Վրացական կինոյի դասականը Երևանում է` նվերներով

ՄՇԱԿՈՒՅԹ, Շաբաթվա լուր | | July 10, 2012 17:42

Երևանյան շոգն էլ ավելի է թեժացել «Ոսկե ծիրան» միջազգային 9-րդ կինոփառատոնի մեկնարկով. օտարերկրյա հյուրեր, կարմիր գորգ և  համաշխարհային հռչակ ունեցող կինոգործիչներ, հանդիսատեսով լեցուն կինոսրահներ, հանդիպումներ մշակույթի աշխարհի ներկայացուցիչների  հետ: Մշակութային կյանքի ակտիվ եռուզեռը կշարունակվի մինչև հուլիսի 15-ը, երբ փառատոնը հանդիսավոր կփակվի:

Փառատոնի շրջանակներում Երևանում է վրացական կինոյի լեգենդ Էլդար Շենգելայան. Վերջինս փառատոնի պատվավոր հյուրն է:  «Ոսկե ծիրանի» բացման արարողությանը վրացի կինոգործիչն արժանացավ «Փարաջանովյան թալեր» մրցանակին, որը մեծ պատիվ է համարում: Այստեղ նա կմասնակցի նաև իր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններին` փառատոնի օրերին կցուցադրվեն նրա «Արտասովոր ցուցահանդես», «Խելառները», «Կապույտ լեռներ կամ անհավանական պատմություն», «Սամանաշվիլու խորթ մայրը» ֆիլմերը:

Շենգելայան ծնվել է կինոռեժիսորի և վրացական համր կինոյի աստղի ընտանիքում: Ծնողների և այն ժամանակվա կինոգործիչների մասին խոսելիս` ասում է. «Նրանք որևէ տեղ չեն սովորել, այն ժամանակ ռեժիսորների, սցենարիստների համար կինոդպրոցներ կամ բուհեր չեն եղել, ինքնուսների սերունդ էր  և իրենք էին հարթում իրեն ճանապարհը կինոմատոգրաֆում: Բայց մենք հիմա կարող ենք նրանցից սովորել, թե ինչ է կինոմատոգրաֆը»:

Կադր «Սամանաշվիլու խորթ մայրը» ֆիլմից

Շենգելայան կինոռեժիսորի մասնագիտությունը միանգամից չի ընտրել. Կես տարի հիդրոտեխնիկակկան ֆակուլտետում ուսանելուց հետո միայն հասկացել է, որ դա իրենը չէ և պետք է կինոյի աշխարհ մուտք գործի:

« Մոտ կես տարի լուրջ սովորում էի, գրադարան գնում: Եկան քննությունները: Տարբեր առարկաներից էինք քննություն հանձնում, այդ թվում և ռուս գրականությունից: Ես ծածկաթերթիկ ունեի, որ առարկային լավ տիրապետող մի աղջիկ էր տվել: Եվ  իմ թեման` «Գորկին և սոցիալիստական ռեալիզմը» նկարի պես արտատպեցի»,- պատմում է Շենգելայան` հավելելով, որ հաջորդ օրը պարզվել է, որ միակ «հինգն» ինքը` վրացի տղան է ստացել:

Պատմում է, որ քննություններին մորը թույլ չի տվել իր հետ գնալ. « Մայրիկիս ասացի, որ եթե հանկարծ գա քննությանը, ես կհեռանամ»: Բանավոր քննությանը, երբ օրվա ավարտին դեռ իրեն հերթ հասած չի լինում, մոր սիրտը չի դիմանում և տղայի մոտ է գալիս. « Հանկարծ ասում, են, որ մի կին է ինձ հարցնում: Դուրս եմ գալիս, մայրս է: Թե սոված ես, արի գնանք մի տեղ հաց կուտես, հետո ես կհեռանամ: Մայրս  սնունդ է պատվիրում և 100 գրամ օղի: Մտածում եմ` մայրիկն է ուզում խմել: Ասում է` սա քեզ, որ առույգանաս: Խմի ու գնա քննության»:

Ընդունվելուց հետո էլ մայրը կասկածամտությամբ էր վերաբերվում տղայի սովորելուն: Անգամ ստուգման գրքույկի «չորս» և «հինգ» գնահատականների իսկությունը ճշտելու համար դեկանատ է գնացել:

