Հանրային խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովում քննարկվեց հեռուստաեթերի հարցը
ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 9, 2012 16:59
Այսօր՝ հուլիսի 9-ին, ՀՀ Հանրային խորհրդի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հանձնաժողովի երիտասարդության ենթահանձնաժողովում քննարկվեցին հեռուստաեթերի խնդիրների և բարեփոխման անհրաժեշտության հարցերը:
Քննարկմանը մասնակցում էին ենթահանձնաժողովի անդամներ, մի շարք երիտասարդական կազմակերպությունների և քաղաքացիական նախաձեռնությունների ներկայացուցիչներ:
Երիտասարդները բարձրացրեցին հեռուստաեթերի խնդիրներն ու ներկայացրին բարեփոխմանն ուղղված առաջարկներ: Կարևորվեցին հատկապես օրենսդրական բարեփոխումներ իրականացնելու, Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կողմից պարբերաբար հանրային քննարկումներ անցկացնելու և հեռուստաեթերի վերլուծություն իրականացնելու, ինչպես նաև հեռուստատեսության սոցիալ-մշակութային քաղաքականության մշակման անհրաժեշտությունը: Մասնավորապես հնչեցին ինտելեկտուալ, ճանաչողական, մանկապատանեկան-դաստիարակչական, սփյուռքի հեռուստալսարանին ուղղված հատուկ հաղորդաշարերի ստեղծման առաջարկներ:
Երիտասարդները նշեցին, որ իրենց քննադատության թիրախը ոչ թե ողջ հեռուստաեթերն է, այլ դրա բացասական կողմերը: Մատնանշվեցին որոշ դրական հաղորդաշարեր, որոնք կարող են ուղենիշ դառնալ հեռուստաեթերի սոցիալ-մշակութային քաղաքականության մշակման գործում:
ՀԽ երիտասարդության ենթահանձնաժողովի անդամ, «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ Վահրամ Միրաքյանը, ներկայացնելով ՀՀ նախագահին ուղղված նամակի հիմնական բովանդակությունը, նշեց. «Շահարկումներ եղան, թե դա խոսքի ազատությանը դեմ է, գրաքննությունն է և այլն: Ո՛չ, խոսքը գնում է սոցիալ-մշակութային քաղաքականության մասին,-պարզաբանեց նա: -Անհրաժեշտ է վերլուծական հիմքերի վրա ուսումնասիրել հեռուստատեսության սոցիալ-մշակութային քաղաքականության հետևանքները և հասկանալ՝ արդյո՞ք այն հեռուստաարտադրանքը, որը որ կա, այն քաղաքացին, որը ձևավորվում է այդ հեռուստաարտադրանքի հիման վրա, համապատասխանում է մեր պետության, մեր հասարակության շահերին: Եթե ոչ, ապա այդ արտադրանքը պետք է փոխել»:
Նա նաև նշեց, որ իրենց պահանջը չպետք է դիտել՝ իբրև հումորային հեռուստահաղորդումների կամ սերիալների ի սպառ վերացում. «Խոսքը գնում է ոչ թե վերացման, այլ բարեփոխման մասին»,-ընդգծեց նա:
Ինչ վերաբերում է օրենսդրական բացերին, ապա Վահրամ Միրաքյանը կարծում է, որ առաջին հերթին անհրաժեշտ է փոփոխություններ կատարել ԶԼՄ-ների մասին ՀՀ օրենքում: «Այդ օրենքը որևէ դրույթ չունի հեռուստատեսության ագրեսիվ, հակասոցիալական քաղաքականության վերաբերյալ,-ասաց նա,-կա դրույթ, որ օրինակ, որոշակի ժամերի չի թույլատրվում ագրեսիա, բռնություն քարոզող հեռուստաարտադրանք, բայց հստակ չէ, թե ի՞նչ է նշանակում ագրեսիայի ցուցադրում, չկան ենթաօրենսդրական ակտեր, և օրենքը կրում է ձևական բնույթ: Վարչական օրենսգիրքը նույնպես թերի էև հստակեցման կարիք ունի»:
«Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնության անդամ Զաքար Խոջաբաղյանը բարձրացրեց գովազդի խնդիրը՝
նշելով, որ դրանք ի հայտ են գալիս ոչ ադեկվատ հաղորդումների ընթացքում: Ինչ վերաբերում է դրանց բովանդակությանը, ապա դա նույնպես խիստ մտահոգիչ է: «Օրինակ, մի գովազդային հոլովակ կա, որում հայ աշխատավոր տղամարդուն, կարծես, ձեռ են առնում,-ասաց նա:-Մենք նամակ գրեցինք այդ ընկերությանը՝ ասելով, որ հարգում և օգտվում էինք իրենց արտադրանքից, սակայն այս գովազդից հետո այլևս հրաժարվում ենք օգտվել: Թող իրենք մտածեն՝ արդյո՞ք ամեն գնով կարող են իրենց արտադրանքը գովազդել, թե՞ պետք է հետևեն որոշակի բարոյական արժեքների»:
Մանկավարժ, մշակութաբան, «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» նախաձեռնության անդամ Վիկտորյա Գասպարյանը՝ որպես մասնագետ, կարծում է, որ հեռուստասերիալները պետք է ցուցադրվեն այնպիսի ժամերի, որ երեխաները հնարավորություն չունենան դիտել: Փոխարենն առաջարկում է հեռուստաեթերի լավագույն ժամերը տրամադրել դաստիարակչական հաղորդումներին:
ՀԽ երիտասարդության ենթահանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Մարգարյանը հայտնեց, որ քննարկման ընթացքում հնչած առաջարկները կներառվեն Հանրային խորհրդի կողմից հեռուստաեթերի նոր քաղաքականության մշակման գործընթացում, որը համակարգում են Հանրային խորհրդի անդամներ Հովիկ Մուսայելյանը, Հայկ Դեմոյանը և Հովհաննես Հովհաննիսյանը:
Հիշեցնենք, որ մի խումբ մշակույթի գործիչներ, մտավորականներ ու հասարակական կազմակերպություններ վերջերս դիմել էին ՀՀ նախագահին` հեռուստաեթերի կարգավորմանն ուղղված քայլեր ձեռնարկելու առաջարկով: ՀՀ նախագահը, կարևորելով բարձրացված հարցը, հանձնարարել էր, որպեսզի Հանրային խորհուրդն իր հովանու տակ առնի խնդրի կարգավորմանն ուղղված աշխատանքների իրականացումը:
Իր հերթին Հանրային խորհրդի նախագահը պարտավորվել էր մինչև սեպտեմբերի վերջ ոլորտը բարեփոխելու հստակ մեխանիզմներ առաջարկել` բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ իրականացված հանրային քննարկումների հիման վրա:






Facebook
Tweet This
Email This Post
