“Հարսնաքարի” գործով ձերբակալված 6 անձանց սպասվում է 5-10 տարի ազատազրկում

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 10, 2012 16:32


ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի վարչության բաժնի պետ Արսեն Այվազյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց սույն թվականի Հունիսի 17-ին Երևանի Ավան վարչական շրջանում գտնվող “Հարսնաքար” ռեստորանային համալիրում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ որոշ պարզաբանումներ` ելնելով մինչ այս կատարված նախաքննության արդյունքներից: Հունիսի 19-ից այս քրեական գործը գտնվում է ՀՀ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության վարույթում:
Ինչպես նշեց Ա. Այվազյանը, սկզբում Վահե Ավետյանն իր ընկերների հետ գտնվել է Արզնիի ձորում, որտեղ նշելիս են եղել իրենց ընկերոջ ծննդյան տարեդարձը: Որոշ ժամանակ անց, Վահե Ավետյանի առաջարկով, նրանք որոշել են գնալ “Հարսնաքար” ռեստրանային համալիր` խնջույքն այնտեղ շարունակելու և երաժշտություն լսելու նպատակով: Արդեն “Հարսնաքարում”` ռեստորանային համալիրի բացօթյա սրահում, մատուցողներից Դավիթ Ադամյանը, ով հայտնի է նաև Ալիկ անունով, դիտողություն է արել Վահե Ավետյանին` հայտնելով, որ սպորտային համազգեստով մուտքն արգելվում է: Վահե Ավետյանը մեկնել է տուն, փոխել հագուստն ու վերադարձել միացել իր ընկերներին, ովքեր նրան սպասելիս են եղել ռեստորանային հաամալիրի բացօթյա սրահում: Ու երբ Վահե Ավետյանը վերադարձել է սրահ ու նույն մատուցողը`Գարիկ Ադամյանը մոտեցել է նրանց, Ավետյանը հարցրել է, թե կարող է գլխարկով էլ է արգելվում մուտքը ռեստորանային համալիր: Եվ այդ հարցի կապակցությամբ վիճաբանություն է առաջացել մատուցողի և Ավետյանի միջև, որը շարունակվել է ռեստորանի բակում, որտեղ մատուցողը բռունցքով հարվածել է Վ. Ավետյանի դեմքին: Այդ հարվածին արդեն հաջորդել է ռեստորանային համալիրի մի խումբ աշխատակիցների միջամտությունն ու Վահե Ավետյանին ու նրա ընկերներին ծեծի ենթարկելը: Արդյունքում Ավետյանն ու նրա ընկերներ Արտակ Բայադյանը և Գարիկ Սողոմոնյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ էլ հունիսի 29-ին մահացել է Վահե Ավետյանը:
Քրեական գործի շրջանակներում Վահե Ավետյանը, Արտակ Բայադյանը, Գարիկ Սողոմոնյանն, Էդգար Նիկոյանը և Արկադի Աղաջանյանը ճանաչվել են տուժողներ: Նրանց նկատմամբ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Գործի շրջանակներում կատարված հանցագործությանը մասնակցության անմիջական կասկածյալներ ձերբակալվել են 7 հոգի` “Հարսնաքար” ռեստորանային համալիրի աշխատակիցներ Գարիկ Մարգարյանը (անվտանգության աշխատող), Արման Խաչատրյանը (անվտանգության աշխատող), Արման Բաղդասարյանը (անվտանգության աշխատող), Նորայր Հայրապետյանը (անվտանգության աշխատող), Արթուր Բաբլոյանը (վարորդ-առաքիչ), Գարիկ Ադամյան (մատուցող) ու Դավիթ Հայիրյան (մենեջեր):
Այնուհետև հարցաքննվել են բոլոր ձերբակալվածները, նրանէ բոլորն էլ ճանաչման են ներկայացվել տուժողներին: Արդյունքում բոլոր 4 տուժողներն էլ նշել են, որ իրենց ծեծի ենթարկող անձիք են նշված 7 ձերբակալ;ված անձանցից վեցը` բացառությամբ մենեջեր Հայիրյանի:
Այս վեց անձանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի համապատասխան կետերով: Այս հանցանքի կատարման համար քրեական օրենսգիրքը նախատեսում է միայն մեկ պատժատեսակ, այն է` ազատազրկում 5-10 տարի ժամանակով:
Այվազյանը վստահեցրեց, որ նախաքննական մարմինը կատարել և կատարելու է բոլոր գործողությունները` ապահովելու օբյեկտիվ քննություն:

Վահե Մակարյան

Դիտվել է 1334 անգամ:
Print Friendly

Leave a Reply