Ավարտական աշխատանքով էլ սկիզբ է դրվում Շենգելայայի կինոստեղծ աշխատանքին: Դասախոսը Շենգելայային և նրա ընկերոջը մի անհաջող սցենար է տալիս` ասելով, որ եթե իսկապես կինոռեժիսորներ են, ապա դրանից գոնե միջակ ֆիլմ կստանան: Սկսվում են ավարտական աշխատանքի` «Սառցե սրտի լեգենդը» ֆիլմի նկարահանումները: « Հինգ ստացանք, բայց մեր դասախոսն վերջում ասաց, որ ճաշակի հետ խնդիր ունենք: Համամիտ եմ նրա հետ: Առաջին աշխատանքն էր և ինչ-որ բաներ այն չէին»:

Մեկ տարի անց երկու ընկերներով նկարահանում են «Ձնե հեքիաթ» ֆիլմը մանուկների համար: Սկզբում գովեստի խոսքերի արժանացած ֆիլմը մի քանի օր անց վատաբանվում է. Կինոստուդիայի տնօրենը հայտնում է, որ ամառանոցում ֆիլմը նայել են և չեն հավանել:

Կադր «Արտասովոր ցուցահադես» ֆիլմից

«Այնքան փոքր հոնորար տվեցին, որ ընդամենը մի  գիշերանոթ գնեցի. այդ ժամանակ նոր էր ծնվել առաջին դուստրս` Նատաշան:  Բերեցի տուն և կնոջս ասացի,  թե ահա այն ամենը, ինչ վաստակել եմ: Կինս էլ թե` շատ լավ է, պետքական իր է»:

Ռեժիսորը մեծ ճանաճում ձեռք բերեց «Արտասովոր ցուցադրություն» ֆիլմով: Այն Խորհրդային Միության տարածքում, սակայն, շատ չցուցադրվեց. «Ֆիլմը դուրս եկավ այն ժամանակ, երբ Լենինի 100 ամյակն էին նշում և ամենուրեք միայն նրա  մասին ֆիլմեր էին ցույց տալիս: Այդ պատճառով էլ իմ ֆիլմը երկրորդ պլան մղվեց և չցուցադրվեց: Տարիներ անց միջազգային կինոփառատոններում ուշադրության արժանացավ, կինոաշխարհում արձագանքներ եղան, բայց մրցանակի չարժանացավ, քանի որ արդեն հին աշխատանք էր»:

Իր ֆիլմերը Շենգելայան համարում է իր երեխաները` հրաժարվելով տարբերակել նրանց: Սակայն իր կյանքի ամենամեծ ձեռքբերումը համարում է իր երեխաներին, ոչ ֆիլմերը:

Անդրադառնալով իր և Սերգեյ Փարաջանովի ընկերությանը` պատմում է, որ նրան վրացական տարբերակով Սերգո էին կոչում` մեծ մարդ էր:

Երբ փարաջանովին բանտից ազատ են արձակում, բայց արգելում ֆիլմ նկարահանել, Շենգելայան նախաձեռնում է կազմակերպել նրա աշխատանքների ցուցահանդես:  « Արդեն պատրաստվել էինք ցուցահանդեսին, երբ իմ աշխատասենյակ մտան երկու մարդիկ: Մեկն ասում է` ինչու եք առանց մեր թույլտվության ցուցահանմդես կազմակերպում»: Պարզվում է, որ ԿԳԲ-ի ներկայացուցիչներ են:  Բացատրություններից հետո, թե ցուցահանդեսն այլևս անհնար է արգելել, քանի որ հայտարարվել է և բոլորը բացմանն են սպասում, ԿԳԲ-ի աշխատակիցները պնդում են, որ գոնե բացումից առաջ ուսումնասիրեն ցուցանմուշները:

«Պատմեցի Սերգոյին, ասաց, թե մի կոլաժ կանի, որ հարցը կլուծի: Առավոտյան գալիս եմ ու տեսնում եմ, որ Լենինի Կոլաժ է արել, որ կողմից նայում ես, Լենինն է: Կոլաժը և տեղադրեցի ցուցասրահում`սկզբնական նեյտրալ կոլաժներից հետո: Դրանից հետո տեղադրվածների  համար վախենում էինք,- պատմում է Շենգելայան:- Եկան ԿԳԲ-ի ներկայացուցիչները, նեյտրալ կոլաժներն այնպես էին նայում, կարծես ինչ-որ բան էին փնտրում: Հասան Լենինին, զարմացած կանգնեցին և հետո, թե մնացածն այլևս հետաքրքիր չէ, եթե Լենինը կա, թող ցուցահանդեսը կայանա»:

Շենգելայան դատարկաձեռն չի եկել Երևան` Փարաջանովի թանգարանին  է բերել մեծ արվեստագետի լուսանկարները:

Դիտվել է 1737 անգամ:
Print Friendly

Leave a Reply