“Ժաննան և ձայները” խորհրդավոր ֆիլմը Արմինե անդայի կողմից

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 9, 2012 17:16


“Ոսկե ծիրանի” այս տարվա վավերագրական ֆիլմերի շարքում ներկայացված է նաև “Ժաննան և ձայները” խորհրդավոր վերնագրով ֆիլմը, որի ռեժիսորն է Միքայել Վաթինյանը, իսկ պրոդյուսերը` Արմինե Անդան:
“Ժաննան և ձայները” հայաստանյան արտադրության լիամետրաժ խաղարկային ֆիլմը Ժաննա անունով երիտասարդ կնոջ պատմություն է, ով հանկարծակի, ռացիոնալ տեսանկյունից անհասականլի մղումով հետպատերազմյան անորոշության և տեսած երազի ազդեցությամբ հրաժարվում և հեռանում է ամեն ինչից ու սկսում թափառել երկրով: Զրկելով ինքն իրեն կենսագրությունից և, փաստորեն, վերածվելով այլմոլորակայինի` նա կարծես նորից է կլանում աշխարհը` ի դեմս իրեն անծանոթ մարդկանց ու Հայաստանի հզոր բնության` լսելով նրանց “ձայները”: Ֆիլմը ոգեշնչված է Ժաննա դ’Արկ լեգենդից:
“Ժանան ճանապարհորդում է ամայի ու մեկուսացված Հայաստանով: Իր պատմական նախակերպարի` Ժաննա դ’Արկի պես նրան առաջ են շարժում անմարմին ձայները` նրան տանելով դեպի նրա համար անիմանալի նպատակը: Ֆիլմում Ժաննան մենակ է ներկայացվում բնապատկերում, գրոտեսկային անտառներում, դատարկ գործարաններում ու քամուց բզկտված դաշտերում: Բայց ո՞վ է այն մարդը, որ փոշոտ ներքնահարկում, մթության միջից կանչում է նրան, և ի՞նչն է Ժաննային քայլող ուրվական դարձրել: “Ժաննան և ձայները” ֆիլմը համարյա անխոս ֆիլմ է, որի արտահայտիչ լեզուն հիշեցնոմ է ռուս վարպետներին ու Անդրեյ տարկովսկուն: Դրամատիկ բնապատկերը դառնում է Ժաննայի կրկնորդը, իսկ հետին պլանում` մի տեղ, երևում է նրա իսկական դեմոնը` Լեռնային Ղարաբաղի բրուտալ կոնֆլիկտը…”: Ահա այսպես է մեկնաբանում ֆիլմի սյուժեն ու գաղափարը շվեդացի կինոգետ Ջոակիմ Բրինկը:
Անձամբ իր` Արմինե Անդայի համար Ժաննա դ’Արկը մի կերպար է, որն իր հավատալու շնորհիվ փրկեց մի ամբողջ երկիր, և հենց այս կերպարի գաղափարախոսության վրա էլ Արմինեն ստեղծել է իր ֆիլմի Ժաննայի կերպարը:
Ֆիլմը ստեղծվել է Միքայել Վաթինյանի հետ համատեղ: Ռեժիսորը նա է, սակայն թե’ պրոդյուսերը, թե’ գլխավոր դերակատարուհին և թե’ համասցենարիստը Արմինեն ինքն է:
Դերասանուհի, պրոդյուսեր և գրող Արմինե Անդան, ում իսկական անուն-ազգանունը Արմինե Աբրահամյան է, ավարտել է Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: Աշխատել է թատրոնում` որպես դերասանուհի, ինչպես նաև` հեռուստաընկերությունում` որպես մանկական հաղորդաշարի հեղինակ, ռեժիսոր և վարող: 4 տպագրած գրքերի հեղինակ է: 2007-ին որպես համասցենարիստ և պրոդյուսեր, ռեժիսոր Միքայել Վաթինյանի հետ միասին, նա ստեղծում է “Բոժոն” կարճամետրաժ անիմացիոն ֆիլմը` իր համանուն հեքիաթի հիման վրա:
Նրա “Ժաննան և ձայները” լիամետրաժ կինոնախագիծը ստացել է Գյոթեբորգի միջազգային կինոփառատոնի մրցանակ: Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել հոկտեմբերին` Ասիայի ամենամեծ կինոփառատոնի` Պուսանի միջազգային կինոփառատոնի պաշտոնական մրցույթում:

Վահե Մակարյան

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply