Կվերականգնվի՞ արդյոք Գիլին. մասնագետներն ասում են, որ դրա համար ժամանակ է պետք

Շաբաթվա լուր | | November 4, 2009 13:40

Նախորդ դարասկզբին Սևանա լճի մոտ եղել է Գիլի լիճը, որը հարուստ էր կենդանական ու բուսական աշխարհով: Սևանի իջացման հետ երկրիը զրկվեց նաև այդ լեռնային լճից: Մի քանի անգամ ծրագրեր են մշակվել Գիլին վերականգնելու համար, սակայն դա չի իրականացել: Մասնագետները պնդում են, որ, քանի Սևանը չի հասել իր նախկին մակարդակին` Գիլիի վերականգնումը վնասակար է:


«Երանի թե աչքերս նորից տենային էն հրաշք պատկերը, երբ կար Գիլին,- հիշում է 80-ամյա նորակերտցի Սուրեն Հովհաննիսյանը,- որ իրիկունը գալիս էր, ամեն տեսակ թռչունի ձեն կլսեիր: Էլ չեմ ասում, որ սաղ օրը տղերքով Գիլի էինք, քանդում էինք սագ ու բադի բները, բռնում ճտերին, բերում տուն՝ պահում»:

Գիլին 50 տարի առաջ գոյություն ունեցող մի լիճ էր Երևանից մոտ 170 կմ Սևանա լճի հարավ-արևելյան մասում` Վարդենիս քաղաքի մոտ, Մասրիկ գետի գետաբերանում: 2 մետր միջին խորությամբ Գիլին եղել է մոտ 1000 հա մակերեսով ջրաճահճային լիճ (ջրաճահճային լիճն այն է, որտեղ կան և ջրային, և ճահճային տարածքներ), որի տեղը այժմ տորֆի հանքեր են և կարտոֆիլի ու հացահատիկի դաշտեր: Այնտեղով անցնողի մտքով չի անցնի, որ նախկին լճի տեղով է քայլում:
Գիլին վերջնականապես չորացրեցին 1959 թվին, սակայն այն սկսեց իջնել 1933 թվից սկսած, երբ սկսվեց Սևանի իջեցման ծրագիրը: Գիլին հաղորդակից անոնթերի պես կապված էր Սևանին, և երկու լճերը գտնվում էին համարյա նույն մակարդակին(Գիլին մինչև 50 սմ բարձր էր Սևանից) և Սևանը իջնելով Գիլիի ջրերեն էլ քաշվեցին:

dscn2323

Մասրիկ գետը, որից սնվում է Գիլին

Գիլին բացի Մասրիկ գետից, սնվում էր նաև սարերից եկող աղբյուրներով: Ու, երբ Սևանն իջեցրեցին, Գիլին դեռ կար: Իշխանությունները որոշեցին Գիլին ամբողջությամբ չորացնել, տորֆով հարուստ տարածքներում առատ գյուղատնտեսական բերք ստանալու ակնկալիքով: Մասրիկ գետի հունը փոխեցին դեպի Սևան, իսկ սարերից եկած ու ներքին աղբյուրներից կուտակված ջրի համար փորեցին դրենաժներ(կանալներ), որոնք նույնպես ուղղեցին դեպի Սևան:
Նորակերտում ամեն ահել ու ջահել գիտի, որ իրենց ծնողները ժամանակին Գիլի լճում բազմացող թռչունների ձվերը հավաքել ու ձվածեղ են արել:
1927թ. հիմնադրված Նորակերտի գյուղապետ Գերասիմ Սարգսյանն ասում է, որ, երբ Արևմտյան Հայաստանից՝ Վանից, Ալաշկերտից, Բիթլիսից իրենց պապերը եկել ու տեսել են Գիլին, որոշել են նրա մոտ կառուցել իրենց գյուղերը:

«Որովհետև լիճը ապրուստի միջոց էր իրենց համար,- ասում է Սարգսյանը,- թռչունն ու ձուկը՝ միս, ձուն՝ ձվածեղ: Լիքը եղեգ կար, որ ձմեռն օգտագործում էին որպես վառելիք, ամառը՝ անասնակեր»:
Գիլիին տեղացիներն ասել են սազ՝ ճահճուտ: Տարեցները հիշում են նաև, որ Գիլիում կար ղազերի թալա(բադերի նստելատեղի), Հուսոյի ղառխու՝ (ղամիշ,եղեգ) տեղ, որտեղից միայն Հուսոն է եղեգ քաղել, ձկան ախպուր….
Գիլին եղել է թռչունների համաշխարահային չուի խաչմերուկում` հարավից հյուսիս և հյուսիսց հարավ: Այստեղ նրանք կանգ էին առնում, իսկ ձմռան բարենպաստ պայմանների դեպքում էլ ձմեռում:
Հայաստանի Կենդանաբանության ինստիտուտի տվյալներով Հայաստանում գրանցված 352 թռչնատեսակից 267 –ը հանդիպում է Սևանա լճի ավազանում, որոնցից 90 տեսակը բազմանում են ջրաճահճային տարածքների առկայության պարագայում:
Կենսաբանական գիտությունների թեկնածու, թռչնաբան Նշան Մարգարյանն ասում է, որ Գիլիի չորացումը բացասական ազդեցություն ունեցավ Սևանա ավազանի ցամաքային կենսաբազմազանության վրա:
Սևանա ավազանի ջրաճահճային տարածքներում բազմացող 90 տեսակներից 57-ը բնադրող էին, իսկ Գիլիի չորացումից հետո այսօր մնացել են 8-10 տեսակ: Լճի վերացման հետևանքով բնադրելուց դադարեցին մեծ ու փոքր ձկնկուլները, տարգալկտուցը, քաջահավը, մոխրագույն սագն ու բադը, տուրպանը և բազմաթիվ այլ տեսակներ: Այժմ հանդիպում են կարմիր բադերը, սահմանափակ քանակությամբ կռնչան բադեր, և մի քանի տեսակ կտցարներ:

