստեղծվի որոշակի փաստաթուղթ և կներկայացվի հանրապետության նախագահին:






Facebook
Tweet This
Email This Post
