Վահագն Գրիգորյանի “Ես եմ” ֆիլմն արդեն նաև “Ոսկե ծիրանում”
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | July 9, 2012 14:59
“Ես եմ” ֆիլմը, որի ռեժիսորն է դերասան, հումորիստ Վահագն Գրիգորյանը, արդեն հասցրել է գերել հայ հանդիսատեսին ու բազմաթիվ դրական արձագանքների արժանանալ, և այժմ էլ ներկայանում է “Ոսկե ծիրան” Երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում:
Ֆիլմը պատմում է մի տղայի մասին, ով գնում է պարտադիր զինվորական ծառայության և նպատակ ունի դրանից հետո ամուսնանալ ընկերուհու հետ ու մեկնել քեռու մոտ` արտերկիր` այնտեղ մշտական բնակություն հաստատելու: Սահմանմերձ զորամասում սկսվում է տղայի բանակային կյանքը: Նա ձեռք է բերում տղամարդուն բնորոշ նոր հատկություններ, տիրապետում ֆիզիկական ուժին, կարոտի զգացում է ապրում, նոր ընկերներ գտնում, սովորում լավն ու վատը զանազանել:
““Ես եմ”-ը մեր օրերի ֆիլմ է, մեր կյանքից վերցված մի հատված, որը մեծ ցանկություն է առաջացրեց մեր մեջ ներկայացնել վաղվա սերնդին այսօրվա մեր բանակը: Ներկայացնել այն պահանջները, թե ինչպիսին պետք է լինենք մենք մեր բանակում և, վերջապես, ինչի համար է բանակը, թե ուր ենք գնում այս երկու տարին և ում համար ենք գնում”,- խոսելով իր ֆիլմի մասին` այսպես ներկայացրեց այն ռեժիսոր Վահագն Գրիգորյանը:
Ֆիլմի պրոդյուսերներն են Արմեն Մազմանյանն ու Կարեն Բաբաջանյանը: Սցենարը գրվել է Կարեն Բաբաջանյանի, Վահագն Գրիգորյանի և Խաչատուր Առաքելյանի կողմից:
Դերասանական կազմում է մեծանուն դերասան Սոս Սարգսյանը, ինչպես նաևԱրմեն Նավասարդյանը, Լևս ԴՖավթյանը, Եվա Ղազարյանը, Գնել Ուլիխանյանը, Ռաֆայել Գրիգորյանը, Արփինե Գաբրիելյանը, Լևոն Մուրադյանը, Վաչե Երիցյանը:
Տղաները նշեցին, որ անցումը հումորային ժանրից դեպի նման լուրջ գաղափարախոսություն իր մեջ պարունակող ֆիլմի, բարդ չէր, բայց պատասխանատու էր, և ավելացրին, որ հումորը ևս շատ բարդ ժանր է, թերևս ամենաբարդերից մեկը: Ուստի, ֆիլմում, բնականաբար, հումորային դրվագներ ևս կան, քանի որ բանակային կյանքը չի ներկայացվել առանց հումորային իրավիճակների:
“Ես եմ” ֆիլմը ստեղծվել է ՀՀ Պաշտպանության նախարարության պատվերով և աջակցությամբ, ինչի համար էլ ֆիլմի ողջ ստեղծագործական խումբը իր խորին շնորհակալությունն է հայտնում Պաշտպանության նախարարությւանն ու նախարար Սեյրան Օհանյանին:
Վահե Մակարյան






Facebook
Tweet This
Email This Post
