“Տղաներիս հետ միասին” ֆիլմը “Ոսկե ծիրանում”

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | July 8, 2012 16:46

“Տղաներիս հետ միասին”`այսպես է կոչվում երիտասարդ ռեժիսոր Տարոն Պետրոսյանի վավերագրական ֆիլմը, որ ներկայացված է “Ոսկե Ծիրան”  Երևանյան 9-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակնրում`  Հայկական համայնապատկեր. վավերագրական ֆիլմերի ցանկում:

Վավերագրական ժանրում ներկայացված այս լիամետրաժ ֆիլմը պատմում է տաղանդավոր քանդակագործ Ֆրիդ Սողոյանի մասին, ով, ճակատագրի բերումով, շատ վաղ է կորցնում կնոջը և ստիպված է լինում միայնակ խնամել ու մեծացնել երկու որդիներին` Վահեին ու Միաքայելին:

“Այս ֆիլմը ստեղծվել է “Էրգիր” ստուդիայի հովանավորչության ներքո, և մտահղացումն այն էր, որ ֆիլմը նվիրված լինի Ֆրիդ Սողոյանի 75 ամյակին, ու քանի որ մինչ այս էլի էին ֆիլմեր նկարվել նրա մասին, այս անգամ որոշեցինք, որ ֆիլմը լինի ոչ թե միայն նրա, այլ նրա ընտանիքի ու զավակների մասին, այսինքն` շեշտը դրվել է հենց նրա ընտանեկան կյանքի վրա”,- այսպես ներկայացրեց իր հեղինակած ֆիլմը ռեժիսոր Տարոն Պետրոսյանը:

Ըստ նրա` գլխավոր հերոսի երկու զավակներն էլ տաղանդավոր տղաներ են, և ֆիլմում ներկայացված է, թե ինչպես են նրանք գնում հոր հետքերով, դառնում քանդակագործ ու արդեն երեքով, մեկը մյուսին լրացնելով, ստեղծագործում ու կերտում թե’ լայնածավալ էպիկական գործեր, թե’ սալոնային դիմանկարներ:

Ֆիլմի պրոդյուսերը Ռադիկ Վանունցն է, իսկ սցենարի հեղինակն ու օպերատորը` ռեժիսորի հայրը` Վրեժ Պետրոսյանը: Ինչպես նշեց երիտասարդ ռեժիսորը, նա իր հոր հետ մեկ շաբաթից ավել մնացել են ֆիլմի հերոսների տանը, որը միաժամանակ հանդիսանում էր նաև նրանց արհեստանոցը, որպեսզի ավելի մոտ գտնվեն քանդակագործ ընտանիքի կենցաղին:

Տարոն Պետրոսյանը ծնվել է 1986թ. Երևանում: Ավարտել է երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի ֆակուլտետը: Այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի համառուսաստանյան պետական համալսարանի (ՎԳԻԿ) սպիրանտուրայում, ատենախոսությունը պաշտպանել է 2011 թվականին: Տարոնի հեղինակած ֆիլմերի ցանկը ներառում է “Վեցերորդ” (2004թ), “էլեգիա” (2005թ.), “Թռիչք առանց վայրէջքի” (2006թ.), “Եվ երբ բացվի երկինքը վերին” (2007թ.), “Հաղթողները” (2007թ.), “Հրաժեշտ Մերինեին” (2008թ.) և “Տղաներիս հետ միասին” (2011թ.) ֆիլմերը:

 

Վահե Մակարյան

Դիտվել է 1044 անգամ:
Print Friendly

Leave a Reply