Նորզելանդական լրատվամիջոցը գրել է, որ Հայոց ցեղասպանությունը դրոշմ է թողել Սերժ Թանգյանի բոլոր գործերի վրա
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | July 7, 2012 16:19
«System of a down» ռոք խմբի վոկալիստ, հայկական ծագում ունեցող Սերժ Թանգյանի նոր ձայնասկավառակը` «Հարակիրի»-ն, ինչպես նախորդներն, իր վրա կրել է Հայոց ցեղասպանության դրոշմը: Այս մասին, «Արմենպրես»-ի հաղորդմամբ, գրել է նորզելանդական nzherald.co.nz լրատվամիջոցը: «Հայերը մեծ հույսեր են կապել երգչի հետ եւ բարձր գնահատել նրա դերը Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործում: Պատմական այս իրադարձությունն իր կնիքն է թողել Թանգյանի աշխարհայացքի ձեւավորման եւ երաժշտության վրա»,-եզրահանգել է լրատվամիջոցը:
«Իմ ակտիվությունն ու քաղաքականացումը գալիս է ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունից, ինչպես նաեւ այլ հարցերից` լինեն մարդու իրավունքները կամ շրջական միջավայրի խնդիրները, որոնք ծառայում են քաղաքական շահին եւ նպատակին»,- ասել է Թանգյանը, ով ներկայում Լոս Անջելեսում է:
Ամերիկահայ ռոք երաժիշտ և երգահան Սերժ Թանկյանը ծնվել է 1967թ. օգոստոսի 21-ին Լիբանանում։ Նա աշխարհահռչակ System of A Down ալտերնատիվ մետալ-ռոք խմբի և Axis of Justice («Արդարության առանցք») հասարակական կազմակերպության հիմնադիրն է։ Ճանաչվել է որպես աշխարհի 26-րդ լավագույն մեթալ վոկալիստ։ Որպես մենակատար SOAD-ի գործունեության ընդմիջման ժամանակ ձայնագրել է «Elect The Dead» և «Imperfect Harmonies» ալբոմները։






Facebook
Tweet This
Email This Post
