Միացյալ երիտասարդական լիգան` ընդդեմ Խորան աղանդի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | July 7, 2012 16:56

«Միացյալ Երիտասարդական Լիգա» հասարակական նախաձեռնությունը հուլիսի 25-ին, ժամը 18:00-ին Հանրապետության «Ազատության» հրապարակում կազմակերպում է հանրահավաք՝ ընդդեմ Խորան աղանդի:

«Այս հանրահավաքով իշխանություններից պահանջում ենք անհապաղ դադարեցնել Խորան աղանդի գործունեությունը և պատասխանատվության ենթարկել նրա ղեկավարներին»,- «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում նշել է «Միացյալ Երիտասարդական Լիգա» (ՄԵԼ) հասարակական նախաձեռնության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը:

Վերջին շրջանում նախաձեռնությունը բազմիցս է բարձրացրել Խորան աղանդի խնդիրը՝ տեղեկացնելով, որ այն իր հիմնական գործունեությունը ծավալում է Իսպանիայի մի փոքրիկ քաղաքում` հայ համայնքի շրջանակներում:

ՄԵԼ-ին աղանդի վերաբերյալ բողոք-նամակով տեղեկություններ էին տվել Իսպանիայի` աղանդից տուժած մեր հայրենակիցները: «Իսպանիայի հայ համայնքի մեծամասնությունն ընդգրկված է աղանդում, որի ղեկավար Հրաչյա Խաչատրյանն արվամոլ է և ոչնչացնում է երիտասարդների ես-ը: Տիրում է իսկական այլասերություն: Այս աղանդի պատճառով բազմաթիվ ընտանիքներ են բաժանվել», – նշվում է բողոք-նամակում:

ՄԵԼ նախագահ Սևակ Հովհաննիսյանի խոսքով՝ «Խորանի» անդամներից շատերը բանակից փախուստի դիմած երիտասարդներ են, իսկ աղանդի կարգախոսը հետևյալն է` «Բանակում ծառայելը հավասար է սատանային ծառայելուն»:

Ինչպես բոլոր աղանդները, այս մեկն էլ զբաղվում է հոգեորսությամբ: Մարդկանց մոլորեցնում են, թե քաղցկեղ են բուժում, շաքարախտ, կուրություն ու նրանցից մեծ գումարներ ու ոսկի են կորզում: Ս. Հովհաննիսյանի տեղեկություններով՝ թալանած ոսկեղենը աղանդի պարագլուխներն ուղարկում են Հայաստան: Երևանի ոսկու շուկայում այդ զարդերը վաճառում է Հրաչի աներձագը:

ՄԵԼ նախագահի տեղեկություններով՝ «Խորան» աղանդի պարագլուխ Հրաչ Խաչատրյանը երկու շաբաթ առաջ ձերբակալվել է Իսպանիայի օդանավակայանում: Խաչատրյանը ցանկացել է գալ Հայաստան: Ոստիկանությունը նրա մոտ հայտնաբերել է 1,5 կգ ոսկի:
«17 հազար եվրո գրավի դիմաց աղանդի ղեկավարին բաց են թողել: Դեպքից հետո Խաչատրյանը սկսել է ճնշել Իսպանիայի այն հայերին, ովքեր համագործակցում են մեզ հետ ու պարբերաբար տեղեկություններ տրամադրում աղանդի մասին»,-նշել է Ս. Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ աղանդը բնավորվում է նաև Հայաստանում: Այն գործում է Նոր Արեշ թաղամասում: Հայաստանում աղանդի ղեկավարը Հրաչյա Խաչատրյանի զոքանչն է: Աղանդից բազմաթիվ տուժածներ են դիմել ՄԵԼ-ին: Նրանք պատրաստ են իրենց դժգոհությունները հնչեցնել նաև դատարանում:

«ՓԱՍՏԻՆՖՈ» լրատվական գործակալություն

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply