Հայ նկարիչները վիրավորվել են, որ քաղաքապետարանը 3D պատկերը արտասահմանցի մասնագետին է վստահել
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | July 7, 2012 16:15
Մի խումբ երիտասարդ նկարիչներ վիրավորվել են, որ կինո «Մոսկվայի» դիմացի 3D պատկերը Երեւանի քաղաքապետարանը ոչ թե իրենց է պատվիրել, այլ` արտասահմանցի մասնագետին: «Մեզ բոլորիս համար էլ վիրավորական է, որ մեր հայ նկարիչերը չգիտեն, այստեղ ո՞նց իրենց ապահովեն կամ ի՞նչ գործ գտնեն, որ մնան իրենց հայրենիքում, իսկ երբ ինչ-որ մի աշխատանք կա, որը վճարվում է, եւ հայ նկարիչները շատ ավելի լավ կարող էին անել, դա վստահում են արտասահմանից եկած ինչ-որ մեկին: Գործը արվելուց հետո էլ տեսնում ենք, որ դա այն գործը չէր, որ կարելի էր արվեր: Ոչ տարածքի, ոչ մեր քաղաքի, ոչ էլ թեմայի հետ է համահունչ»,- Aravot.am-ի հետ զրույցում դժգոհել է նկարիչների միության անդամ Մարիամ Մուրադյանը:
Նկարիչները նաեւ աշխատանքի որակից են դժգոհ.«Որակն էլ այն որակը չէ, որը կարող էր լինել: Եթե դու բերում ես արտասահմանից, ուրեմն բեր ամենալավ մասնագետին, որը կաներ ամենալավ գործը, որը հայ մասնագետը չէր կարող անել»: Մ. Մուրադյանի կարծիքով` հնարավոր է նաեւ, որ արտասահմանցի փորձագետին դիմելը պայմանավորված լինի փողերի լվացման նպատակով:
Աշխատանքի որակից գոհ չէր նաեւ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը: Մեզ հետ զրույցում նա ասաց, որ մի խումբ երիտասարդ նկարիչներ իրենց դժգոհությունն են իրեն հայտնել:
Հիշեցնենք, որ Քաղաքապետարանի աջակցությամբ «Երազանքների պատ» ծրագրի շրջանակներում Գերմանիայից հատուկ մասնագետ էին հրավիրել 3D իլյուզիոն անդունդի խաբկանքը ստանալու համար:






Facebook
Tweet This
Email This Post