dscn2293

Նախկին Գիլի լճում այժմ հարթավայրային տարածություն է

ՀՀ Բնապահպանության նախարարության Շրջակա միջավայրերի պահպանության վարչության պետ Արամ Գաբրիելյանն ասում է, որ գետաբերաններին առաջացած լճերը մեծ նշանակություն ունեն էկոհամակարգերի համար: «Ընդհանրապես ջրաճահճային տարածքները ամբողջ երկրագնդի համար էկոհամակարգեր ձևավորող տարածքներն են,- ասում է Գաբրիելյանը»:
Հայաստանը 1993թ. միացել է ջրաճահճային տարածքների պահպանման Ռամսարի կովենցիային:
Նախկին կենսաբազմազանությունը վերականգնելու համար 2000թ. իշխանությունները ծրագրում են վերականգնել Գիլին: «Խազեր» հկ-ի և Բնապահապանության նախարարության նախաձեռնությամբ և Գլոբալ էկոլոգիական ֆոնդի(ԳԷՖ) միջոցներով մշակվեց Գիլին վերականգնելու նախագիծ:
«Խազեր» հկ նախագահ Ամալյա Համբարձումյանն ասաց, որ 4 ամիս տևած հետազոտություններին մասնակցեցին 32 միջազգային փորձագետներ՝ միջատագետ, ձկնագետ, հիդրո և այլ մասնագետներ: Նախագծի վրա ծախսվել է 28 300 ԱՄՆ դոլար, որից 25 000 դոլար տրամադրել են ՄԱԿ Զարգացման ծրագիրը(ՄԱԶԾ-ն)և ԳԷՖ, իսկ 2500 և 800 դոլարով իրեղեն համաֆինանսավորմամբ մասնակցել են Բնապահպանության նախարարությունն ու «Խազեր» հկ-ն:
Արամ Գաբրիելյանն ասաց, որ ԳԷՖ կենսաբազմազանության կոնվենցիան գումար է տալիս այն դեպքում, երբ խնդիրը համարվում է համաշխարհային նշանակության: «Համաշխարհային չուի ճանապարհին Սևանը միակ քաղցրահամ լիճն է, որտեղ չվող թռչունները կարող են կանգ առնել: Սևանը կերի բազա է, իսկ Գիլին ձվադրման տեղ,- ասում է Գաբրիելյանը,- բացի այդ մենք կարողացանք ապացուցել, որ Գիլիի չորացմամբ հայկական որորի (էնդեմիկ, այսինքն տեղածին) հետագա բազմացումը վտանգված է»:
Նախագիծը պատրաստվում է, որի իրագործման համար ԳԷՖ-ը պետք է հատկացներ 970 000 դոլար: Կազմվում է հուշագիր, որը ստորագրում են Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանը , ԳԷՖ ներկայացուցիչ Լիզե Գրանդեն, Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը և Նորակերտի գյուղապետ Վահրամ Մխիթարյանը:
Սակայն նախագիծն այդպես էլ կյանքի չկոչվեց: Արամ Գաբրիելյանն ասում է, որ իրենց բանավոր տեղեկացրեցին, որ ԳԷՖ-ը գլոբալ քաղաքականությունը փոխել է.«այլևս այս կարգի նախագծեր չի հովանավորում»:

dscn2285

Գիլիի տեղում փորված դրենաժ, որով ներքին աղբյուրներից հավաքված ջուրն ուղղվում է դեպի Սևան

