“Արմինեն և լեդի Մակբեթը” շատ հուզիչ ֆիլմը “Ոսկե ծիրան”-ի էկրանին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 8, 2012 18:56

Վանաձորի Հ. Աբելյանի անվան թատրոնում աշխատում էր դերասանուհի Արմինե Մացակյանը, ով դեռ փոքր հասակից շաքարային դիաբետ է ունեցել: Ամուսնությունից հետո, երբ ծննդաբերել է` ունենալով տղա, Արմինեն կորցրել է տեսողությունը: Նա գիտեր, որ իր հիվանդության պարագայում ծննդաբերությունը վտանգավոր է, բայց մայրանալու ցանկությունը մեծ էր: Տեսողությունը կորցնելուց հետո դերասանուհին պայքարում է` չուզենալով հետ մնալ կյանքից: Նրան ամեն հարցում օգնում է ամուսինը` Թեմուր Աճինյանը, ով ևս դերասան է, բացի դրանից` նաև բեմադրություններ է անում, որոնց գլխավոր դերակատարը Արմինեն է: Թեմուրը հոգում է ընտանիքի ապրուստը, կնոջ առողջական հարցերը և կենցաղային հոգսերը` սկսած ճաշ պատրաստելուց մինչև կնոջ կոշիկները մաքրելը:

Այսպես է ներկայացվում այն հուզիչ ու իսկական սիրո վրա հիմնված վավերագրական ֆիլմը, որ վերնագրվել է “Արմինեն և լեդի Մակբեթը”:

Ֆիլմի ռեժիսորն է Միշա Ղազարյանը, ով ծնվել է Արագածոտնի մարզի Թալին քաղաքում և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: “Արմինեն և լեդի Մակբեթը” նրա դեբյուտային ֆիլմն է:

“Ֆիլմն սկսվում է կնունքի տեսարանով, և այդ կնունքի տեսարանին համատեղ պատմվում է մի ընտանիքի պատմություն, որը գոյատևում է սիրո շնորհիվ: Իսկ սերը, ես կարծում եմ, պետք է միայն անձնազոհության գնով ձեռք բերել, որն էլ արվում է ամուսնու կողմից, ով տաժանակիր կյանք է ապրում: Դժվար է ապրել մի մարդու հետ, ով ընդհանրապես չի տեսնում, և ապրել Վանաձոր քաղաքում` լինելով դերասան, երբ ստիպված ես մի քանի տեղ աշխատել` ապրուստ վաստակելու համար և հասցնել հոգալ առօրյա հոգսերը”,- այսպես ներկայացրեց իր ֆիլմը ռեժիսոր Միշա Ղազարյանն ու ավելացրեց, որ հերոսը նա է, ով, զոհելով կյանքը, փրկում է ընտանիք, տվյալ դեպքում` իր ընտանիքը:

Ինչ վերաբերում է ֆիլմի վերնագրում առկա Արմինեի ու լեդի Մակբեթի կապին, ապա ռեժիսորը դա բացատրեց հետևյալ կերպ. “ Ինչպես թերևս բոլոր կանանց մոտ, Արմինեի մոտ ևս մայրանալու բնազդն ավելի ուժեղ է, և, քանի որ իր հիվանդության պատճառով նա կորցնում է տեսողությունը, սկսում է չարանալ կյանքի հանդեպ` չհասկանալով, թե ինչ մեղք էր գործել, որ Աստված այսպես պատժեց իրեն: Ու այս ամենը նա կարողանում է կերտել Լեդի Մակբեթ կերպարում և արտահայտվել բեմում”:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1026 անգամ:
Print Friendly

Leave a Reply