Արտագնա աշխատանքի մեկնած հայերի ներհոսք այս տարի չի զգացվել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | November 3, 2009 18:12

Այս տարի ուղևորահոսքերի ընդհանուր ծավալն անցյալ տարվա 8,8 տոկոսի փոխարեն աճել է ընդամենը 4 տոկոսով: Ըստ ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության տվյալների` ֆինսատնտեսական ճգնաժամի պատճառով Հայաստան վերադարձողների մեծ ներհոսք տեղի չի ունեցել:

«Երբ աշխարհում սկսվեց ֆինանսատնտեսական ճգնաժամը, մեր հաշվարկները ցույց տվեցին, որ հնարավոր է դրսում աշխատողները վերադառնան հայրենիք, քանի որ կրճատվելու էին աշխատատեղեր Ռուսաստանում, Ամերիկայում և այլ քաղաքներում, որտեղ ապրում և աշխատում են հայեր, բայց մենք սխալվեցինք, քանի որ վերադարձողներին թիվը գրեթե չնչին էր»,-ասում է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանը:

Եգանյանն ավելացնում է, որ Ռուսատանում աշխատանք կորցնելու դեպքում մարդիկ ստիպված համաձայնում են կատարել ավելի ցածր վարձատրությամբ աշխատանք և մնում այնտեղ:

«Ճգնաժամն ավելի շատ ազդել է դրամական փոխանցումների ծավալների վրա. 2009թ դրամական փոխանցումները կրճատվել են մինչև 34.7 տոկոս՝ անցած տարվա 23.9 փոխարեն. նման վիճակը պայմանավորված է հատկապես Ռուսաստանի Դաշնությունից կատարվող փոխանցումներով»,-ավելացնում է Եգանյանը:

Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին հանարպետությունից մեկնածների թիվը գերազանցել է ժամանածների թիվը` 45 մարդով, որը 27 հազարով կամ 37 տոկոսով պակաս է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից:

Դիտվել է 3042 անգամ:
Print Friendly

Leave a Reply