Հենց նախագահը պետք է զբաղվի եթերային լեզուն մաքրելով. Կարինե Ջանջուղազյան

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | July 6, 2012 17:08

“Ես բացարձակապես համաձայն չեմ նրա հետ, որ փողոցային լեզվով խոսելը համարվում է այն խոսքը, որը պիտի հնչի էկրանից` թե’ թատրոնում, թե հեռուստասերիալներում: Սա բացարձակ անիմացություն է”,-իր կարծիքը հայտնեց դերասանուհի Կարինե Ջանջուղազյանը եթերի լեզվի մասին այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

“Մեր մասնագիտության մեջ գոյություն ունի գեղարվեստական խոսքի որակ. փողոցի լեզվով խոսելով դեռ չի նշանակում լինել օրգանական դերասան, դա ինձ համար անընդունելի է”-ասաց դերասանուհին ու մեջբերեց ՀՀ վաստակավոր արտիստ Սոս Սարգսյանի վերջերս ասած խոսքերը, որ ժամանակին իրենք խաղում էին “Մենք ենք մեր սարերում” գյուղացու կերպարներ, և ոչ մեկը “ա”-ով կամ “ախպեր”-ով չէր խոսում, բայց և ոչ ոք չէր կասկածում, որ իրենք գյուղացի են:

Խոսելով մտավորականների կողմից եթերի լեզվի մաքրման հետ կապված նախագահին ուղղված նամակի և դրա դեմ որոշ այլ մտավորականների ու արվեստագետների ընդվզման մասին` Կարինե Ջանջուղազյանն ասաց, որ, իր կարծիքով, հենց մեր նախագահը պետք է զբաղվի դրանով, որովետև, ըստ նրա, եթե նախագահն ունի իր պաշտոնյաները, որոնք, փաստորեն, չեն վերահսկում, չեն կառավարում ոլորտը, ուրեմն թող բարի լինի մեր պարոն նախագահն ու ինքն անձամբ դրանով զբաղվի:

Ասուլիսի մյուս բանախոս, գրականագետ Դավիթ Գասպարյանն էլ դժգոհեց առավոտյան ծրագրեր վարող լրագրողների ու հաղորդավարների մակարդակից ու լեզվից` նկատելով, որ նրանք կարծես իրենց խոհանոցում նստած զրույց վարելիս լինեն:

Գասպարյանը կարծում է, որ հարցը պետք է ճիշտ դնել. նախ պետք է հայոց լեզվի քննություններ հանձնեն, անընդհատ ստուգվեն ,անընդհատ ճշգրտվեն, որովհետև  դրանք ուղղորդող նշանակություն ունեն:

Բանախոսը նաև նեղսրտեց, որ մարդիկ գիրք չեն կարդում, գրական լեզվին ծանոթ չեն, ու հիշեց մեծ լեզվաբան և մայրենիի աննկուն ջատագով Ռաֆայել Իշխանյանին, ով, ըստ Գասպարյանի, ամեն առիթով այս լեզվի դատն էր պաշտպանում` համալսարանում, ուսանողի հետ, եթերում:

“Ա’յ մեզ այսօր այսպիսի մարդիկ են պետք”,- իր խոսքը եզրափակեց գրականագետը:

Վահե Մակարյան

Դիտվել է 1521 անգամ:
Print Friendly

Leave a Reply