Լրագրողին ծեծի ենթարկող դատախազին և ծեծվող լրագրողին նույն մեղադրանքն է առաջադրվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | July 7, 2012 11:28
Հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է «Ռեգնում» գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանին մայիսի 12-ին ժամը 23-ի սահմաններում «առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու դեպքի առթիվ» հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի գրավոր հարցմանն ի պատասխան, հայտնել են ՀՔԾ-ից:
«Քրեական գործով Մեսրոպ Մանրիկյանի որդուն` Ալբերտ Մանրիկյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 117-րդ հոդվածով` Ռուբեն Գրդզելյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու համար, իսկ լրագրող Ռուբեն Գրդզելյանին նույն հոդվածով մեղադրանք է առաջադրվել Մեսրոպ Մանրիկյանի առողջությանը դիտավորությամբ թեթեւ վնաս պատճառելու համար»,- ասել են թղթակցին:
ՀՔԾ-ի փոխանցմամբ` երկու մեղադրյալների նկատմամբ էլ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Որոշում է կայացվել նաեւ Մեսրոպ Մանրիկյանի նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել` նրա գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով:
«Մեղադրյալներին հայտնվել է նախաքննության ավարտի մասին, և նրանք ծանոթանում են քրեական գործի նյութերին»,- ասացին նրանք:
Հիշեցնենք, որ «Ռեգնում» գործակալության երևանյան բյուրոյի խմբագիր Ռուբեն Գրդզելյանը ծեծի էր ենթարկվել մի խումբ անձանց կողմից, որոնց մեջ եղել էր նաև Կոտայքի մարզի քննության օրինականությունը վերահսկող դատախազ Մ. Մանրիկյանը: Միջադեպը տեղի էր ունեցել տուժածի մոր, երկու անչափահաս երեխաների, ազգականի եւ 9 ամսական հղի կնոջ ներկայությամբ:
Ընդհարման պատճառ էր դարձել այն, որ երեխաները խանգարել էին բակից դուրս եկող մեքենային, որում գտնվել էր Մանրիկյանի որդին:
Մ. Մանրիկյանը վեճի ժամանակ հարվածել էր Գրդզելյանին և ստանալով պատասխան` Մանրիկյանն ու նրան ուղեկցող անձը հարձակվել էին լրագրողի վրա, ապա նրանց էին միացել Մանրիկյանի որդին ու ևս մեկ անձ:
Դեպքից հետո Ռուբեն Գրդզելյանը հաղորդում էր ներկայացրել Ոստիկանության Էրեբունիի բաժին, բուժզննում անցել, որի արդյունքում նրա մոտ բազմաթիվ վնասվածքներ էին հայտնաբերվել: Դիմումը ներկայացնելու պահին լրագրողը չէր իմացել, որ իրեն ծեծողների մեջ եղել է բարձրաստիճան պաշտոնյա: Դա պարզվել է առավոտյան ականատեսների խոսքից եւ գործընկերների անցկացրած լրագրողական հետաքննության արդյունքում:






Facebook
Tweet This
Email This Post