Մասնագետներն էլ ասում են, որ Գիլիի վերականգնումը տեխնիակական տեսանկյունից ոչ մի խնդիր չի ներկայացնում. հարկավոր է Մասրիկ գետն ուղղել նախկին հունով, և լցնել գործող դրենաժները: «Դրա համար նույնիսկ փող պետք էլ չի,- կատակում է Նորակերտի գյուղապետը,- եթե 1-2 տարի էս դրենաժն ու սելավատարը տղմից չմաքրեինք, ջուրը կտարածվեր ու Գիլին պատրաստ էր»:
Գյուղապետն ասում է, որ այս տարի տիղմից մաքրել են 8կմ երկարությամբ դրենաժն ու 2.5 կմ երկարությամբ սելավատարը, որտեղ մինչև այժմ սարերից, ընդերքային աղբյուրներից անձևներից ջուր է հավաքվում:
Արամ Գաբրիելյանն ասում է, որ նախագծի իրագործման համար դոնոր գտնելն այսօր որևէ խնդիր չի ներկայացնում, և դա կարող է բնության վերականգնման լավ մոդել լինել: «Սակայն, եթե վերականգնենք ո՞վ է տեր կանգնելու Գիլիին,- հարցնում է Գաբրիելյանը,- հիմա Սևանը որ կա, տեսեք ինչ վիճակ է տիրում»:
Գաբրիելյանն ասում է, որ պետք է աշխատել տեղացիների գիտակցության մակարդակի բարձրացման ուղղությամբ, որպեսզի նրանք գիտակցեն, որ Գիլին իրենց սեփականությունն է, որի տերը հենց իրենք են:
ՀՀ ԳԱԱ Հիդրոէկոլոգիայի ինստիտուտի գիտխորհրդատու, կենսաբանական գիտությունների պրոֆեսոր Ռաֆիկ Հովհաննիսյանն ասում է, որ այժմ Գիլիի վերականգնումը պարզապես չի կարելի, քանի որ դա բացասաբար կազդի Սևանի ինքնամաքրման պրոցեսի վրա:
«Ջուրն անցնելով տորֆային շերտի միջով, որն իրենից ներկայացնում է դարերի ընթացքում քայքայված ու մեռած բուսերի շերտ, իր հետ Սևան է լցնելու այդ օրգանական նյութերը, որի դեմ մենք այսօր հենց պայքարում ենք, որպեսզի Սևանի ջուրը մաքրենք օրգանական նյութերից և դարձնենք խմելու ջրի աստիճան» ,- ասում է Հովհաննիսյանը:
Գիլիի հատակը Սևանից 10 մետրից էլ բարձր է և այն լցնելու դեպքում Գիլիի տորֆային հատակը, որ ծակոտկեն միջավայր է չի կարող ջուրը պահել ու այն կհոսի Սևան:
Երբ Սևանի մակարդակը դեռևս իջած չէր հաղորդակից անոթների սկզբունքով Գիլիից ջուրը չէր գնում դեպի Սևան:
«Այսինքն, որպեսզի մենք կարողանանք խոսել Գիլիի վերականգնման մասին, մենք պետք է մտածենք, թե ոնց Սևանը բարձրացնենք»,- ասում է Հովհաննիսյանը:
Հայաստանի «Կանաչների միություն» հկ նախագահ Հակոբ Սանասարյանը նույնպես այն կարծիքին է, որ Սևանի մակարդակը բարձրացնելուց հետո կարելիմ է խոսել Գիլին վերականգնելու մասին. «առանց Սևանի նախկին մակարդակի Գիլիի վերականգնումը անիմաստ է»:
Իսկ կբարձրանա արդյո՞ք Սևանը 10 մետրով: Այժմ Սևանի մակարդակը 1898մ է ծովի մակերևույթից բարձր: ՀՀ նախագահի աշխատակազմին կից Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովը նախատեսել է 25 տարում բարաձրացնել Սևանի մակարդակը մոտ 5 մետրով` մինչև 1903.5 մ ծովի մակերևույթից բարձր:
Գիլիի տարածքը գտնվում է 4-5 գյուղերի վարչական սահամններումջ, տարածքի մեծ մասը սեփականաշնորհված է մի մասը տրված է վարձակալության:

dscn23001

80-ամյա Սուրեն Հովհաննսիյանն ասում է, որ Սևանը ալիք էր տալիս դեպի Գիլի ու հետ էր գալիս

Գիլիի տարածքներից մոտ 300 հա սեփականացրել է գործարար Գագիկ Ծառուկյանը, որտեղ աճեցնում է կարտոֆիլ և հացահատիկ:
Գյուղապետ Սարգսյանն ասում է, որ գյուղացիների մի մասն ուզում է լճի վերականգնումը, մյուս մասը՝ ոչ:
75-ամյա նորակերտցի Սամվել Սարգսյանն ասում է, որ Գիլիի վերականգնումը չի ուզում, որովհետև հողի մշակությամբ է ապրում իր ընտանիքը: Շատերն են այդպես տրամադրված: Սակայն Լյուդվիգ Գալստյանն ասում է, որ իրատեսական փոխհատուցման դեպքում պատրաստ է զիջել իր հողը հանուն Գիլիի վերականգնման:
«Երբ ես երեխա էի, Գիլին ու Սևանը մի նեղ ճանապարհ էր բաժանում,- հիշում է Սուրեն Հովհաննիսյանը,- մի նեղ տախտակից կամրջատիպ մի բան կար, որ վրեն էինք կանգնում՝ մի կողմից Սևանն էր, մի կողմից՝ Գիլին: Սևանը ալիք էր տալիս, լցվում Գիլի ու հետ գալիս»:
Այս պատկերը Սուրենը էլ չի տեսնի, իսկ կտեսնե՞ն արդյոք նրա թոռները, այժմ ոչ ոք չի կարող պատասխանել:

Դիտվել է 2195 անգամ:
Print Friendly

Leave a Reply