Ժամկետանց սննդի ու մակնշման բացակայության պատճառով գանձվել է 48 մլն դրամ

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | November 3, 2009 17:10

Վերջին ամիսներին Հայաստանում ստուգումներ են կատարվել 1056 տնտեսվարող սուբյեկտներում. արձանագրված խախտումների համար գանձվել է 48 մլն դրամ:

ՀՀ Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչության պետ Գրիշա Բաղիյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ խոշոր տնտեսվարող սուբյեկտներում սովորաբար խախտումներն ու թերություններն ավելի քիչ են, քան փոքր և միջին սուբյեկտներում: «Խախտումները հիմնականում ժամկետանց արտադրանքի կամ մակնշման բացակայության տեսքով են»,-ասում է Բաղիյանը:

Կառավարության 2009թ. համապատասխան որոշմամբ՝ հունիսի 1-ից մինչև 2011թ.-ի հունվարի մեկը դադարեցվում է մանր ու միջին ձեռնարկություններում վերահսկողությունը՝ արտադրությունը խթանելու համար: Սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչությունն այժմ ստուգայցեր է իրականացնում միայն Կառավարություն դիմելուց ու թույլտվություն ստանալուց հետո:

Բաղիյանն ասաց, որ մինչ այժմ տեսչությունը 6 անգամ դիմել է Կառավարությանը, բոլոր դեպքերում էլ ստացել թույլտվություն: Ստուգվող սուբյեկտների շարքում եղել են 15 խոշոր տնտեսվարողներ: «Որոշումից առաջ ստուգումներ են իրականացվել 1000, իսկ որոշման ընդունումից հետո` 56 տնտեսվարող սուբյեկտներում»,-ասաց Բաղիյանը:

Բաղիյանը տեղեկացրեց, որ խախտումների հայտնաբերման դեպքում սահմանվում է  50.000 -300.000 դրամ տուգանք:

Դիտվել է 2499 անգամ:
Print Friendly

Leave a Reply