“Ինձ աշուղ են ասում”. Հետաքրքիր ու բարի ֆիլմ ծերունի աշուղի մասին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 8, 2012 18:58

Ինձ աշուղ են ասում: Խոսքը մի ֆիլմի մասին է, որ պատմում է մի ծերունու մասին, ով միայնակ ապրում է Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում և սիրում է երգել: Ծերունին ամբողջ կյանքի ընթացքում ֆոլկլորային երգեր է հավաքել: Նա փորձում է ինքն իրեն համոզել, որ իր կյանքը զուր չի անցել, որ երգերն օգնել են մարդկանց սիրել ու սիրվել:

“Ֆիլմի հերոսը և’ ստեղծագործում է, և’ երգեր է հավաքագրում` փրկելով կործանումից: Ֆիլմը կոչվում է “Ինձ աշուղ են ասում”, որովհետև իր կյանքի մայրամուտին (արդեն 80-ն անց մարդ է) ծերունուն նոր շնորհել են աշուղի կոչում: Չգիտեմ` այդ կոչումը նրան ինչ է տալիս, բայց որ զրուցում էի նրա հետ, զգում էի, որ նա իրեն լավ է զգում, ոչ աշուղ է համարվում ու հաճախ էր հիշեցնում, որ իրեն աշուղ են ասում”,- խոսելով իր ֆիլմի մասին` այսպես պատմեց սյուժեն ռեժիսոր Արթուր Խուդոյանը:

Նա կարևորում է ծերունու աշխատանքը` հատկապես նշելով, թե ինչպիսի անմխիթար վիճակում է գտնվում այսօր հայկական երգն ու երաժշտությունը: Ռեժիսորը պատմեց նաև նկարահանման ընթացքի մասին` շեշտելով, որ աշուղ-հերոսը իրականում շատ հետաքրքիր կերպար է և տեսարաններից շատերը ստացվել են հենց բնական վիճակներում, իհարկե եղել են նաև խաղարկային տեսարաններ, որոնք էլ ռեժիսորի ոճին համապատասխան, հիանալիորեն համադրվել են իրական, բնական վիճակների հետ, օրինակ, թե ինչպես է ծերունին անկողնում հիվանդ պառկած լինում կամ ինչպես է այգում գործ անում, հոգնում ու նստում ծառի տակ, և այդ ամենը ֆիքսվում է տեսախցիկի կողմից:

Ֆիլմի սցենարիստը ևս Արթուր Խուդոյանն է, օպերատորը Աշոտ Մկրտչյանը, հնչյունային ձևավորողը Հայկ Իսրայելյանը, իսկ մոնտաժն իրականացվել է Կարինե Վարդանյանի կողմից:

Արթուր Խուդոյանը ծնվել է 1959 թվականին: Ավարտել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի կինոռեժիսուրայի բաժինը: 1981 թ.-ին սկսել է աշխատել “Հայֆիլմ” կինոստուդիայում` որպես ռեժիսորի օգնական: 1994-1998 թթ. Եղել է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունում ռեժիսոր: Նկարահանվել է մի քանի կարճամետրաժ ֆիլմերում: Խուդոյանի ֆիլմացանկը ներառում է հետևյալ ֆիլմերը. “Ջութակի կոնցերտ նվագախմբի համար” (1984թ.), “Սպիտակ գիշեր կույր առաքյալի համար (Է. Վիրապյանի հետ համատեղ, 1989թ.) և “Ինձ աշուղ են ասում” (2012թ.):

 

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1345 անգամ:
Print Friendly

Leave a Reply