«Հայաստանի օր» Հռոմում
ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | ankakh | July 7, 2012 15:42
Հուլիսի 4-ին Իտալիայում ՀՀ դեսպանությունը` հայաստանյան «Ֆեստա տուր» ավիաընկերության աջակցությամբ, Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի ամենամյա «Հուլիսյան այգիներ» փառատոնի շրջանակներում առաջին անգամ կազմակերպել է «Հայաստանի օր» մշակութային միջոցառումների շարք:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ Արտագին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, «Հայաստանի օրվա» շրջանակներում ցուցադրվել է իտալացի լրագրող Պիերո Մարացոյի «Արարատի զավակներ» վավերագրական կինոնկարը, տեղի են ունեցել դաշնակահարուհի Լիլիթ Խաչատրյանի և սոպրանո Ագնեսա Գյուրջյանի, ինչպես նաև Գևորգ Դաբաղյանի ղեկավարած դուդուկահարների եռյակի համերգները:
Միջոցառումներին ներկա են գտնվել Իտալիայում հավատարմագրված դիվանագետներ, իտալական մշակույթի և մամուլի, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: Ներկա է եղել նաև Նարդոյի քաղաքապետը:
«Հայաստանի օրվա» միջոցառումներն անցել են լեփ-լեցուն դահլիճներում, ինչը վկայում է իտալական հասարակության կողմից Հայաստանի նկատմամբ ունեցած մեծ հետաքրքրության մասին:
Տեղեկանք: Այս տարի Հռոմի ֆիլհարմոնիկ ակադեմիայի «Հուլիսյան այգիներ» փառատոնին մասնակցել են նաև Նորվեգիան, Ավստրիան և Իրանը:






Facebook
Tweet This
Email This Post
